Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային մեղադրել է Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեջ։ Պատասխանելով լրագրողների հարցրերին` պաշտոնյան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից հուշագրի խախտման հնարավորությունը և հայտարարել, որ Ուկրաինան է այն խախտող կողմը։
Բուդապեշտի հուշագիրը 1994թ-ին Հունգարիայի մայրաքաղաքում ստորագրված փաստաթուղթ է, որով ամրագրվում է Ուկրաինայի ատոմային զեքնից կամավոր կերպով հրաժարվելը։ Փոխարենը հուշագիրը ստորագրած մյուս երեք երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը պարտավորվում են հարգել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և ստորագրման պահին գործող պետական սահմանները։ Հուշագիրը նաև վերահաստատում է նշված երկրների պարտավորությունը՝ «ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախության դեմ դրա կիրառումից»։ Նշված երկրները, համաձայն հուշագրի, որևէ զենք երբևէ չպետք է օգտագործեին Ուկրաինայի դեմ՝ «բացառությամբ ինքնապաշտպանության նպատակով կամ ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված ցանկացած այլ եղանակով»։
Մյուս կողմից, 2014 թվականին Ուկրաինայի մաս կազմող Ղրիմի թերակզու բռնակցումը ՌԴ-ի կողմից Ուկրաինան դիտարկում է որպես այս պարտավորությունների խախտում (և դա ակնհայտ է)։ Սակայն Լավորովը պնդում է, որ հուշագիրը խախտողը Ուկրաինան է, քանի որ այն զուգահեռաբար պարտավորվել էր «չխրախուսել հակառուսական նեոազգայնական այլատյաց միտումները», իսկ Մայդանից հետո տեղի ունեցող իրադարձություններն, ըստ նրա, այս պայմանավորվածությունների խախտում է։ Խոսելով Ղրիմի Գերագույն խորհրդում պրոռուսական «ուժային գործողությունների» մասին՝ Լավրովը հայտարարել է, որ սա ևս միջազգային իրավունքի, «այդ թվում Բուդապեշտի հուշագրի խախտում է, որտեղ Ուկրաինան պարտավորվել է չաջակցել այլատյաց տրամադրություններին»։
Սակայն 6 կետից բաղկացած հուշագրում որևէ տող չկա, որտեղ նշված է Ուկրաինայի պարտավորությունը՝ «չխրախուսել հակառուսական միտումները»։ Առհասարակ նման ձևակերպումը հարիր չէ միջազգային նշանակության նմանօրինակ որևէ փաստաթղթի, իսկ Լավրովի հայտարարությունն ապատեղեկատվություն է։
Թերակղզու բռնակցումից բացի Ուկրաինան որպես համաձայնագրի խախտում է դիտարկում նաև Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկում և Լուգանսկում անջատողական շարժմանը ռուսական աջակցությունը։ Չնայած ռուսական զինամթերքի և ռուսաստանցի զինծառայողների՝ Ուկրաինայում ներկայության մասին մամուլում առկա ապացույցների Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումն իր կողմից։