«Ռադիո Ավրորայի» համացանցային կայքը Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սկսած հարձակման ֆոնին տեսանյութ է տարածել՝ գրելով, թե դրանում իրանական զինտեխնիկան է, որը առաջանում է դեպի հայ-ադրբեջանական սահման։
«Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- գրել է կայքը։
Տեսանյութը, սակայն, հին է և համացանցում տարածվել է առնվազն 2020 թվականից։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում այս տեսանյութը կրկին ակտիվ տարածվել էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով և ներկայացվել տարբեր համատեքստերում՝ Ադրբեջանին կամ Իրանի ադրբեջանական բնակչությանը «վախեցնելուց» մինչև սահմանային անվտանգության ուժեղացում հայ-ադրբեջանական պատերազմի ֆոնին։
Իրանի՝ հայ-ադրբեջանական սահման զինտեխնիկայի տեղափոխման մասին չհաստատված տեղեկություններ և տեսանյութեր տարածվում են ցանկացած լուրջ բախման ընթացքում, սակայն որևէ դեպքում պաշտոնական կամ անկախ փորձագետների կողմից հիմնավորում չեն ստանում։ Նման բովանդակությամբ հրապարակումներ տարածվել էին նաև այս տարվա օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքի երկայնքով սկսված բախումների ընթացքում։
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սկսած հարձակումից հետո պաշտոնական Թեհրանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ «հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն» անընդունելի է Իրանի համար։
Անի Ավետիսյան