Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ԼՂՀ ոստիկանապետ նշանակեց գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը։
Բակո Սահակյանը մեկ օրվա ընթացքում ազատել է պաշտոնից ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանին և այդ պաշտոնին անմիջապես նշանակել է Լևոն Մնացականյանին։
Ըստ լրատվական կայքերից մեկի հրապարակման, Լևոն Մնացականյանի՝ ոստիկանապետ նշանակումը հակասում է Արցախի՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքին, և «Բակո Սահակյանն անօրինական հրամանագիր է ստորագրել» ։
Անհրաժեշտ է, սակայն, նախ արձանագրել, թե ինչպես է կարգավորվում ոստիկանության ծառայողի՝ որևէ պաշտոնում նշանակվելը։
Ըստ ԼՂՀ վերոնշյալ օրենքի, ոստիկանության ղեկավարի նշանակման երկու մեխանիզմ կա։
Առաջին՝ սովորական ընթացակարգով։ Սա լրատվականի մեջբերած օրենքի 14-րդ հոդվածի 1-ի կետի կիրառումն է․ «Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն երեք տարի՝ գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում»:
Երկրորդ մեխանիզմը կիրառվում է ոստիկանությունում թափուր հաստիք առաջանալու դեպքում։ Այս դեպքում կիրառվում է օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը՝ «․․․ ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության, վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները»:
Ըստ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրերի, Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, այսինքն՝ երկրորդ մեխանիզմը գործել չի կարող, քանի որ չունենք թափուր մնացած պաշտոն։ Նշանակումը եղել է անմիջապես։ Ըստ այդմ՝ այստեղ գործընթացն իրականացվել է սովորական ընթացակարգով։ Հենց այստեղ էլ գործ ունենք ոչ իրավաչափ գործունեության հետ, քանի որ օրենքը սահմանում է, որ ոստիկանապետ կարող է դառնալ մինչև նշանակումը ոստիկանության բարձրագույն կամ առնվազն երեք տարի՝ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած անձը, իսկ Լևոն Մնացականյանը մինչ նշանակումը եղել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, դրանից առաջ ՝ 2015 թ․-ից, ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար։
Սրանով հանդերձ՝ Լևոն Մնացականյանը վերջին 3 տարում ոստիկանության ծառայողի որևէ պաշտոն չի զբաղեցրել, հետևաբար՝ ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը եղել է օրենքի խախտմամբ։
Ինչ վերաբերում է թափուր համարվող պաշտոնին և դա զբաղեցնելուն, որպես օրինակ բերենք Գեորգի Կուտոյանի նշանակումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Գորիկ Հակոբյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո։ Հակոբյանն այդ պաշտոնի ղեկավարումը դադարեցրել էր 2016 թվականի փետրվարի 11-ին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։ Իսկ Գեորգի Կուտոյանն այդ պաշտոնին նշանակվել է մեկ օր հետո՝ փետրվարի 12-ին։ Այսինքն՝ ԱԱԾ պետի պաշտոնը թափուր է մնացել մեկ օր։ Հետևաբար՝ Գեորգի Կուտոյանի նշանակումը, չնայած նրան, որ նա ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի համար նախատեսված աշխատանքային փորձ չուներ, իրավաչափ էր, քանի որ այստեղ առկա է եղել թափուր պաշտոն, իսկ օրենքը թափուր պաշտոնի համար այլ պայմաններ է նախատեսում։(«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենք, հոդված 19, 6․1 կետ)
Fip.am-ը կապ հաստատեց նաև ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք Լևոն Մնացականյանը ոստիկանապետի պաշտոնին նշանակվել է անմիջապես նախորդ պաշտոնը թողնելուց հետ։ Դավիթ Բաբայանը հաստատեց, որ ոստիկանապետի պաշտոնը թափուր չի մնացել, և Լևոն Մնացականյանն էլ ժամանակավոր պաշտոնակատար չէ։
Այսպիսով` Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում հակասում է ԼՂՀ օրենսդրությանը։
Կարինե Կիրակոսյան