Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաշտոնական և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ:
Կողմերի տարածած պաշտոնական տեղեկատվությունը շփոթեցրել է ԶԼՄ-ներին, որի արդյունքում տեղեկատվական հարթակում տարածվել է ոչ այնքան ճիշտ տեղեկություն։
Խոսքը մասնավորապես կողմերի միջև ստորագրած փաստաթղթերի արժեքների մասին է։
Ղազախական կողմի տվյալներով ստորագրվել է ավելի քան 20 պայմանագիր՝ մոտ 7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։
Ինքը` Նազարբաևը, նախագահ Թրամփի հետ հայտարարության ժամանակ խոսել է 7․5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրերի մասին։
Մի շարք կայքեր, սակայն, հղում տալով ԱՄՆ Պետական դեպարտամենտին, հաղորդում են, որ նախագահների միջև ստորագրված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 2․5 մլրդ դոլար։
Թյուրիմացությունը հավանաբար ծագել է սխալ թարգմանության արդյունքում։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի կայքում նշված է, որ Ղազախստանը պատրաստվում է 2․5 մլրդ դոլարի ապրանք և ծառայություն գնել ԱՄՆ-ից։ Իրականում այս գումարը չի արտացոլում ստորագրված բոլոր պայմանագրերի արժեքը։ ԶԼՄ-ները հավանաբար չեն նկատել կայքում հրապարակված մի շարք ներդրումային ծրագրերի մասին տեղեկությունը։
Նշենք, որ 2․5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրերի մասին գրող լրատվականները հիմնվել են ամերիկյան աղբյուրների վրա, իսկ 7 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրերի մասին գրողները՝ ղազախական։ Սակայն եղավ նաև բացառություն։ Այսպես, ԱՊՀ «МИР» հեռուստաընկերությունը ևս հայտնում է 2․5 միլիարդ դոլարի մասին, սակայն հղում է տալիս, ոչ թե ամերիկյան, այլ ղազախական պաշտոնական աղբյուրներին, որտեղ նման տեղեկություն չկա։