Ժամանակավոր կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում անդրադարձ էր կատարվել նախորդ տարի էներգետիկ ոլորտում գործունեություն սկսած 6 փոքր ՀէԿ-երին՝ դրանց գործունեությունը ներկայացնելով որպես կառավարության ձեռքբերում։ Իրականում, սակայն, նշված ՀԷԿ-երը որևէ առնչություն չունեն կառավարության և վերջինիս գործունեության հետ։
«Ձեռքբերումը»
Կառավարությունն իր զեկույցում, ի թիվս այլ ձեռքբերումների, նշել էր․ «Հաշվետու տարում 6 փոքր ՀԷԿ-եր գումարային 16,5 ՄՎտ հզորությամբ սկսել են արտադրել էլեկտրաէներգիա»։ Փաստերի ստուգման հարթակը հարցում ուղարկեց կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որ ՀԷԿ-երի մասին է խոսքը․ և դրանց գործունեության լիցենզիաների տրամադրման ամսաթվերը։
Ի պատասխան մեր հարցման՝ կառավարությունից ուղարկեցին գործունեություն սկսած ՀԷԿ-երի անունները և լիցենզիայի ստացման ամսաթվերը։ Ըստ այդմ, խոսքը գնում էր «Գոռնար», «Հեր-Հեր», «Սահակյան ՓՀԷԿ-2», «Քաջարանց», «Չքնաղ» և «Ջերմուկ-1» ՀԷԿ-երի մասին։
Օրենքը
Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, էլեկտրական էներգիայի արտադրության համար լիցենզիա տրամադրող մարմին է համարվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը, ըստ օրենքի, կայացնում է որոշում իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում։ Այլ կերպ ասած՝ ՀԾԿՀ-ն որևէ կերպ կախված չէ կառավարությունից։
Սա նշանակում է, որ զեկույցում այս ՀԷԿ-երի մասին նշելը, որն օբյեկտիվորեն ընթերցողների մոտ կարծիք է ստեղծում, թե դրանց աշխատանքը կառավարության ձեռքբերումն է, որևէ կերպ արդարացված չէ։
Ըստ էության
Ուսումնասիրելով կառավարությունից մեզ ուղարկված ՀԷԿ-երի ցուցակը՝ պարզվեց, որ «Գոռնար» ՀԷԿ-ը, որը «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի սեփականությունն է, լիցենզիա ստացել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք՝ անցյալ տարվա մարտի 18-ին, 15 տարի ժամկետով, իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացել է դեռևս 2016 թվականի ապրիլին։ Ի դեպ, այս ՀԷԿ-ի մասին նախկինում «Հետք» պարբերականը բավականին ծավալուն հոդված էր հրապարակել՝ ցույց տալով ՀԷԿ-ը շահագործող ընկերության հիմնադրի կապը Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։
Մեկ այլ ՀԷԿ՝ «Հեր-Հերը», որը «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի սեփականությունն է, լիցենզիա ստացել է անցյալ տարվա մայիսի 8-ին, իսկ ջրօգտագործման թույլտվություն՝ ապրիլի 9-ին։
Ինչ վերաբերում է մյուս 4 ՀԷԿ-երին, ապա չնայած նրան, որ դրանք իրենց լիցենզիաները ստացել են նոր իշխանությունների օրոք (և ինչպես նշեցինք՝ կառավարությունից անկախ մարմնի կողմից), ջրօգտագործման թույլտվությունները ստացել էին դեռևս նախորդ իշխանությունների տարիներին։ Այսինքն՝ այս ՀԷԿ-երի գործունեությունը նախատեսված էր վաղուց, ու նոր կառավարության միակ «ձեռքբերումն» այն է, որ ՀէԿ-երի գործունեությունը պարզապես չի կասեցվել։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ կառավարությունն իր ամփոփիչ զեկույցում որպես ձեռքբերում ներկայացնում է մի ցուցանիշ, որը ձևավորվել է իր գործունեությունից անկախ և որևէ կապ չունի ներկայիս իշխանության հետ։