Օգոստոսի 6-ին Իրանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ֆոնին բազմաթիվ հայաստանցի կարծիք ձևավորողներ (opinion makers) և արևելագետներ տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մեկնաբանեցին այցի արդյունքները:
Լեռնային Ղարաբաղ
Առանձնահատուկ ոգևորություն առաջացրեցին Իրանի նախագահի խոսքերն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Այս հայտարարությունը ոմանք մեկնաբանեցին որպես հստակ ուղերձ Ադրբեջանին: Այսպես, օրինակ, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի՝ «Անվտանգության վերաբերյալ շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին հայտարարեց, որ Իրանն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու իր սահմանների մոտ ապակայունացում: Սա առաջին հերթին կարևոր մեսիջ էր ուղղված Ադրբեջանին»:
Մինչդեռ, ըստ ԻԻՀ նախագահի պաշտոնական ներկայացուցչության կայքի, Ռոհանին ասել է. «Իրանի համար շատ կարևոր է իր սահմանների կատարյալ անվտանգությունը: Հույս ունենք, որ երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերի և նախաձեռնությունների շնորհիվ մենք ականատես կլինենք խնդրի խաղաղ կարգավորմանը: Եթե երկու կողմերը խնդրի խաղաղ կարգավորման հստակ կամք դրսևորեն, հնարավոր լուծումների ուղիներ առկա են»: Նման հայտարարությունները Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին դիվանագիտական նորմա են, արվել են իրանցի քաղաքական գործիչների (ալդ թվում Ռոհանիի) կողմից բազմիցս և որևէ նոր տեղեկություն չեն պարունակում: Վստահաբար Իրանը ձգտում է ունենալ անվտանգ սահմաններ, սակայն այդ նախադասությունը որևէ կերպ Ադրբեջանին ուղղված ուղերձ համարելը սխալ է:
Իրանի ու Ադրբեջանի խնդիրները
Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանին հայամետ ներկայացնող արևելագետներից շատերը հաճախակի նշում են, որ Թեհրանը ունի մի շարք հակասություններ Բաքվի հետ: Այսպես, օրինակ, իրանագետ Ահարոն Վարդանյանը Aravot.am-ին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր, — «Գաղտնիք չէ, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ ամենատարբեր ոլորտներում»։ Այդուհանդերձ, անգամ հաշվի առնելով ԻԻՀ անհանգստությունը Իրանական Ադրբեջան նահանգի հանդեպ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ՝ 2013թ. ի վեր Թեհրանի և Բաքվի հարաբերությունները դժվար է բնութագրել որպես բացասական և բազմաթիվ խնդիրներ ունեցող: Հակառակը՝ Հասան Ռոհանիի նախագահության օրոք Բաքուն և Թեհրանը մի շարք քայլեր են ձեռնարկել նախկին տարաձայնությունները հարթելու ուղղությամբ: Այս հարցում հատկապես շահագրգռված է Ադրբեջանը, որը հստակ քայլեր է ձեռնարկում ստեղծելու Ռուսաստան-Ադրբեջան-Իրան սերտ համագործակցություն: Այս նպատակին հասնելու համար Ադրբեջանի նախագահ Ալիևն անգամ Սիրիայի հարցում Իրանին հաճելի դիրքորոշում էր ընդունել:
Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգծի կառուցումը, որի բացումը նախատեսվում է այս տարի, իսկ 2015 թթ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրի միջին տարեկան ծավալը կազմել է մոտ 500 մլն: Մինչդեռ Հայաստան-Իրան երկաթգծի ապագան, մեղմ ասած, մշուշոտ է, իսկ մեր երկրի դեպքում առևտրաշրջանառության ծավալը անցած տարիներին համարյա կրկնակի ցածր է՝ Իրան-Ադրբեջանի համեմատ: Հայաստան-Իրան առևտրի ամենամեծ ծավալը եղել է 2012-ին՝ 328 մլն. դոլար՝ դրանից հետո զգալի անկում ապրելով (անցած տարի ԻԻՀ-ՀՀ առևտրի ծավալը նվազել է 15 տոկոսով):
Ավելին՝ իրանական մամուլի կանոնավոր մոնիտորինգը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը զգալիորեն առաջընթաց է ապրել անցած տարիներին Իրանում ադրբեջանամետ լոբբինգ և քարոզչություն կատարելու հարցում: Հետևաբար՝ որոշ իրանագետների և քաղաքագետների ձգտումը ՀՀ ներքին լսարանի աչքերում Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ բացասական և Հայաստանի հանդեպ՝ դրական ներկայացնելը կասկածելի է թվում:
Եթե այս միտումները համատարած չլինեին, ապա կարելի էր մտածել, որ որոշ արևելագետներ ցանկալին իրականության հետ են խառնել, սակայն երևույթի տարածվածությունը տեղիք է տալիս կարծելու, որ կամ Հայաստանի ներսում բնավ չեն հասկանում, թե ինչպես են գործում միջազգային հարաբերությունները, կամ էլ կազմակերպված փորձ է արվում ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները ներկայացնել որպես գործող իշխանությունների արտաքին քաղաքականության հաջողության օրինակ: Սա վստահաբար տնտեսական ցուցանիշների և մի կողմից Հայաստան-Իրան, մյուս կողմից Ադրբեջան-Իրան ծրագրերի համեմատությունից բխող եզրահանգումներին հակասում է: Կա հստակ իրականություն և օբյեկտիվ փաստեր, որոնց ճիշտ ընկալումը կարևոր է հայ-իրանական ապագա հարաբերությունները խթանելու և մի օր իսկապես Իրանի համար տարածաշրջանի միանձնյա գործընկերը դառնալու համար: