Ֆեյսբուք սոցիալական ցանցում ապրիլի 24-ին տարածվել է տեղեկություն, թե ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհով տարեկան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության առաջին պայմանագիրը Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի միջև։
Գրառումը տարածել են մի քանի օգտատերեր, այդ թվում՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ստորագրման ինֆորմացիայի հղում դեռևս չկա, սակայն երեք երկրների նախարարական հանդիպման մասին հավաստի տեղեկություն կար դեռ օրեր առաջ։
Իրականում, 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության մասին տեղեկությունը հավաստի չէ: 3 երկրներից որևէ պաշտոնական ներկայացուցիչ լուրը չի հաստատել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 20-ին հայտնել էր, որ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։
«Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները»,— նշված է հաղորդագրությունում:
Դրանում որևէ տեղեկություն չկա երեք երկրների միջև ստորագրված փաստաթղթի վերաբերյալ: Փաստացի, այս պահի դրությամբ Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրման մասին տեղեկությունն անհիմն է:
Լուսինե Ոսկանյան