Այսօր՝ մայիսի 11-ին, Բաքվում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին հանձնելու հարցին։
Սերգեյ Լավրովի պատասխանը տարածվեց հայկական մամուլում, սակայն՝ սխալ։
Iravaban.net-ը, մասնավորապես, նյութ հրապարակեց «Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով» վերնագրով, որում ասվում է․ «Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին։ Միաժամանակ, ՌԴ նախարարը շեշտել է, որ այս հարցը և հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների»։ Iravaban.net-ի այս հրապարակումը նույնությամբ տարածեց նաև Gala.tv-ն։ Նույնաբովանդակ հոդված է հրապարակել նաև Armlur․am-ը։
Ասուլիսի ընթացքում, սակայն, Լավրովը չի արձանագրել, որ Հայաստանը հանձնելու է քարտեզները Ադրբեջանին։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՌԴ ԱԳՆ նախարարն ասել է. «Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի քարտեզներին, ապա մենք սկզբունքորեն կողմ ենք, որ բոլոր հումանիտար նշանակության հարցերը, ինչպես Բայրամովը ընդգծեց՝ չվնասազերծված ականներից մարդիկ են մահանում, լուծվեն հնարավորինս արագ և առանց նախապայմանների։ Նկատի ունենալով՝ և մահացածների մարմինների վերադարձը, և անհետ կորածների ճակատագրերի հստակեցումը, և պատերազմի «նյութական» մնացորդների հետ կապված խնդիրների կարգավորումը»։
Լավրովը նշել է, որ իր՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում այս հարցը քննարկվել է, և «իրեն թվացել է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է այս խնդիրը լուծելու անհրաժեշտությունը»։ Արտգործնախարարը նշել է, որ այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են։ «Դրանց մասին ես տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը: Հուսով ենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագանա, և ամբողջովին կլուծի այս խնդիրը»։
Բրիֆինգի ամբողջական ռուսերեն տեքստը առկա է նաև Ռուսաստանի ԱԳՆ կայքում։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Լավրովը չի հայտարարել, թե Հայաստանը հանձնելու է ականապատված տարածքների քարտեզները, այլ միայն նշել է, որ «Ռուսաստանն ակնկալում է այդ քարտեզների հանձնումը»։
Անի Ավետիսյան