Օրերս Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿ) տարածեց տեսահոլովակ, որում ներկայացված է Հայաստանի առաջին նախագահ և ՀԱԿ կուսակցության առաջնորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին գրանցված հաջողությունները:
Հոլովակում ներկայացված են Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց արդյունքում 1992 թվականին Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել հայազգի մոտ 1200 զինվորական:
Այս ամենից զատ, հոլովակում խոսվում է նաև 1992-1997 թվականներին Հայաստանի ստացած միլիարդավոր դոլարների արժողությամբ զենքի՝ այդ թվում և C-300 հակաօդային համակարգի մասին, որը սակայն չի համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի զինված ուժերը 1997 թվականի դրությամբ C-300 հակաօդային համակարգ չեն ունեցել: «Հայաստանի զինված ուժերը այդ համակարգերը ստացել են 2005 թվականից հետո, եթե չեմ սխալվում 2006-2007 թվականներին», — ասաց Հովհաննիսյանը:
Համաձայն զենքի առևտուրը վերահսկող Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինստիտուտի զեկույցի, С-300ПС համակարգերը Հայաստանին են մատակարարվել 2007-2010 թվականներին:
1993-1994 թվականներին Ռուսաստանից գնվել են «Կռուգ» համակարգերը, որոնց էֆեկտիվությունը բավականին ցածր է, իսկ հեռահարությունը 2 անգամ փոքր է Հայաստանի սպառազինությունում առկա С-300ПС համակարգերից և 4 անգամ փոքր է Ադրբեջանին 2010 թվականին մատակարարված С-300ПМУ-2 կայաններից: