Հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) թերթի երկու լրագրող վիրավորվել էին Արցախի Մարտունու քաղաքապետարանի շենքում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով։ Լրագրողներից մեկի՝ Ալլան Կավալի վիճակը ծայրահեղ ծանր էր, նրան վիրահատեցին Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, այնուհետև լրագրողները տեղափոխվեցին Երևան։
Ադրբեջանի գործողությունների արդյունքում միայն հոկտեմբերի 1-ին վիրավորվել է առնվազն 7 լրագրող։
Ադրբեջանի հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն տարածեց` լրագրողների վիրավորման պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա. «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը կազմակերպում է լրագրողների այցը ռազմական գործողությունների գոտի՝ այդպիսով վտանգելով օտարերկրյա լրագրողների կյանքը և խստորեն խախտելով միջազգային մարդասիրական օրենքները»։
Ադրբեջանը հղում է կատարում Ժնևի կոնվենցիային և հայկական կողմին մեղադրում օտարերկրյա լրագրողներին քարոզչական նպատակներով օգտագործելու մեջ։
«Միջազգային լրագրողների միտումնավոր տեղակայումը վտանգավոր գոտում հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը արհամարհում է իր պարտավորությունը՝ լրագրողների անվտանգությունը ապահովելու հարցում, և արտասահմանցի լրագրողներին օգտագործում է իր սեփական քարոզչական նպատակներով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ժնևի կոնվենցիան
Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խեղաթյուրում է Ժնևի կոնվենցիայի բովանդակությունը և կարգավորումները լրագրողների՝ ռազմական գոտիներում աշխատանքի վերաբերյալ։
Ըստ Ժնևի կոնվենցիայի, որով կարգավորվում են ռազմական իրավիճակներում մարդասիրական կանոնները, լրագրողները ունեն նույն կարգավիճակը, ինչ քաղաքացիական բնակչությունը։
Չնայած Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում և Հայաստանում միտումնավոր խոցել է մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները, Վարդենիսի շրջանը։ Հրթիռակոծված և անօդաչուներով հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ քաղաքացիներ, է՛լ ավելի շատ անձինք ստացել են լուրջ վնասվածքներ։ Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտը, որտեղ բնակվում է Արցախի բնակչության առնվազն մեկ երրորդը, և Արցախի ամենախիտ բնակեցված շրջանն է։
Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներ են խոցվել, այդ թվում՝ փրկարար ծառայության շենքը, ինչի հետևանքով մոտ 10 փրկարարներ վնասվածքներ են ստացել։
Այսպիսով, հստակ է, որ Ադրբեջանը նպատակային հարվածներ է հասցնում Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ։
Ավելին՝ Ժնևի կոնվենցիան չի արգելում լրագրողների մուտքը ռազմական գոտի։ Լրագրողները և լրատվության միջոցները իրենք են որոշում ռազմական գոտիներում գործունեություն ծավալելու հարցը։ Պետական մարմինները միայն թույլտվություն են տալիս։ Այսինքն՝ Ադրբեջանի պնդումը, որ հայկական կողմը օտարերկրյա լրագրողներին «տարել է» վտանգավոր գոտի, աբսուրդային է և անհիմն։
Սրանից բացի, ըստ Ժնևի կոնվենցիայի, նույնիսկ քարոզչական նպատակով աշխատող լրագրողները չեն կարող համարվել թիրախ հակամարտող ուժերի կողմից։ Սա, իհարկե, չի վերաբերում բռնության կոչերին։ Լրագրողները դառնում եմ թիրախ, միայն երբ նրանք միանում են ռազմական գործողություններին. մի բան, որ վիրավորված լրագրողներից ոչ մեկը չի արել։
Հովհաննես Նազարեթյան