Ազգային ժողովում հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը 2015 թվականին սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող միակ քաղաքական ուժն էր, և որևէ այլ ուժ իրեն չի պաշտպանել:
«Դուք գիտեք, թե ինչ կատարվեց «Բարգավաճի», Ծառուկյանի գլխին 15 թվականին։ Հիմնականը այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի: Եվ այն, ինչ կատարվեց իմ թիմի հետ, դա բոլորդ գիտեք: Դեմ էի միայն ես, ու հիմնականում քաղաքական որևէ ուժ ինձ չպաշտպանեց…։ Կալանավորվեցին 639 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ, որ ես նայելով, ասենք, ասացի, քաղաքական էջը կարող եմ ծալեմ, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողեք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել 5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը՝ հասկանալու, թե ի՞նչ է իրականում եղել, և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
Իրավիճակը սահմանադրական փոփոխությունների նախաշեմին
2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի և նախագծի մշակմամբ։
2014 թվականի սկզբին ԲՀԿ-ն Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի հետ ձևավորել էր Քառյակ դաշինքը, որը երկրում մի շարք ոլորտներում փոփոխությունների 12 պահանջ էր ներկայացրել։ Երբ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով, ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին, և այդ գործընթացը որակեցին որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:
ՀՅԴ-ն կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին և սառեցրեց իր անդամակցությունը քառյակին։ Քառյակը դարձավ եռյակ և խոստացավ թեժ աշուն՝ հանրահավաքների շարք սկսելով մարզերում, որոնք ավարտվեցին Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերին տեղի ունեցած երկու հուժկու հանրահավաքներով։
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առճակատում
2015 թ. փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանն իր նորակառույց հյուրանոցում քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողով հրավիրեց և խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին։ Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանին զգուշացրեց «անձամբ հետևել իր քաղաքական կառույցից հնչող հայտարարություններին»․ «Եթե ԲՀԿ առաջնորդը չհետևի այդ անպատասխանատու հայտարարություններին, ապա դրանցից բխող հնարավոր զարգացումների և սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:
Եռյակի գործունեության համար շրջադարձային էր 2015 թվականի փետրվարի 12-ը: Այդ օրը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտնի ելույթով՝ հայտարարելով, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:
Իր ծավալուն ելույթը Սերժ Սարգսյանն ամփոփեց անելիք չորս քայլերով՝ Ծառուկյանն ազատվում էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից, խորհրդարանում սկսվում էր Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց, հարկային մարմինները ստուգումներ են սկսում Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, ստուգվում է Ծառուկյանի առնչությունը բազմաթիվ քրեական հանցագործությունների հետ։
Ի պատասխան՝ փետրվարի 13-ին Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ կոչ արեց անդադար բողոքի ակցիաներ անցկացնել՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին հաջորդեց Ծառուկյանի հանդիպումը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որից հետո հայտարարվեց, որ ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 20-ին:
Դրանից հետո սկսվեցին ճնշումներ ԲՀԿ անդամների վրա: Ըստ մամուլի հրապարակումների՝ մոտ 25 ԲՀԿ-ական բերման ենթարկվեց:
Փետրվարի 18-ին ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: Գագիկ Ծառուկյանը նշում էր, որ Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել:
Փետրվարի 20-ին Ազատության հրապարակի հանրահավաքին մասնակցեց միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր թիմակիցների հետ, և հայտարարեց, որ ոչ իշխանական եռյակն այլևս գոյություն չունի:
ԲՀԿ-ն փոխում է դիրքորոշումը
2015-ի մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Մարտի 12-ին ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր քննարկելու համար։
Օգոստոսին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոխվել է։ Մելքումյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն չի միանա սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությանը։
Այս նախաձեռնությունը ձևավորվել էր «Ժառանգություն», ՀԱԿ և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների ներկայացուցիչների, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, «Ոտքի Հայաստան», ինչպես նաև ՀԿ անդամների և քաղաքագետների միավորմամբ։ Այս ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում ընդդեմ Սահմանադրության փոփոխության:
Սեպտեմբերին ԲՀԿ-ն հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագծին: Մյուս ուժերը շարունակեցին բողոքի ակցիաներն ընդդեմ փոփոխությունների։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին և ընդունվեց 63.37% կողմ և 32.36% դեմ ձայների հարաբերակցությամբ։
Բերման ենթարկված ԲՀԿ-ականները
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մատնանշած՝ «կալանավորված» 639 ԲՀԿ-ական ակտիվիստներին, ապա, ըստ մամուլի հրապարակումների, 2015 թվականին զանգվածային կալանավորումների դեպքեր չեն եղել: Սակայն կան տվյալներ ԲՀԿ-ական երկու տասնյակ ակտիվիստների բերման ենթարկելու մասին: Նրանք մի քանի ժամ հետո բաց էին թողնվել, այսինքին՝ կալանք չէր եղել:
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից չմտաբերեցին նման դեպք, այնուամենայնիվ՝ Fip.am-ը ոստիկանություն հարցում է ուղարկել՝ պարզելու, թե արդյո՞ք 2015 թվականին 639 ակտիվիստ է ձերբակալվել մեկ օրվա մեջ և ի՞նչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:
Այսպիսով, հիմք ընդունելով 2014-2015 թթ. տեղի ունեցած իրադարձությունները՝ կարող ենք փաստել, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխություններին դեմ էր միայն ինքը, և որևէ քաղաքական ուժ իրեն չպաշտպանեց, չի համապատասխանում իրականությանը։ Առավել ակտիվ պայքարում էին ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» և այլ ուժեր, որոնց, փաստացի, լքեց Ծառուկյանը։ Ինչ վերաբերում է կալանավորված 639 ակտիվիստին, ապա այս մասով էլ բաց աղբյուրներում որևէ տվյալ չկա։ Ոստիկանությունից պատասխան ստանալուց հետո Fip.am-ը կտեղեկացնի ստացված տվյալների մասին։
Լուսինե Ոսկանյան