Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ առցանց կլոր սեղանի ժամանակ ակնարկեց, որ Հայաստան մատակարարվող գազի գինը կարող է կախված լինել Հայաստանում ռուսական որոշ ընկերությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ դատական գործերից։
Սերգեյ Լավրովը, մասնավորապես, պատասխանելով գազի գնի վերաբերյալ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանն իր դաշնակիցների համար նախկինում մատակարարել է շուկայական գներից ավելի ցածր գներով գազ, և հիմա այդ երկրները՝ Հայաստանը և Բելառուսը, ճիշտ չեն անում, որ բարձրացնում են գազի սակագինը նվազեցնելու հարցը։ Ըստ Լավրովի՝ դաշնակցային հարաբերությունները պետք է դաշնակցային լինեն բոլոր ոլորտներում։
«Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք հույս ունենք, որ այն դատական գործերը, որոնք Հայաստանում վերջին երկու տարում սկսվել են ռուսական որոշ համատեղ ընկերությունների դեմ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիների», կկարգավորվեն առանց այնպիսի բաների, որոնք վայել չեն դաշնակցային հարաբերություններին»,- նշեց Լավրովը։
«Փաստերի ստուգման հարթակը», մի կողմ թողնելով Լավրովի կատարած ակնարկի նպատակահարմարության վերաբերյալ տեսակետները, այնուամենայնիվ, որոշեց պարզել, թե այդ ի՞նչ դատական գործեր կան «Հարավկովկասյան երկաթուղիների» նկատմամբ։
Նախապատմությունը
Նախ, թերևս, հարկ է հիշեցնել, որ 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրով Հայաստանի երկաթուղային համակարգը 30 տարով հանձնվել է Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարմանը։ Դրա դիմաց ռուսական կողմը պարտավորվել էր կատարել շուրջ 180 միլիարդ դրամի ներդրում։ Հայաստանում ստեղծվել էր «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին», որը և մինչ օրս տնօրինում և շահագործում է Հայաստանի երկաթուղային համակարգը։
Դատական գործերը
Բացի մի շարք փոքր գործերի, որոնց պատասխանող կողմը եղել է հենց «Հարավկովկասյան երկաթուղին», վերջին երկու տարում ընկերության հետ կապված հարուցվել է երկու նշանակալի քրեական գործ։ Ընդ որում, այդ գործերից մեկը՝ կապված ընկերության աշխատակիցների հետ, հարուցվել էր 2018 թվականի ապրիլի 7-ին՝ մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։
Հատկանշական է նաև, որ այդ քրեական գործը հարուցվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի հաղորդման հիման վրա։ Համաձայն դրա՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի շարժակազմի երկու աշխատակիցներ կատարել էին 10 միլիոն դրամի չափով հափշտակություններ։
Մյուս քրեական գործը, որը հարուցվել է «Հարավկովկասյան երկաթուղու» առնչությամբ, արդեն ավելի մեծ ու հնչեղ է՝ բոլորովին այլ դերակատարներով։
Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 18-ին իրավապահները բացահայտել էին, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարարը չարաշահել էր իր լիազորությունները, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրվել էին ավելի քան 400 միլիոն դրամի չկատարված աշխատանքներ։ Խոսքը գնում էր նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի մասին, որը համակարգում էր «Հարավկովկասյան երկաթուղու» հետ աշխատանքը 2008-2013 թվականներին։ Ընդ որում՝ քրեական գործի պատճառ դարձած չարաշահումները հայտնաբերվել էին 2015 թվականին կազմակերպությունում իրականացված աուդիտի արդյունքում։
Ուշագրավ է նաև, որ այս գործով դեռևս կասկածյալ ու մեղադրյալ չկա։
Այսպիսով՝ Ռուսաստանի արտգործնախարարի նշած դատական գործերը, որոնք վերաբերում են «Հարավկովկասյան երկաթուղուն», զուտ կոռուպցիոն բնույթի են։ Ավելին՝ գործերից մեկը հարուցվել է ընկերության ռուսաստանցի տնօրենի հաղորդման հիման վրա, իսկ մյուս գործով նույնիսկ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, գործի հիմնական դերակատարն էլ նախկին փոխնախարարն է։ Արժե հիշել նաև, որ փոխնախարարի մասնակցությամբ քրեական գործից հետո մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե «Հարավկովկասյան երկաթուղին» կարող է խզել իր պայմանագիրը Հայաստանի հետ։ Հայկական կողմը, սակայն, մշտապես հերքել է այդ տեղեկությունները։
Ուստի, անհասկանալի է մնում հարցը, թե ինչու՞ է Սերգեյ Լավրովը հիշատակել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված քրեական գործերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեքստում, քանի որ երկու գործերն էլ կոռուպցիոն բնույթի ներքին խնդիրներ են։
Վահե Ղուկասյան