Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 4-ին կայացած քառօրյա նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, անդրադառնալով խոշորացված համայնքների խնդիրներին, նշեց, որ այդ համայնքներում բավական լուրջ բողոքի միտում կա։ Պատգամավորի խոսքով՝ «այսքան տարիների ընթացքում մեծ խոստումներ են տվել, սակայն չնչին ծրագրեր են իրականացվել»։
«Թումանյան համայնքում դեռևս խոշորացումից առաջ եղել են կառավարության կողմից հստակ նշված կետեր, թե խոշորացման արդյունքում այդ համայնքներում ինչ ծրագրեր պետք է լինեն, ես գրավոր դիմել եմ կառավարություն և ստացել եմ, որ գրեթե ոչ մի ծրագիր չի իրականացվել՝ բացի մեկ-երկու չնչին ծրագրերից»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։
Ի պատասխան Եղիազարյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ հստակ գիտի, որ այդ համայնքում բավական ծրագրեր կյանքի են կոչվել։ «Թումանյան համայնքն ունի ծանր տեխնիկա՝ ճանապարհները պահպանելու համար, իսկ համայնքում վերջին բնակավայրերը՝ Մարցի հովտում, Թումանյան համայնքից հեռու են 30 կմ, և երբ ճանապարհները ձմռանը փակվել են, չեն բացվել ընդհանրապես, հիմա այդ համայնքն ինքը տեխնիկա ունի․․․ գիտեմ, որ վերջին բնակավայրերում մանկապարտեզներ են ստեղծվել, որ իրենք 30 տարի մանկապարտեզ չեն ունեցել, գիտեմ՝ կանոնավոր տրանսպորտային միջոց է աշխատում այս բնակավայրերի համար, որը էլի երբեք չի եղել, և այն։ Որ ասում եք այս բնակավայրերում փոփոխություն չկա, չեք կարող հիմնավորել»,- ասաց Կարապետյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ է արվել Թումանյան համայնքում խոշորացումից ի վեր։
Խոշորացված Թումանյան համայնք
Լոռու մարզում գտնվող Թումանյան քաղաքը հարակից վեց համայնքների հետ խոշորացվել է 2016-ին։ Խոշորացված համայնքի կենտրոնը Թումանյանն է, դրա մեջ մտել են Աթան, Ահնիձոր, Թումանյան, Լորուտ, Մարց, Շամուտ և Քարինջ համայնքները։ Խոշորացմանը կողմ է արտահայտվել 1007 մարդ կամ՝ հանրաքվեին մասնակցած անձանց 68 տոկոսը։
Միջնաժամկետ ի՞նչ ծրագրեր էր նախատեսվում անել խոշորացված Թումանյան համայնքում
2015 թ․ մայիսին տեղի ունեցած՝ համայնքների խոշորացման հանրաքվեից առաջ տեղի բնակիչներին բաժանվել էր նախատեսված առաջնահերթ ծրագրերի ցանկը՝ խոստման կարգով, որը պետք է իրականացվեր միջնաժամկետ (4 տարվա) ժամանակահատվածում։
Բացի այդ, ներկայացվել էին խոշորացված Թումանյան համայնքի հիմնահարցերի լուծմանն ուղղված առաջնահերթ ծրագրերը, դրանց արժեքը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող այն առաջնահերթ քայլերը, որոնք հնարավոր է իրականացնել միջնաժամկետ (4 տարվա) ժամանակահատվածում՝ խոշորացման արդյունքում առաջացող օգուտների հաշվին։
Ըստ այդմ էլ՝ նախատեսվում էր միավորված համայնքներում ջրամատակարարման ներքին ցանցի և ջրագծերի հիմնանորոգում, գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգում, խճա-ավազային պատում, դպրոցների վերանորոգում, գազաֆիկացում, ծառայությունների կենտրոնի կառուցում, բուժկետի կառուցում, մշակութային տան կառուցում և այլն։
Ի՞նչ է իրականացվել միջնաժամկետ (4 տարվա) ժամանակահատվածում
Թումանյանից Մարց հատվածի ասֆալտապատումը, ըստ կառավարության տրամադրած պատասխանի, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի իրականացվել, հետաձգվել են գյուղատնտեսական տեխնիկայի պարկի հիմնման աշխատանքները, ֆինանսների բացակայության պատճառով առողջապահական հիմնարկների համար դեղորայքի և սարքավորումների ձեռքբերումը ևս չի իրականացվել։ Թումանյան բնակավայրում չի կառուցվել կանգառ–շուկան, թեև մյուս բնակավայրերում կառուցվել է մեկական կահավորված ավտոկանգառ, որի համար գումար է հատկացրել Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Տարածքային զարգացման հիմնադրամը (ՏԶՀ)։
Կառավարությունից նաև նշում են, որ ընթացքի մեջ է արտադպրոցական կրթություն ստանալու համար երեխաներին համայնքի կենտրոն տեղափոխող միկրոավտոբուսների տրամադրման գործընթացը, որը կրկին ակնկալվում է իրականացնել հիմնադրամների օգնության հաշվին։ Նույն հիմնադրամից ակնկալվում է, որ համայնքին կտրամադրվի հասարակական տրանսպորտ, որից հետո կսահմանվեն համապատասխան երթուղիներ՝ բնակչությանը սպասարկող ծառայության որակը բարձրացնելու նպատակով։ Ընթացքի մեջ է լուսավորության ապահովման հարցը, որոշ բնակավայրերում նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով սկսել, մյուսներում կընդլայնվի գործող համակարգը։
Ըստ պատասխանի՝ չորս փոքր բնակավայրերի համար այլընտրանքային մանկապարտեզային ծառայություններ են ստեղծվել համայնքի (շուրջ 2,6 մլն դրամ), UNISEF և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամների (շուրջ 12,5 մլն դրամ) հաշվին։ 3 համայնքներում ստեղծվել են խաղածածկոցներ, որոնց վրա տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ։
Նշվում է նաև, որ Ամերիկայի ՄԶԳ և ՏԶՀ հիմնադրամի կողմից տրամադրված սպասարկող տեխնիկայի միջոցով կանոնավոր աղբահանություն է կատարվում բոլոր բնակավայրերում․ բացի 1 աղբատար «Կամազից», հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել ևս 1 «Կամազ» և բազմաֆունկցիոնալ տրակտոր։ «Ամքոր» բարեգործական հիմնադրամի միջոցներով Քարինջ և Մարց բնակավայրերում կառուցվել են կաթի հավաքման կետեր։
Համայնքի միջոցներով վերանորոգվել են 4 բնակավայրերի հանդիսությունների սրահները։ Պարբերաբար իրականացվում է նաև միջբնակավայրերի և բնակավայրերի ներսի բոլոր ճանապարհների խճա-ավազապատում։
Այսինքն՝ խոստումների մասով կարող ենք արձանագրել, որ ավելի ծախսատար ծրագրերը չեն իրականացվել, իսկ որոշ առաջնահերթ ծրագրեր իրականացվել են հիմնականում ոչ թե խոշորացման արդյունքում առաջացող օգուտների, այլ մեծամասամբ հիմնադրամների հաշվին։
Ի դեպ, Թումանյանի համայնքապետարանից Fip.am-ին տրամադրել են նաև Թումանյան համայնքի բնակավայրերում խոշորացումից հետո (01.03.2016 թ.-01.10.2019 թ.) իրականացված և իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ բազմաբնակարան շենքերի տանիքներ են վերանորոգվել, հանդիսությունների սրահներ և այլ տարածքներ են բարեկարգվել, մի քանի բնակավայրերում խմելու ջրի ջրամատակարարման արտաքին ցանցն է վերանորոգվել, Լորուտում խմելու ջրի ներքին ցանցն է վերանորոգվել։ Բացի այդ, այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ չկային, նախակրթարաններ են բացվել, գազամատակարարում չունեցող կրթարաններում արևային կայաններ են տեղադրվել։ Մինչ խոշորացումը ոչ մի բնակավայրում աղբահանություն չի եղել, հիմա կանոնավոր իրականացվում է։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հայտարարությունը, որ խոշորացված Թումանյան համայնքում գրեթե ոչ մի ծրագիր չի իրականացվել՝ բացի մեկ-երկու չնչին ծրագրերից, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ համայնքում իսկապես մի շարք ծրագրեր են իրականացվել։ Միաժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հայտարարությունը, թե համայնքում բավական ծրագրեր կյանքի են կոչվել, տեղին չէ, քանի որ նախատեսվածից անհամեմատ քիչ ծրագրեր են իրականացվել, ընդ որում՝ դրանք կատարվել են ոչ թե համայնքի խնայած միջոցների հաշվին, ինչպես նախապես հայտարարվում էր, այլ հիմնադրամների աջակցության հաշվին։
Նելլի Լազարյան