Անցած առավոտյան՝ մինչև Մոսկվայում սպասվող կարևոր քաղաքական իրադարձությունների մեկնարկը, հայկական Ֆեյսբուքը քննարկում էր հայտնի հաղորդավարուհիներից մեկի գրառումը: Նա կիսվել էր մի լուսանկարով, որտեղ հայոց լեզուն ներկայացվում էր որպես աշխարհի ամենահին լեզուն՝ 45,000 տարվա պատմությամբ ու մոտ 40,000 տարվա գրավոր ժառանգությամբ: Առանց խորանալու մանրամասների մեջ՝ ասեմ, որ սա ակնհայտ հակագիտական պնդում է: Որովհետև, թեև հայերենը աշխարհի ամենահին կենդանի լեզուներից է ու իսկապես հարուստ գրավոր ժառանգություն ունի, այնուհանդերձ, ըստ գիտական տվյալների, շուրջ տասն անգամ ավելի երիտասարդ է՝ հաշվի առնելով հնդեվրոպական նախալեզվից առանձնանալու մոտավոր ժամանակը: Ինչևէ, գրառումը հարյուրավոր լայքեր ու բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էր հավաքել: Ու երբ մի քանի հոգի կասկածեցին այս տվյալի իսկությանը և հեղինակից աղբյուր պահանջեցին, նա նախ խմբագրեց գրառումը՝ հայտնելով, թե իբր դա ոչ թե պնդում է, այլ քննարկման հրավեր, ապա հեռացրեց այն:
Նույն օրվա ընթացքում էնպես ստացվեց, որ Ֆեյսբուքում հանդիպեցի New York Art Museum խմբում տեղադրված հետեւյալ գրառմանը: Դրա նկարագրությունը «փորձում է համոզել», որ վինտաժային լուսանկարում պատկերված են Լեոնարդո դա Վինչին և Մոնա Լիզան: Սա բավական զվարճալի կատակ թվաց, բայց երբ տեսա, որ հազարավոր մարդիկ են լուսանկարով կիսվել և նրանց մի մասը, հավանաբար, կատակը չի ընկալել, որոշեցի տեղայնացնեմ այն ու ֆեյսբուքյան ընկերներիս շրջանում «միջնադարյան լուսանկարով» փոքր մասնագիտական էքսպերիմենտ անեմ: Ու, իրար հետ միքսելով հայության համար «զգայուն» մի քանի միֆեր, զինվեցի ֆեյսբուքյան լայքահավաք էջերին բնորոշ բառապաշարով և այսպիսի մի գրառում արեցի.
Վենետիկի Մխիթարյան միաբանության արխիվներում հայտնաբերվել է բացառիկ լուսանկար, որում պատկերված են Լեոնարդո դա Վինչին և նրա հռչակավոր կտավ Մոնա Լիզայի բնորդուհին՝ դոննա Լիզա Ջոկոնդան: Ըստ մասնագետների նախնական եզրակացության, լուսանկարը իտալական արշավանքների ժամանակ միաբանությանն է նվիրել Նապոլեոն Բոնապարտի մտերիմ զինակից, հայազգի մարշալ Ժոաքին Մյուրատը (Մուրադ Հովակիմյան):
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը ակտիվ բանակցություններ է վարում՝ բացառիկ գտածոն օրինական տերերին՝ Հայաստան վերադարձնելու համար: Հայեր ջան, պլյուս դրեք, որ մեր բոլորիս ցանկությունը կատարվի
Նախ, որքան էլ ակներև լինի, թվենք մի քանի պատճառ, թե ինչու է սա ապատեղեկատվություն.
- Իտալական Վերածննդի հռչակավոր նկարիչ Լեոնարդո դա Վինչին (1452-1519 թթ.), թեև իր ժամանակից շատ առաջ ընկած բազմատաղանդ հանճար էր, որի ինժեներական նախագծերը կանխատեսում էին իրենից մի քանի հարյուր տարի հետո կատարված տեխնոլոգիական զարգացումը, սակայն նա ապրել է լուսանկարչության գյուտից ավելի քան 300 տարի առաջ: Հետևաբար, Լեոնարդոն և Մոնա Լիզան համատեղ լուսանկար չունեն և չէին կարող ունենալ:
- Հայտնի է, որ Նապոլեոն Բոնապարտը լավ հարաբերություններ էր ստեղծել Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանության հետ և, ի հեճուկս ժամանակի հակակրոնական թրենդի, արտոնություններ էր տրամադրել հայ կաթոլիկ Մխիթարյաններին: Հենց այստեղ է մեր խայծը՝ միջին հայ ընթերցողը, ոնց էլ չլինի, դպրոցից նման մի պատմություն հիշում է: Այս խայծը ավելի գրավիչ է դառնում մեկ այլ միֆի հետ մատուցելու դեպքում, այն է՝ Նապոլեոնի հայտնի մարշալ Մյուրատի «հայկական ծագումը»: Շատերը հանդիպած կլինեն այն կեղծ պնդմանը, թե Բոնապարտի ժամանակաշրջանի հռչակավոր զորավար, Նեապոլիտանական թագավորության թագավոր Ժոաքին Մյուրատը (Մյուրա), իբր, հայ է եղել՝ Մուրադ Հովակիմյան անունով: Սակայն Մյուրատի ծագման հարցում ամեն ինչ պարզ է. նա, ըստ 1911-ին Լոնդոնում հրատարակված կենսագրական գրքի (հեղ.՝ Էնդրյու Հիլիարդ), ծնվել է Ֆրանսիայի հարավային Օքսիտանիա երկրամասում: Նրա հայրը պանդոկապան Պյեռ Մյուրան էր, վերջինիս հայրը՝ Գիյոմ Մյուրան, իսկ Գիյոմի պապը 1634 թվականին ծնված Պյեռ Մյուրան էր: Մարշալ Մյուրատի մայրը Ժաննա Լուբյեն էր՝ Պյեռ Լուբյեի դուստրը: Ինչպես տեսնում ենք, հռչակավոր զորավարի հայ լինելու մասին որեւէ հավաստի տեղեկություն չկա, հակառակը՝ նրա բնիկ ֆրանսիացի լինելու մասին տեղեկությունները ոչ մի կասկածի տեղիք չեն տալիս:
- Մյուրատը, եթե անգամ զտարյուն հայ էլ լիներ, չէր կարող իտալական արշավանքների ժամանակ Վենետիկի մխիթարյաններին որևէ լուսանկար նվիրել, որովհետև լուսանկարչության առաջին շատ թե քիչ հաջողված փորձերը արվել են1820-ականներին, մինչդեռ իտալական արշավանքը տեղի է ունեցել 1796-1800 թվականներին, իսկ մարշալ Մյուրատը մահացել է 1815-ին:
- Գրառման մեջ մի փոքր դրվագ էլ կա, որը հուշում է նրա կեղծ կամ առնվազն տարօրինակ լինելու մասին: Դա [ապա]տեղեկատվությունն է այն մասին, որ իբր Վատիկանում ՀՀ դեսպանությունը ակտիվ աշխատանքներ է տանում՝ «լուսանկարը» Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Ինչպե՞ս կարելի է մի բան վերադարձնել այնտեղ, որտեղ այն երբեք չի եղել:
Այսպիսով, գրառումն արեցի՝ սահմանափակելով այն միայն ընկերներիս համար, որոնց թիվը, ճիշտ է, մոտենում է 5000-ին, և շատ-շատերին անձամբ չեմ ճանաչում: Հին հայկական ավանդույթով՝ 40 րոպե հետո փակեցի գրառումը, և այդ պահի դրությամբ ունեի հետևյալ պատկերը՝ գրառմանն ընդհանուր առմամբ արձագանքել է 86 հոգի, նրանցից 54-ը «հա-հա» է դրել, 18 օգտատեր բթել են, այսինքն, լայք են դրել, ևս 11-ը սրտիկել են, և 3 հոգի սեղմել է «ուա՜ու» կոճակը: Եթե հանենք ծիծաղները, կա հավանականություն, որ արձագանքողների մի խոշոր մասը լուրջ է ընդունել գրառումը: Դա կարելի է եզրահանգել նաև մեկնաբանություններից. ոմանք հարցնում էին՝ «սա լո՞ւրջ է», և երբ ի պատասխան դնում էի The New York Art Museum էջից «սկզբնաղբյուրը», ասում էին՝ «էդ հասկացանք, բայց էս Հայաստանի պահերը ճի՞շտ են»: Ուրիշները փորձում էին վիճարկել, թե Լեոնարդոյի ժամանակներում լուսանկար լինել չէր կարող՝ հղում անելով Վիքիպեդիայի «Լուսանկարչություն» հոդվածին: Բայց տպավորություն կար, որ եթե մի քիչ երկար համոզեի, կկարողանայի սասանել նրանց վստահությունը, չէ՞ որ Վիքիպեդիայի բովանդակությունը մեզ նման մարդիկ են ստեղծում: Օգտատերերից մեկը, որը, ի դեպ, ըստ Ֆեյսբուքում գրանցված տվյալների, դպրոցի ուսուցիչ է, հասցրեց գրառումը արտատպել լայքաբեր խմբերից մեկում և հեռացրեց միայն իմ խնդրանքից հետո: Իսկ հայտնի ֆրենդներիցս մեկը ակնարկեց, որ ես Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը զուգահեռ «թեմա եմ ջրում»: «Էս իիիինչ կարևոր գործի ես լծվել, Հակոբ ․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Так держать. …….. ….» — հանդիմանական տոնով գրել էր նա (ուղղագրությունն ու կետադրությունը՝ ըստ բնագրի):
Սա, հաշվի առնելով հատկապես իմ ընկերների շրջանակի առանձնահատկությունները, բավական ուշագրավ պատկեր է: Բանն այն է, որ իմ ֆեյսբուքյան ընկերների զգալի մասը լրագրողներ են կամ մեդիայի հետ այս կամ այն կերպ մասնագիտորեն առնչվող մարդիկ: Կարելի է պատկերացնել, թե ավելի «լայն զանգվածներին» հասանելի լինելու դեպքում այս գրառումը ինչ էֆեկտ կարող էր ունենալ:
Եվ ուրեմն, որտեղո՞վ է անցնում կեղծ լուրի ու աբսուրդի սահմանը, ինչպե՞ս անել, որ ակնհայտ, հայերեն ասած՝ «զռռացող» ապատեղեկատվությունը կամ հումորային բովանդակությունը մարդիկ տարբերեն իրական կամ գոնե ճշմարտանման փաստերից: Սրա համար մի քանի հանրաճանաչ սկզբունքներ ու միջոցներ կան.
Նախ՝
Ստուգել ցանկացած տեղեկատվության աղբյուրը
Սա, կարող է թվալ, թե օրվա վազվզոցի մեջ ավելորդ ժամանակ պահանջող գլխացավանք է, բայց այն նախ կենսականորեն անհրաժեշտ է, հետո՝ մի քանի բազային բանաձևերի տիրապետելու դեպքում ամենևին էլ բարդ գործ չէ:
Ինչու է անհրաժեշտ ստուգել
Ամեն աստծո օր մենք մթերային խանութներում, դեղատներում և այլուր առևտուր ենք անում և բոլոր դեպքերում պահանջում ենք տեղեկություններ մեր գնած ապրանքի վերաբերյալ. ծագման երկիր, արտադրող կազմակերպություն, պիտանելիության ժամկետներ, բաղադրություն և այլն: Որովհետև մենք գիտենք, որ եթե անորակ սննդամթերք ընդունենք, կարող ենք թունավորվել կամ թունավորել մեր խնամարկյալներին՝ երեխաներին, ծնողներին և այլն: Կամ եթե դեղամիջոցի բաղադրությունը, դեղաչափն ու այլ տվյալներ հստակ չիմանանք, կարող ենք բուժվելու փոխարեն ավելի վնասել մեր առողջությունը: Ուրեմն, ինչո՞ւ ենք կարծում, որ չպետք է ստուգենք մեր սպառած տեղեկատվության ծագումը, ժամկետները, պարզ ասած՝ որակը: Չէ՞ որ անորակ տեղեկատվությունը բառացիորեն ազդում է մեր կյանքի վրա, իսկ որոշ դեպքերում, բառացիորեն, կարող է սպանել: Իսկ համակարգված և շարունակական ապատեղեկատվությունը մեդիադաշտում կարող է նաև ազգային անվտանգության սպառնալիք դառնալ: Ասածի ապացույցները տեսել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո: Հետևաբար, ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել:
Ինչպե՞ս
Մեր բերած՝ Լեոնարդոյի «սելֆիի» օրինակը դիտարկելիս կարելի է հակաճառել. «Իսկ ինչո՞ւ պետք է միջին վիճակագրական ընթերցողն իմանա, թե երբ է ապրել Լեոնարդոն կամ երբ է ստեղծվել առաջին լուսանկարչական սարքը: Բարի եղեք, ճշմարիտ տեղեկատվություն մատուցեք»:
Այո, ոչ մեկս էլ բոլոր ոլորտներում գիտակներ չենք, բայց մեզ քիչ ծանոթ կամ անծանոթ ոլորտների մասին տեղեկատվությունը սպառելիս կարելի է դրա մասին լրացուցիչ ինֆո հավաքել ոլորտի գիտակներից, փնտրել այլընտրանքային աղբյուրներ, համադրել տարբեր տվյալները: Մանավանդ, որ մեր ժամանակաշրջանում կարելի է հանգիստ «հարցնել» Գուգլին և բառացիորեն մի քանի վայրկյանում ստանալ բոլոր հարցերի պատասխանները գոնե հանրագիտարանային մակարդակում: Ի վերջո, եթե մարդը հետաքրքրված է, ասենք, Մխիթարյանների միաբանությամբ կամ հպարտանում է հայոց փառահեղ պատմությամբ, ավելորդ չի լինի լրացուցիչ մի քանի վայրկյան ծախսել՝ ավելի ճշգրիտ տեղեկություն ունենալու համար:
Եվ հատկապես, սենսացիոն նորություններ հանդիպելիս հաշվի առեք, որ եթե գրվածը համապատասխանում է իրականությանը, ապա դրա մասին հաստատ կգրեն առաջատար լրատվամիջոցները: Մեկ-երկու կայքի լրահոսը հապճեպ աչքի անցկացնելով՝ կարելի է հավաստիանալ՝ արդյո՞ք գրվածը իրականություն է, թե ոչ:
Պարբերաբար կարդացեք փաստեր ստուգող լրատվամիջոցների հրապարակումները
Փաստեր ստուգող լրագրողները մեդիադաշտի watchdog-երն են՝ հսկիչները. նրանք ոչ միայն օգնում են հասկանալ՝ որքանով է այս կամ այն քաղաքական գործչի հայտարարությունը կամ սոցցանցային ինֆլուենսերի գրածը համապատասխանում իրականությանը, այլև ընդհանուր առմամբ բարձրացնում են ընթերցողի մեդիագրագիտության մակարդակը՝ օգնելով հասկանալ տեղեկատվության հավաստիությունը ստուգելու մեթոդաբանությունը: Հայաստանում փաստերի ստուգման թիմեր ունեն Media.amը, CivilNet-ը, Infocom-ը, «Հետքը»: Եվ իհարկե, «Փաստերի ստուգման հարթակ» — FIP.am-ը: Մեր աշխատանքի գերակշիռ մասը նվիրված է փաստերի ստուգմանը և ապատեղեկատվության դեմ պայքարին:
Այնպես որ, կարդացեք մեր նյութերը Fip.am կայքում և բաժանորդագրվեք մեզ սոցցանցերում՝ Facebook-ում, Telegram-ում Instagram-ում, Twitterում և Youtube-ում, եւ առողջ եղեք:
Հակոբ Կարապետյան