Հունվարի 24-ին «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» եթերում գնդապետ, պատմաբան, հասարակագետ ներկայացվող Վոլոդյա Հովհաննիսյանը, անդրադառնալով զինծառայողների տեղակայման համար ՊՆ-ի պատվիրած իտալական մոդուլային զորանոցների մասին տեղեկությանը, պնդել է, թե Իտալիան «ռազմական մոդուլ չի արտադրում»։
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ իտալական մոդուլների մասին է խոսվում, Հովհաննիսյանն ասել է․ «Տնակներ, այսինքն ծովափին կանգնեցնելու համար․․․ ռազմական մոդուլ Իտալիան չի արտադրում։ Ռազմական մոդուլ արտադրում են միայն Ամերիկան ու Ռուսաստանը»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հովհաննիսյանի պնդումներն ու պարզել, որ դրանք կեղծ են։
Իտալիան ռազմական մոդուլային զորանոցներ արտադրում է
Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարեց, որ արդեն ամիսներ առաջ պատվիրվել են իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ որպես վերջնաժամկետ նախատեսված է 2023 թվականի տարեվերջը։ Բացի այդ, Թորոսյանը մեզ տրամադրել էր լուսանկար և տեսանյութ այդ մոդուլային զորանոցներից։
«Ինֆոքոմի» մեր գործընկերները լրատվամիջոցներին տրամադրված մոդուլային զորանոցների լուսանկարների ուսումնասիրությամբ պարզել էին, որ ՀՀ ՊՆ-ին մոդուլային զորանոցներ մատակարարող ընկերությունն իտալական Edilsder-ն է։ Այն մոդուլային շինություններ արտադրող կազմակերպություն է, որն արտադրում է նաև ռազմական մոդուլային զորանոցներ։
Փաստացի, Իտալիայում գոյություն ունի մոդուլային զորանոցներ արտադրող ընկերություն, որի արտադրանքը ՀՀ ՊՆ-ն պատվիրել է․ հետևաբար, գնդապետի պնդումը, թե «Իտալիան ռազմական մոդուլ չի արտադրում», սխալ է։
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն միակը չեն
Ինչ վերաբերում է մյուս պնդմանը, թե ռազմական մոդուլներ աշխարհում արտադրում են միայն ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ապա միայն Google որոնողական համակարգում պարզ որոնման արդյունքում հնարավոր է գտնել վերոնշյալ երկու երկրներից բացի այլ վայրերում գործող մի քանի ընկերություններ, որոնք նույնպես զբաղվում են մոդուլային շինությունների, այդ թվում նաև՝ ռազմական մոդուլների արտադրությամբ և տեղադրմամբ։
Օրինակ, թուրքական Karmod ընկերությունը նույնպես զբաղվում է ռազմական մոդուլային շինությունների արտադրությամբ և տեղադրմամբ։ Մոդուլային շինությունների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող մեկ այլ ընկերություն էլ՝ Modular system-ը, լեհական է։ Այս ընկերությունն էլ է զբաղվում ռազմական մոդուլային զորանոցների արտադրությամբ։
Այսպիսով, «5-րդ ալիքի» եթերում հնչած պնդումները, թե Իտալիան ռազմական մոդուլային զորանոցներ չի արտադրում և նման զորանոցներ արտադրում են միայն ԱՄՆ-ն և Ռուսաստանը, սխալ են։
Նարեկ Մարտիրոսյան