«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը սեպտեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով։
«Հայաստանում գործող օտարերկրյա ամենախայտառակ կազմակերպություններից մեկը՝ Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ն, ավետեց հայաստանցիներին ջրի մատակարարման սահմանափակման մասին: Դա սպասելի էր, քանզի անպատժելիությունը հենց այսօրինակ իրավիճակի է հանգեցնում»,- գրել էր նա։
Այս գրառումը տարածելուց բացի, սեպտեմբերի 26-ին արդեն հայկական լրատվամիջոցները՝ tert.am, news.am, yerkirmedia.am, հraparak.am, 24news.am, armtimes.com, mamul,am, asekose.am, 1lurer.com և այլն, տարածեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունը՝ վերնագրելով, որ հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով։
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է
ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որ հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։
«Ընկերությունը հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 1 – 2021 թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում»,- պարզաբանել էր ընկերությունը։
Ըստ նրանց՝ կնքված պայմանագրի հիման վրա լիցենզիայի պահանջն է, որպեսզի օպերատորը տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին, հրապարակի գրաֆիկն առաջիկա ամիսների համար:
Այսպիսով, հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով, մանիպուլյատիվ է, քանի որ փաստացի փոփոխություն տեղի չի ունեցել։
Նելլի Լազարյան