Վերջին օրերին մամուլում տարածվում է «Ծովից ծով» Հայաստանի քարտեզը իրարանցում է առաջացրել Թուրքիայում» վերնագրով հոդվածը, որում ասվում է, որ Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում, քանի որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները:
«Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակներն որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։ Շեշտվում է, որ քարտեզը մեծ դժգոհություն է առաջացրել վիրտուալ տիրույթում՝ թուրք օգտատերերի շրջանակներում» , — ասվում է հրապարակման մեջ։
Լուրը տարածած լրատվամիջոցները հղում են արել ermenihaber.am կայքին, որը երկլեզու՝ հայերեն և թուրքերեն լեզուներով լրատվություն տարածող կայք է։
Կայքը որպես սկզբնաղբյուր նշում է թուրքական Հաբերլեր լրատվամիջոցը, որտեղ այս տեղեկությունը փնտրելիս տեսնում ենք, որ այն 2017 թվականի հոկտեմբերի 22-ին գրված նյութ է։
Փաստորեն հայաստանյան լրատվամիջոցները տարածում են մեկ տարվա վաղեմության լուր։
Թուրքական սկզբնաղբյուրի կայքում նաև ասվում է, որ և՛ միջոցառման կազմակերպիչները, և՛ գերմանական իշխանությունները տարածել են իրենց արձագանքը նկարի վերաբերյալ։
Կարինե Կիրակոսյան