«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարել է, որ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և չի կարող նորմատիվ իրավական ակտեր կայացնել:
Իրավապաշտպանը, մասնավորապես, նշել է, որ նորմատիվ իրավական ակտեր կարող են կայացնել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները: «Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ես ներողություն կխնդրեմ և խոսքերս հետ կվերցնեմ: Չկա: Պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ: Ի՞նչ իրավունք ունի, առհասարակ, պարետը կանոններ սահմանել: … Ո՞վ է պարետը, առհասարակ, Սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի, և այդ հարցը, իհարկե, բարձրացվելու է իրավական ճանապարհով», — ասել է Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքը տարածել են Tert.am-ը, News.am-ը, Panorama.am-ը, Aysor.am-ը, 168.am-ը, Times.am-ը, ArmeniaToday-ը և այլ կայքեր:
Հատկանշական է, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ին, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան էջում հրապարակած հերթական տեսաուղերձում նույնպես անդրադարձել էր այս հարցին: Նա նշել էր, որ Հայաստանում չկա պարետի պաշտոնը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի ընկալում պարետին այն ընկալման մեջ, որն ունի Նիկոլը, որովհետև նրանք հորինել են այս պաշտոնը: Հայաստանի օրենքներով պարետը մի մարդ է, որը պետք է կոորդինացնի պարետատան աշխատանքները, և երբ գալիս են սրճարան են փակում պարետի անունից, մոտավորապես նույնն է, որ միջնադարում գալիս էին ու ասում էին, որ ֆեոդալը որոշել է, որ այս սրճարանը չպետք է աշխատի: Թե ի՞նչ օրենքով են փակում՝ դա պարզ չէ»,- նշել էր Մինասյանը։
Հունիսի 16-ին «Փաստինֆոյում» հրապարակված հարցազրույցում պարետի գործառույթների մասին հարց էր բարձրացրել նաև սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Քննարկելով պարետի վերջին որոշումը, ըստ որի՝ այսուհետ քաղաքացիների մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, Մելոյանը նշել էր, որ պարետի որոշումներն իրավական տեսանկյունից խնդրահարույց են: «Ընդհանրապես՝ պարետի որոշումները գլոբալ հարց է։ Պարետը, որպես այդպիսի մարմին, իրավական ակտերում, օրենսդրության մեջ սահմանված չէ, և նրա կողմից ընդունված իրավական ակտերի իրավականությունը բավականին քննարկելի է։ Այսինքն՝ արդյո՞ք իրավասու է ընդունել այդպիսի իրավական ակտեր, թե՞ ոչ, խոսքը գնում է նաև ընդհանրապես մինչ այժմ ընդունած որոշումների մասին»,- ասել էր Մելոյանը:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սահմանադրությունը և արտակարգ դրության մասին օրենքը՝ պարզելու, թե արդյո՞ք պարետը որոշումներ կայացնելու իրավունք ունի:
Ինչո՞ւ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն
Մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ: Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման նպատակով ձևավորվել է պարետատուն, որի ղեկավար՝ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այդ պաշտոնում հաջորդող ամիսների ընթացքում Ավինյանն ընդհանուր վարքի մասին մի շարք որոշումներ է ընդունել:
Հունիսի 12-ին կառավարությունն արտահերթ նիստում որոշում է ընդունել արտակարգ դրության ժամկետը 3-րդ անգամ 30 օրով երկարաձգելու մասին:
Ի՞նչ են ասում Սահմանադրությունը և օրենքը պարետի գործառույթների մասին
Ռուբեն Մելիքյանը պնդումը, որ Սահմանադրությունում պարետ եզրույթ չի հանդիպում, ճիշտ է: Սակայն դրանից չի բխում, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարետի պաշտոնում չի կարող որոշումներ ընդունել:
Այսպես, Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կարող են ընդունել Սահմանադրությամբ նախատեսված մարմինները:
Սահմանադրության 152-րդ հոդվածի 4-րդ մասում նշում է, որ կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, իսկ 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչապետը, փոխվարչապետը և նախարարները կառավարության անդամներ են:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ արտակարգ դրության պայմաններում վարչապետը կամ փոխվարչապետը ի պաշտոնե հանդես են գալիս որպես պարետ: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պարետն իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։ «Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- նշվում է օրենքում:
Հետևաբար, կարելի է արձանագրել, որ օրենքում իսկ սահմանվում է, որ պարետն իրավունք ունի ընդունել որոշումներ և կանոններ՝ ըստ էության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Թեև մինչև մայիս ամիսը արտակարգ դրության մասին օրենքի 8-րդ հոդվածն այլ տեսք է ունեցել (չի սահմանվել պարետի՝ կառավարության անդամ լինելու պահանջ), սակայն ի սկզբանե պարետի պաշտոնը զբաղեցրել է Տիգրան Ավինյանը, որը, որպես փոխվարչապետ և կառավարության անդամ, Սահմանադրությամբ լիազորված է նորմատիվ իրավական ակտեր ընդունել:
Այսպիսով, Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե Տիգրան Ավինյանը, որպես պարետ, լիազորված չէ նորմատիվ իրավական ակտեր ընդունել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի, պարետը՝ այս դեպքում, փաստացի, փոխվարչապետը, կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Լուսինե Ոսկանյան