Հուլիսի 29-ին Վայոց Ձորի մարզում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին մարզի կրթության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ «օպտիմալացման արդյունքում» կրթության ոլորտում տնտեսվել է 56 մլն դրամ, ինչին ի պատասխան կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրի առաջին խնդիրը ոչ թե գումար տնտեսելն է, այլ լավագույն կրթություն ապահովելը:
«Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը», — ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց ի վեր հաճախ է հայտարարում Հայաստանում կրթության որակի բարելավման մասին, սակայն գործնական դաշտում պատկերն այլ է: Վարչապետի լավագույն կրթության ապահովման խոստումների ֆոնին, նրա այս հայտարարությունից երեք շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ըստ որի կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեցտարի պակասելու է՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի:
2018-2020 թվականներին պետական միջնաժամկետային ծրագրերի բյուջեով նախատեսվել է կրթության ոլորտում 2018 թվականին ծախսել 125,974.6 մլն, 2019 թվականին` 125,885.9 մլն և 2020 թվականին` 129,108.4 մլն դրամ: Ի դեպ, կառավարության նախորդ` 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2018 թվականին նախատեսված էր ծախսել 137,494.9 մլն, 2019 թվականին` 145,216.7 մլն դրամ:
Ընթացիկ տարում 2017 թվականի համար հաստատված բյուջեի համաձայն՝ երկրում կրթության ոլորտում նախատեսվում է ծախսել ՀՆԱ-ի 2,34%-ը: 2016 թվականին այդ թիվը 2.39% Էր:
Կարեն Կարապետյանը հաճախ է տարբեր դեպքերում հիշատակում Իսրայելը և այն դիտարկում որպես օրինակ, և եթե փորձենք այս դեպքում էլ համեմատել այդ երկրի ծախսած գումարները կրթության բնագավառում հասկանալի կդառնա, որ Կարապետյանի ասածներն ուղղակի տեսական բնույթ են կրում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` Իսրայելը կրթության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը` մոտ 3 անգամ ավել, քան պատրաստվում է ծախսել Հայաստանը: Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է կառավարությունը «լավ պետություն ունենալու» խոստումներով պատրաստվում «լավագույն կրթություն» տրամադրել իր քաղաքացիներին` տարեցտարի կրճատելով այդ ոլորտի ֆինանսավորումը: