Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ շենքի անվտանգության ծառայությունը լրագրողներին արգելեց բարձրանալ 5-րդ հարկ, որտեղ գտնվում է նիստերի դահլիճը։
Լրատվականների կողմից միջադեպը մեկնաբանվեց որպես բռնություն՝ լրագրողների ազատ տեղաշարժի նկատմամբ։ Սակայն տարածվեցին նաև կեղծ տեղեկություններ։
Analitik.am-ը հրապարակեց՝ «Լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ կառավարության շենք. Իրավիճակ է փոխվել» վերտառությամբ նյութը, իսկ News.am-ը, անդրադառնալով այս միջադեպին, գրել է՝ «Կառավարությունը լրագրողներին արգելեց բարձրանալ նիստերի դահլիճ»՝ ընդգծելով, որ լրագրողները այսօրվանից հնարավորություն չեն ունենա մուտք գործելու նիստերի դահլիճ։
Հակառակ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պետք է նշել, որ լրագրողների մուտքը կառավարության շենք չի արգելվել։ Հավատարմագրված լրագրողները` ինչպես նախկինում, հիմա էլ կարող են ազատորեն մուտք գործել գործադիրի շենք։ Արման Եղոյանի հետ զրույցում էլ լրագրողները գտնվում էին հենց կառավարության շենքում։ Ինչ վերաբերում է լրագրողների՝ նիստերի դահլիճ այսուհետ մուտք գործելու արգելքին, պետք է ընդգծել, որ մինչ այս դեպքը ևս լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելվում էր։ Վերջիններս այնտեղ մուտք էին գործում միայն նիստից առաջ մի քանի րոպեով, իսկ բուն նիստը հեռարձակվում էր կառավարության պաշտոնական կայքից:
Օֆելյա Սիմոնյան