Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է Ս.Սարգսյանի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ հանրագումարի ընթացքում հնչեցրած ելույթը: Ելույթի մի մեծ հատված նվիրված էր ՀՀ առաջանցիկ տնտեսական զարգացումը և բարեկեցության շարունակական աճը փաստող տվյալներ ներկայացնելուն: Որպես այդպիսի ցուցանիշ՝ Սարգսյանը մատնանշեց, որ ՀՀ արտահանումը 2006թ. 985 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատությամբ 2015թ. հասել է 1 մլրդ 485 միլիոն դոլարի՝ ընդգծելով, որ այժմ ՀՆԱ աճը 72%-ով գեներացվում է արտահանելի հատվածում: Իհարկե, Սարգսյանի մեջբերած տվյալները ճշգրիտ են, սակայն դրանց տրված երանգավորումն ու մեկնաբանությունը ճշգրտման կարիք ունեն:
Առհասարակ ՀՀ արտահանումն աչքի է ընկնում խիստ կենտրոնացվածությամբ, քանզի 5 ապրանքախմբեր ապահովում են ընդհանուր արտահանման մոտ 65%-ը: Դրանցից խոշորագույնը հանքաքար, խարամ և մոխիր հոդվածն է՝ շուրջ 365 մլն դոլար ծավալով (ընդհանուր արտահանման մոտ 25%-ը): Այս հոդվածի տակ ՀՀ-ից արտահանվում են պղինձի, մոլիբդենի և ցինկի հանքաքարեր ու խտանյութեր: Դրան հակառակ՝ 2006թ. ՀՀ արտահանման ապրանքային կառուցվածքում ամենամեծ բաժինը՝ շուրջ 30%, ունեցել է բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ ապրանքախումբը՝ շուրջ 300 մլն դոլար ծավալով: Այս ապրանքախումբը իր մեջ ներառում է ադամանդագործական և ոսկերչական արտադրատեսակներ, որոնց արտադրության պրոցեսում առավել մեծ ավելացված արժեք էր ստեղծվում: Այժմ, սակայն, այս ապրանքատեսակի արտահանման ծավալը նվազել է մինչև 193 մլն դոլար:
2015թ. արտահանման ապրանքային կառուցվածում խոշոր մասնաբաժին է ունեցել նաև հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ և մոմանյութեր ապրանքախումբը (7.25% մասնաբաժնով), ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ ապրանքախումբը (11.5% մասնաբաժնով), ինչպես նաև ոգելից ու ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ ապրանքախումբը (8.5% մասնաբաժնով): Այսպիսով, ՀՀ արտահանման ապրանքային կառուցվածքում շարունակում է գերակշռել ցածր ավելացված արժեք ստեղծող և հանքահումքային բնույթ ունեցող ապրանքների մասնաբաժինը:
Բոլոր այս ճյուղերը զարգացող տնտեսություններին բնորոշ, քիչ հավելյալ արժեք ստեղծող և թույլ մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովող ոլորտներ են, ուստի և դրանց ազդեցությունը գործազրկության կրճատման կամ հասարակության բարեկեցության բարձրացման վրա չնչին է: Բավական է նշել միայն, որ 2015թ. հանքագործական արդյունաբերության ոլորտում զբաղված է եղել ընդամենը 9300 քաղաքացի ՝ 2006թ. 7600-ի համեմատությամբ: Սրան զուգահեռ՝ ակնհայտ է հանքերի էքստենսիվ շահագործման քայքայիչ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչն էլ իր հերթին վատթարացնում է հասարակ քաղաքացու առողջական վիճակը:
Այս պայմաններում անհասկանալի է մնում, թե մի քանի կազմակերպությունների կողմից տնտեսական ցածր էֆեկտ բերող սահմանափակ թվով ապրանքների արտահանման որոշակի աճը ի՞նչ էական տնտեսական օգուտներ կարող էր բերել հասարակության լայն շրջանակների համար: