Նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր քաղաքացիներ Պետական եկամուտների կոմիտեից հարկային պարտավորությունների մասին նամակներ են ստացել։ Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ մեկնած քաղաքացիները հայտնում են, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն։
Սոցիալական մեդիայում և մամուլում տարածվող քննարկումներին ի պատասխան ՊԵԿ-ը հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ հայտարարեց, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020 թ. փետրվարի 12-ին»։
Հենց այդ արձանագրության շնորհիվ է, որ հարկային մարմինը կարողացել է ստանալ ՀՀ քաղաքացիների՝ ԱՊՀ երկրներում ստացած եկամուտների մասին տեղեկատվությունը։
Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին քննարկումները սկսել էին դեռ 2018 թվականի նոյեմբերին։
Այդ ժամանակ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր «Ի՞նչ աղմուկ էր ՊԵԿ-ի ու «խոպանչիներին» հարկելու շուրջ. պատմում ենք ըստ հերթականության» վերնագրով նյութը, որտեղ ներկայացվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը այս թեմայով։
Անանյանը Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման շրջանակում առաջին անգամ խոսել էր արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին։ Հանրային լայն հնչեղություն ստացած քննարկմանը հետևել էր ՊԵԿ նախագահի պարզաբանումը․
«Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»:
Այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ևս հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ․ «Բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ։ Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի»։
Այսպիսով, 2018-ին նորընտիր ու հեղափոխական իշխանությունները պնդում էին, որ առանց քաղաքացու համաձայնության կամ հանրային քննարկման հարկային բեռ չի կարող ավելացվել։ 2024 թվականին, սակայն, արտագնա աշխատանքի մեկնած 1005 քաղաքացիներ, առանց պատշաճ կերպով տեղեկացված լինելու, պարտավորվել են վճարել դեռ 2020 թվականից ստացած եկամուտների համար հարկային պարտավորություններ։
Արփինե Հովհաննիսյան