Ռուսական «Взгляд» թերթը այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Կայքն իր լուսաբանումը իրականացնում է բավականին կողմնակալ՝ չխորշելով գնահատականներ, իսկ երբեմն նաև վիրավորանքներ հնչեցնելուց։
Մայիսի 2-ին՝ երեկոյան, թերթը ծավալուն նյութ է հրապարակել, որը վերնագրել է․ «Հայաստանցի ցուցարարները սկսել են բռնություն գործադրել մարդկանց հանդեպ»։ Ու թեև հեղինակը պատմում է, որ շարժման մասնակիցներն իրագործել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ փակել և շրջափակել շենքեր ու փողոցներ, դա վերջինիս չի խանգարում ավանդույթ դարձած «Մայդանի» հետքեր փնտրել։
Մեկ այլ նյութ, որը հրապարակվել է նույն օրը վերնագրված է այսպես․ «Փաշինյանի առաջարկած ուժային լուծումը կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության լեգիտիմությունը»։ Կայքը մասնավորապես ներկայացնում է ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի խոսքերը, որտեղ վերջինս ակնարկում է Հայաստանին սպառնացող արտաքին վտանգի մասին։ Օրեր առաջ թերթը ևս մի վիճարկելի նյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ Փաշինյանի քաղաքականությունը սպառնում է արցախյան կարգավորմանը։
Այս ԶԼՄ-ն վատաբանում է Հայաստանում ընթացող շարժումը, իսկ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին փորձում նույնիսկ վարկաբեկել։ Վերջինիս ապացույցն է վարչապետի ընտրությունների օրը հրապարակված նյութը․ «Հանուն վարչապետության Փաշինյանը հագել է կոստյում և սկսել սիրել Ռուսաստանը», որտեղ Փաշինյանը ներկայացված է որպես անսկզբունք քաղաքական գործիչ։
Հատկանշական է ռուսական մեկ այլ ՝ Gazeta.ru, կայքի անդրադարձը այսօր Երևանում տեղի ունեցած HSBC բանկի վրա հարձակմանը։ Ինչպես հայտնի է, հարձակվողը ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանն է, ում ենթադրաբար գործողությունների արդյունքում կա վիրավոր և երկու զոհ։ Gazeta.ru-ն, սակայն, այս տեղեկությունը հրապարակել է նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի լուսանկարով, այնուհետև տեղադրել է հանրահավաքի տեսանյութ։ Այդպիսով լրատվականը մանիպուլյացիայի միջոցով ոստիկանի բանկի վրա հարձակումը կապել է ընդդիմադիր շարժման հետ։