Վերջին ամիսներին ինքնասպանությունների փորձերի և դրանց կանխման մասին նորությունների համատեքստում ավելացել են քննարկումները մարդկանց՝ ինքնասպանություն գործելու, դրա դրդապատճառների և ինքնասպանության միջոցների մասին:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների վիճակագրությունը և ինքնասպանություն գործող անձանց ժողովրդագրական որոշ տվյալներ:
2020-ի ութ ամիսները
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, այս տարվա օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 491 դեպք, որից 118-ը մահվան ելքով:
Այս ընթացքում կամրջից նետվելու մի քանի դեպքերից հետո լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն անդրադառնալ թեմային՝ որոշ դեպքերում հիշելով 2015-ին քննարկված՝ կամուրջները ցանկապատելու առաջարկը: Հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ կամրջից նետվելու հետևանքով գրանցված մահվան դեպքերը ընդհանուրի 12․7 տոկոսն են: Ոստիկանության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ինքնասպանությունների շուրջ 65 տոկոսը (77 դեպք) իրականացվել է կախվելու միջոցով, 18 դեպք բարձրությունից (օրինակ՝ տանիքից), իսկ 15 դեպք կամրջից նետվելու միջոցով:
Վիճակագրություն նախորդ տարիներից
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ին գրանցվել է ինքնասպանության փորձի 613 դեպք, որից 153-ն ավարտվել է մահով: Մահացածների թվում մեծամասնություն են 35-65 տարեկան անձինք, 53 անձ՝ 65-ից բարձր տարիքի: Նախորդ տարի ինքնասպանություն է գործել մեկ անչափահաս: Ինքնասպանություն գործելու հիմնական միջոցը կրկին եղել է կախվելը՝ 58 տոկոս, բարձրությունից նետվելու միջոցով կյանքին վերջ է տվել 16 տոկոսը կամ 25 հոգի:
2018-ին գրանցված ինքնասպանության և ինքնասպանության փորձերի ընդհանուր թիվը եղել է 606։ 2018-ին՝ 2019-ի համեմատ, մոտ 17 տոկոսով ավելի է եղել մահերի թիվը՝ 179, նրանցից 7-ը՝ անչափահաս: 2017-ին գրանցվել էր ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 562 դեպք, որոնցից 157-ը մահվան ելքով։
Բոլոր երեք տարիներին ինքնասպանություն ավելի շատ գործել են տղամարդիկ: 2019-ին ինքնասպանություն գործած տղամարդկանց քանակը ավելին էր՝ մոտ 83 տոկոս: Ինքնասպանություն գործելու միջոցով նախորդ տարի մահացել է 127 տղամարդ և 29 կին:
Ըստ ՀՎԿ տվյալների՝ 2019-ին ինքնասպանություն գործած անձանց 39.2 տոկոսը կամ ավելի քան 60 անձ եղել են գործազուրկ: 2018 թվականին այդ թիվը 51 տոկոս էր:
Ինքնասպանությունների վիճակագրությունը ճիշտ հաշվարկելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օգտագործում է «ինքնասպանության ցուցանիշ» ինդեքսը, որը տվյալ երկրում ինքնասպանությունների թիվն է՝ հաշվարկված 100 հազար բնակչի հաշվով: ԱՀԿ վերջին տվյալները վերաբերում են 2016 թվականին, երբ Հայաստանում ինքնասպանության ցուցանիշը 6․6 էր: Հանրապետությունում այդ տարի արձանագրվել էր ինքնասպանության 195 և ինքնասպանության փորձի 446 դեպք:
Անի Ավետիսյան