Կառավարությունն ապրիլի 13-ի արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը, ըստ որի՝ այն բնակիչ-բաժանորդները, որոնց փետրվար ամսվա բնական գազի սպառումը չի գերազանցել 10,000, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 5000 դրամը, կոմունալ վարձավճարների կիսով չափ փոխհատուցում կստանան պետությունից։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել Հայաստանի և հարևան Վրաստանի կառավարությունների՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված նույնաբովանդակ միջոցառումների նմանություններն ու տարբերությունները։
Ինչպես վերևում նշեցինք, Հայաստանի կառավարության որոշմամբ՝ այն բնակիչ- բաժանորդները, որոնք փետրվարին սպառել են ոչ ավել, քան 10,000 դրամի բնական գազ և/կամ 5000 դրամի էլեկտրաէներգիա՝ աջակցություն կստանան, համապատասխանաբար, բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով։ Ընդ որում՝ եթե բնակիչ բաժանորդը դեռևս չի վճարել կոմունալ վարձավճարը, ապա այդ գումարը կուղղվի պարտքի մարմանը, իսկ պարտքի բացակայության դեպքում կձևակերպվի որպես կանխավճար։
Այժմ տեսնենք, թե այս հարցին ինչպիսի լուծում է առաջարկել Վրաստանի կառավարությունը:
Կոմունալ ծառայությունների վարձավճարներին Վրաստանի կառավարությունը անդրադարձել էր դեռևս 2 շաբաթ առաջ։ Ապրիլի 1-ին Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ամբողջությամբ փոխհատուցել այն բնակիչ-բաժանորդների բնական գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները, որոնց սպառումը չի գերազանցում, համապատասխանաբար, 200 խորանարդ մետրն ու 200 կիլովատը, ինչպես նաև փոխհատուցել աղբահանության և ջրի վարձավճարները։ Կառավարության այս որոշումը վերաբերում է մարտ, ապրիլ և մայիս ամիսներին։
Երկու երկրների կառավարությունների նույնատիպ որոշումներին անդրադարձավ ու զուգահեռներ տարավ Վրաստանում գործող հայալեզու Aliq Media լրատվականը, ըստ որի՝ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի կփոխհատուցվի էլեկտրաէներգիայի համար ամսական 37 լարի (մոտ 6000 դրամ), իսկ բնական գազի համար մոտ 93 լարի (մոտ 15,000 դրամ)։
Սա նշանակում է, որ Վրաստանի իշխանությունները մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրենց բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրական էներգիայի և բնական գազի համար կփոխհատուցեն 63000 դրամի չափով գումար։
ՀՀ կառավարության այս որոշումը բուռն քննարկումների առիթ դարձավ նաև հայկական մեդիա տիրույթում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը փորձեց ցույց տալ, որ Վրաստանի կառավարության օժանդակությունն էականորեն չի տարբերվում մեր կառավարության ընդունած որոշումից։ «Վրաստանի կառավարությունը կփոխհատուցի միայն 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա սպառողների ծախսը։ Վրաստանում 101-301 կվտ/ժամ սպառողների համար 1 կվտ/ ժամ էլեկտրանէրգիան արժե 18․55 թեթրի (0,1855 լարի) կամ 27․825 դրամ։ Այսինքն, Վրաստանի կառավարությունը կփոխհատուցի միայն 5565 դրամից պակաս էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ Հայաստանի կառավարությունը մինչև 5000 դրամ ծախս կատարած բնակչության ծախսը»,- գրել էր օգտատերը։ Այս գրառմամբ իր էջում կիսվել էր, իսկ հետագայում նաև այն հեռացրել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Այս հաշվարկի տրամաբանությունը հասկանալի է, սակայն պարզ չէ, թե ինչո՞ւ է Վրաստանի կառավարության կողմից փոխհատուցվող էլեկտրաէներգիայի 5565 դրամը համեմատվում Հայաստանի կառավարության որոշմամբ սահմանված 5000 դրամի հետ, քանի որ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է դրա միայն կեսը։ Օգտատերը «մոռացել է» նաև նշել, որ Վրաստանի դեպքում 3-ամսյա օժանդակության մասին է խոսքը, Հայաստանի դեպքում՝ 1 ամսվա։ Օգտատերը «մոռացել է» նաև համեմատել բնական գազի սպառման համար երկու երկրների կառավարությունների կողմից տրամադրվող աջակցությունը։
Այժմ փորձենք հաշվել, թե ի՞նչ կստացվեր, եթե Հայաստանի կառավարությունը ևս առաջնորդվեր Վրաստանի կառավարության չափանիշներով։
Կոպիտ հաշվարկներով Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի համար կվճարեր մինչև 139*200=27,800 դրամ բնական գազի սպառման համար (որտեղ 139-ը Հայաստանում 1 մ3 գազի գինն է) և 40*200=8000 դրամ էլեկտրաէներգիայի սպառման համար (որտեղ 40-ը 1 ԿՎտ/Ժ էլ․ էներգիայի միջին գինն է)։ Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս, ընդհանուր առմամբ, կվճարեր 35,800 դրամ, իսկ երեք ամիսների համար՝ 107,400 դրամ։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ եթե Հայաստանի դեպքում կառավարությունը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդին կարող է փոխհատուցել առավելագույնը 7500 դրամ, ապա Վրաստանի կառավարությունն իր բնակիչներին փոխհատուցում է առավելագույնը 63,000 դրամ։
Այսինքն՝ Վրաստանի կառավարության կողմից տրվող օժանդակությունը գերազանցում է մեր կառավարության կողմից հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման շրջանակներում բնակիչ-բաժանորդներին տրվող օժանդակությունը մոտ 8․5 անգամ։
Սևադա Ղազարյան