Իրավաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Եվրոպական ոչ մի երկրում պարտադիր պատվաստում չկա:
Մասնավորապես, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգում բոլորին անխտիր պատվաստվելու պահանջին, Վարդևանյանը նշել է. «Քիչ առաջ դիտեցի կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը»:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատվաստման թվերը շատ ցածր են, և պահանջել Առողջապահության նախարարությունից շտկել իրավիճակը: Առաջին հերթին նա պահանջել է անխտիր պատվաստում կատարել պետական համակարգում. «Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատու են դրա համար»,- նշել է նա:
«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է, թե ինչ սահմանափակումներ կան պատվաստումը խրախուսելու համար այլ երկրներում:
Այս հրապարակմամբ ուսումնասիրել ենք, թե արդյո՞ք եվրոպական որևէ երկրում պատվաստումը հարկադիր է:
Իտալիա
Իտալիայում սեպտեմբերից պատվաստումը պարտադիր է դարձել բոլոր աշխատողների համար: Իսկ հոկտեմբերի 15-ից պատվաստումը ապացուցող՝ առողջության կամ կանաչ վկայականներ ներկայացնելը պարտադիր է դառնալու:
«Այս հարկադրանքը տարածվում է մասնավոր և հանրային աշխատեղերում: Մենք սա անում ենք 2 հիմնական պատճառով. աշխատավայրերն ավելի անվտանգ դարձնելու և մեր պատվաստման արշավն ավելի ուժեղ դարձնելու համար»,- ասել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերենցան:
Բոլոր աշխատողներից պահանջվելու է ներկայացնել ապացույց, որ պատվաստվել են, վերականգնվում են COVID-19-ից կամ բացասական թեսթի արդյունք ունեն (քննարկվում է թեստի ժամկետը 48-ից դարձնել 72 ժամ):
Եթե աշխատողը չներկայացնի առողջության վկայական, նրան կարգելվի գալ աշխատանքի 5 օրով: Այդ օրերի համար նա չի վճարվի: Չպատվաստածները կարող են տուգանվել 1500 եվրոյով:
Ներկայում Իտալիայում պատվաստված է 12 տարեկանից բարձր բնակչության 75 տոկոսը:
«Պատվաստանյութը միակ զենքն է, որ ունենք կորոնավիրուսի դեմ և մենք կարող են պայքարել վարակման դեմ միայն պատվաստելով բնակչության ճնշող մեծամասնությանը»,- հայտարարել է Իտալիայի տարածքային կառավարման նախարար Մարիաստելա Ջելմինին:
Հունաստան
Հունաստանում պատվաստումը պարտադիր է առողջապահական համակարգի աշխատողների համար 2021 թ. սեպտեմբերի 1-ից: Եթե աշխատողները հրաժարվեն պատվաստվել, նրանք ժամանակավորապես կարող են հեռացվել աշխատանքից:
Պատվաստումը խթանելու համար սեպտեմբերից բոլոր չպատվաստված աշխատողների համար պարտադիր է կորոնավիրուսի բացասական թեստերի առկայությունը:
«Ցավոք, թեև երկրում համաճարակային լարվածությունը թուլանում է, սակայն չպատվաստված քաղաքացիները շարունակում են մահանալ: Ցավալի է տեսնել, որ այս մարդիկ կարող էին ապրել, բայց դավադրապաշտական տեսությունների զոհն են դարձել»,- հայտարարել է Հունաստանի զարգացման նախարար Ադոնիս Գեորգիադիսը:
Այս պահի դրությամբ պատվաստված է Հունաստանի բնակչության 57.1 տոկոսը, որը Եվրոպական միությունում ամենացածր ցուցանիշներից է:
Ֆրանսիա
Ֆրանսիայում ևս պատվաստումը պարտադիր է առողջապահական ոլորտի բոլոր աշխատողների համար: Սեպտեմբերին աշխատանքից ժամանակավորապես հեռացվել էին 3000 աշխատողներ՝ վկայականներ չներկայացնելու համար:
Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ օգոստոսից սկսած մուտքը հանրային վայրեր թույլատրվում է, միայն եթե անձը պատվաստված է, ունի վերջին 48 ժամում արված թեստի բացասական պատասխան կամ վերջին ժամանակահատվածում հիվանդացել է: Առանց այդ ամենը ապացուցող փաստաթղթի առկայության, քաղաքացիները և զբոսաշրջիկները չեն կարող այցելել թանգարաններ, կինոթատրոններ, լողավազաններ և այլ վայրեր:
Այս պահի դրությամբ պատվաստվել է Ֆրանսիայի բնակչության 71.3 տոկոսը:
Գերմանիա
Գերմանիայում հանրային փակ տարածքներ և հիվանդանոցներ այցելելու համար անհրաժեշտ է պատվաստվել կամ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված լինելու ապացույց ներկայացնել: Չպատվաստվածները ցանկացած հանրային վայր մուտք ունենալու համար պետք է վերջին 24 ժամում արված թեստ ներկայացնեն:
Բացի այդ, եթե նախկինում թեստավորումը երկրում անվճար էր, ապա հոկտեմբերի 11-ից այն կդառնա վճարովի: Թեստի արժեքն այնտեղ 35-50 եվրո է:
Հուլիսին երկրում թեժ քննարկումներ էին պատվաստումը պարտադիր դարձնելու համար:
Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայում պատվաստումը պարտադիր չի դառնա, քանի որ դա կարող է վտանգել հանրային վստահությունը:
«Կարծում եմ՝ մենք կարող ենք շահել մարդկանց վստահությունը քաջալերելով պատվաստումը, ինչպես նաև թույլ տալով, որ հնարավորինս շատ մարդիկ ուրիշներին խրախուսեն պատվաստվել՝ ելնելով իրենց իսկ փորձից: Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածում են պատվաստվել, թե՝ ոչ, ես ասում եմ. պատվաստումը պաշտպանում է ոչ միայն ձեզ, այլև ձեր հարազատներին, բոլոր նրանց, ովքեր կարևոր են ձեզ համար, ում դուք սիրում եք»,- հայտարարել է Մերկելը:
Նշենք, որ Գերմանիայում լիովին պատվաստված է բնակչության 65.3 տոկոսը:
Այսպիսով, Արամ Վարդևանյանի պնդումը, թե չկա եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը հարկադիր է, սխալ է, քանի Իտալիայում այն հարկադիր է բոլոր աշխատողների համար, իսկ Ֆրանսիայում և Հունաստանում՝ առողջապահական համակարգի աշխատողների համար:
Լուսինե Ոսկանյան
Մհեր Թարոյան