Պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը հունիսի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ պնդելով, որ Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը:
«Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել»,- գրել էր նա։
Արտակ Զաքարյանի գրառումը հրապարակել են 168․am-ը, hraparak.am-ը, aysor.am-ը, yerkir.am-ը, mediahub.am-ը, yerevan.today-ը և այլ կայքեր։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով է ճիշտ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի պնդումը։
Ի տարբերություն ինքնասպանության փորձերի՝ ինքնասպանությունների թիվը վերջին 4 տարում աճել է
Ըստ ոստիկանության՝ FIP.am-ին տրամադրած վերջին տվյալների՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև հունիսը 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 290 դեպք, որից 92-ը՝ ինքնասպանություն, 198-ը՝ ինքնասպանության փորձ։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ հունիսի 20-ից հետո ինքնասպանության ևս 2 դեպք է արձանագրվել, որից մեկը հունիսի 26-ին, մյուսը՝ հունիսի 28-ին։ Այսինքն՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է առնվազն 94 ինքնասպանության և 198 ինքնասպանության փորձի դեպք։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի՝ 2021 թ․ հունվար-հունիս ամիսներին, արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 281 դեպք, որից 88-ը՝ ինքնասպանություն և193-ը՝ ինքնասպանության փորձ։
2020 թ․ առաջին կիսամյակում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 340 դեպք, որից 87-ը՝ ինքնասպանություն, իսկ 253-ը՝ ինքնասպանության փորձ։
2019 թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 86 ինքնասպանության և 267 ինքնասպանության փորձի, ընդհանուր՝ 353 դեպք;
2018 թ․ առաջին կիսամյակում արձանագրվել է 337 ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպք, որից 96-ը՝ ինքնասպանության և 241-ը՝ ինքնասպանության փորձի։
2017-ի առաջին կիսամյակում՝ գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 282 դեպք, որից 99-ը՝ ինքնասպանության և 183-ը՝ ինքնասպանության փորձի։
2016-ին արձանագրվել է ընդհանուր 318 դեպք, որից 98-ը՝ ինքնասպանության և 220-ը` ինքնասպանության փորձի։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ինքնասպանությունների թիվը 2022-ի առաջին կիսամյակում իսկապես աճել է, նախորդ տարվա համեմատությամբ՝ 6․8 տոկոսով։ Առանց գնահատական տալու, թե որքանով կարելի է այդ աճը կտրուկ համարել, նշենք, որ համենայնդեպս՝ Արտակ Զաքարյանի մեջբերած տվյալը՝ կիսամյակում 30 մահ, չի համապատասխանում իրականությանը։ Անցած կիսամյակում ինքնասպանության միջոցով Հայաստանում կյանքից հեռացել է 94 մարդ։