Վերջին շրջանում հանրային քննարկումներում տարբեր շահարկումների առիթ են դարձել 2011 թվականի մայիսի 5-ին Ստամբուլ քաղաքում ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Օրինակ, ըստ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի պնդման՝ Կոնվենցիան հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Որպես ասվածի հիմնավորում՝ վկայակոչվում են Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը և 14-րդ հոդվածի 1-ին մասը։
Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրություն կատարեց՝ հասկանալու, թե արդյո՞ք կան հիմքեր հակասություններ տեսնելու ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայում ներկայացված դրույթների միջև։
Գենդերային ինքնության և խտրականության մասին
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ խոսելիս Ա. Զոհրաբյանը մշտապես վկայակոչում է Կոնվենցիայի բացատրական զեկույցի 53-րդ կետը՝ նշելով, որ «…Կոնվենցիայի բացատրական զեկույցը սահմանում է «գենդերային ինքնությունը» հետևյալ կերպ. «Անձանց որոշ խմբեր կարող են նաև իրենց գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկվել, ինչը, պարզ ասած, նշանակում է, որ սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին: Սա ներառում է մարդկանց որոշակի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերները, տրանսվեստիտները և մարդկանց այլ խմբեր, որոնք չեն արձագանքում նրան, որ հասարակությունը սահմանել է որպես «տղամարդկանց» կամ «կանանց» կատեգորիային պատկանող»։ Ավելին, եթե ուշադիր կարդանք 53-րդ կետը, ապա հստակ է դառնում, որ նշված կետում ասվում է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ անձանց որոշ խմբեր որոշ ծառայություններից օգտվելիս հանդիպում են խտրական վերաբերմունքի: Կանայք դեռ խտրական վերաբերմունքի են արժանանում բռնության դեպքերի մասին հաղորդելիս, նույն կերպ խտրական վերաբերմունքի են հանդիպում ինչպես անձանց նշված խմբերը, այնպես էլ միգրանտ և փախստական կանայք, կրկնակի խտրականության են ենթարկվում այն կանայք, ովքեր ունեն որոշակի առողջական կարգավիճակ, գնչու կանայք և այլն: Այլ կերպ ասած, խոսքը Կոնվենցիայի պաշտպանական միջոցներից օգտվելիս բռնության ենթարկված անձանց տարբեր խմբերի նկատմամբ դրսևորվող խտրականության մասին է:
Հարկ է անդրադառնալ նաև Կոնվենցիայով ամրագրված «գենդեր» հասկացության մեկնաբանմանը։ Կոնվենցիայի բացատրական զեկույցի 43-րդ կետում հստակ սահմանվում է, որ «Կոնվենցիայի իմաստով՝ «գենդեր» հասկացությունը հիմնված է երկու սեռերի վրա՝ արական և իգական»։ Նույն կետը բացատրում է նաև, որ առհասարակ կան սոցիալապես ձևավորված դերեր, վարվելակերպեր, գործողություններ, որ հասարակության կողմից ընկալվում են որպես տղամարդկանց և կանանց համար ընդունելի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ դերեր և կարծրատիպեր վերարտադրում են վնասակար պրակտիկա՝ արդարացնելու կանանց նկատմամբ բռնությունը։ Այս իմաստով՝ «գենդեր» հասկացությունը նպատակ չունի փոխարինելու Կոնվենցիայով ամրագրված «կանայք» և «տղամարդիկ» տերմիններին»։
Մեջբերված հատվածից ուղղակիորեն հետևում է, որ Կոնվենցիայում օգտագործվող «գենդեր», «գենդերային ինքնություն» արտահայտությունները չեն ենթադրում այլ սեռի գոյություն և նպատակ չունեն փոխարինելու «կանայք» և «տղամարդիկ» հասկացություններին։
Անդրադառնալով Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասին՝ պետք է նշել, որ այն առհասարակ սահմանում է, որ բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները «պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից»։ ՀՀ Սահմանադրությանը ենթադրաբար հակասող հատվածը, ըստ Ա. Զոհրաբյանի, մեջբերված հոդվածում որպես խտրականության արգելքի հիմք «սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն» հասկացություններն ամրագրելն է։
Ասվածի առնչությամբ անհրաժեշտ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ առհասարակ «խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։ Սահմանադրությամբ ամրագրված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից» արտահայտությունն ինքնին բավականին լայն է և ներառում է խտրականությունից զերծ մնալու իրավունքն անկախ «սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից»։
Համանման տարբերակով՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է, որ «Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։
Ինչպես նկատում ենք, եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը, հատուկ նշում չի պարունակում խտրականության արգելքի մասին սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով, սակայն ասվածը չի ենթադրում, որ խտրականության այդ տարբերակն ընդունելի է համարվում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում (օրինակ՝ Identoba and Others v. Georgia, M.C. and A.C. v. Romania և այլն) հաստատված է համարել խտրականության դրսևորումը գենդերային ինքնության և/կամ սեռական կողմնորոշման հիմքով և ամրագրել է եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում։
Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշման մասին
Անդրադառնանք նույն հարցի վերաբերյալ Ա. Զոհրաբյանի հաջորդ հակափաստարկին՝ Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշմանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ է նկատել, որ թեպետ Բուլղարիայի սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 27-ի №13 որոշմամբ եզրակացրեց, որ Կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը, այնուամենայնիվ, բազմիցս նշվել է այդ որոշման հիմքում առկա քաղաքական ենթատեքստի մասին։ Դրա մասին են նշել նաև այդ նույն դատարանի 4 դատավորներ, այդ թվում՝ Ռումեն Նենկովը, Ֆիլիպ Դիմիտրովը, Կոնստանտին Պենչևը և Գեորգի Անջելովը, որոնք, չհամաձայնելով դատարանի 8 դատավորների արտահայտած դիրքորոշմանը, հատուկ կարծիք են ներկայացրել։ Դիմիտրովը քննադատել է դատարանին վիճահարույց «գենդերային գաղափարախոսություն» օգտագործելու համար, իսկ Նենկովն ու Անգելովը, իրենց հերթին, որոշումն անվանել են «նվեր քաղաքական գործիչներին»:
Հատուկ կարծիք ներկայացրած դատավորներից Պենչևը նշել է նաև, որ Բուլղարիայի «Կանանց և տղամարդկանց միջև հավասարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով են անգամ ամրագրվել «գենդերային կարծրատիպերը»՝ որպես երկրի իրավահավասարության քաղաքականության կենտրոնական սկզբունք, մինչդեռ այդ քաղաքականության Լրացուցիչ դրույթների 1-ին բաժնում նշվում է, որ կանայք և տղամարդիկ ազատ են զարգացնելու իրենց ունակությունները և կատարելու ընտրություններ՝ առանց իրենց սեռային և սոցիալական դերային սահմանափակումների։
Այլ կերպ ասած՝ բուլղարական օրենսդրությամբ ամրագրված կանանց և տղամարդկանց սոցիալական դերի հայեցակարգն առավել ճկուն է և ընդգրկուն։
Ավանդույթները, սովորույթները վերացնելու պարտադրանքի մասին
Անհերքելի է, որ կանանց նկատմամբ բռնությունը գենդերային հիմք ունի, երբ կինն ընտանիքում, ինչպես նաև այլ ոլորտներում, ենթարկվում է բռնության հենց իր կին լինելու հիմքով, և այս պարագայում անընդունելի է ցանկացած շահարկում, որն ուղղված է հարցի նման բովանդակային մեկնաբանությանը։
Հատկանշական է, որ Ա. Զոհրաբյանի պնդմամբ՝ «Կոնվենցիայի 12-րդ հոդվածը ավանդույթներ, սովորույթներ վերացնելու պարտադրանք է պարունակում. մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։
Նշվածի առնչությամբ հարկ է նկատել, որ Ա. Զոհրաբյանը Կոնվենցիայի հոդվածը ներկայացնում է ոչ ամբողջությամբ՝ այդկերպ խեղաթյուրելով նշված հոդվածի բուն էությունը։ 12-րդ հոդվածի 1-ին մասում հստակ ամրագրված է, որ պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն արմատախիլ անելու միայն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։
Կոնվենցիան չի պարունակում դրույթ, որով պարտադրում է պետություններին անտեսել իրենց ներմշակութային առանձնահատկությունները կամ ոչ նյութական մշակութային արժեքներն ու ժառանգությունը։ Անհրաժեշտ է գիտակցել, որ այս հոդվածի տրամաբանությունն ամբողջությամբ ուղղված է բացառապես այն երևույթների վերացմանը, որոնք հիմք են հանդիսանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության ձևավորման համար։
Կոնվենցիայի բացատրական զեկույցի 43-րդ կետը, անդրադառնալով այդ հոդվածին, նշում է, որ հոդվածով Կոնվենցիան կոչ է անում պետություններին նկատել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գենդերային ընկալումը՝ որպես հիմք բռնության ենթարկված բոլոր անձանց պաշտպանության և աջակցության համար: Սա նշանակում է, որ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության ձևերը պետք է լուծվեն երևույթի բարդության պատշաճ արձագանքման համատեքստում՝ կանանց և տղամարդկանց գերակշռող անհավասարության, առկա կարծրատիպերի, գենդերային դերերի և կանանց նկատմամբ խտրականության ընկալման համատեքստում։
Հետևաբար, սա նշանակում է, որ կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա ձևավորված երևույթները, և այդ թվում՝ նախապաշարմունքները, սովորույթներն ու ավանդույթները, պետք է արմատախիլ անել և դրանց գոյությամբ չարդարացնել ընտանեկան բռնությունն ու կանանց նկատմամբ բռնությունը, ինչն առանց բռնության առողջ հասարակության ձևավորման համար կարևորագույն հիմնաքար է։
Ավելին, դեռևս 1993 թվականին ՀՀ-ի կողմից վավերացրած «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված է, որ «մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցառումները՝ փոխելու տղամարդկանց ու կանանց վարքագծի սոցիալական և մշակութային մոդելները՝ նախապաշարմունքների ու սովորույթների և բոլոր այլ պրակտիկաների վերացմանը հասնելու նպատակով, որոնք հիմնված են այս կամ այն սեռի ստորադասության կամ առավելության, կամ տղամարդկանց ու կանանց ստերեոտիպային դերի գաղափարի վրա»:
Պրոպագանդա կատարելու պարտականության և «երրորդ սեռի» մասին
Կոնվենցիայի հերթական խեղաթյուրված հոդվածի բովանդակությունը, ըստ Ա. Զոհրաբյանի, պետությունների համար «պրոպագանդա կատարելու պարտականություն է նախատեսում»։
Գոյություն չունեցող այս պարտականությունը վերագրվում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի և վեճերն առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում, և հարմարեցված լինեն ուսումնառողների զարգացող ընդունակություններին։
Նշված հոդվածը, ըստ Ա. Զոհրաբյանի, ենթադրում է այսպես կոչված «երրորդ սեռի» վերաբերյալ կրթական մոդուլի ներդրում։
Առհասարակ հարկ է նկատել, որ Կոնվենցիայի որևէ հոդվածում, որևէ բացատրական զեկույցում չի օգտագործում «երրորդ սեռ» արտահայտությունը։ Այդ հարցին անդրադարձել է նաև Կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի գործադիր քարտուղարը՝ նշելով, որ Կոնվենցիայում չկա «երրորդ սեռ» հասկացություն։ Ավելին, եթե նույնիսկ «երրորդ սեռ» ասելով՝ որոշ անձինք նկատի ունեն, որ Կոնվենցիան ուղղված է իրենց տղամարդու կամ կնոջ հետ չնույնականացնող կամ տրանսգենդեր կամ ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությանը, ապա անգամ այս պարագայում պետք է միանշանակ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը դուրս են Կոնվենցիայի կարգավորման տիրույթից։
Անդրադառնալով նշված հոդվածի բովանդակությանն ու կարևորությանը՝ Եվրոպայի խորհրդի գործադիր քարտուղարը նշում է, որ կրթության ոլորտում առկա գենդերային կարծրատիպերը հաճախ ձևավորում են կանանց ստորադասվածության ընկալում և առավել խոցելի են դարձնում կանանց բռնության նկատմամբ։
Բացատրական զեկույցի այս հոդվածը մեկնաբանող կետում նշվում է, որ պետություններն իրենք են որոշում, թե ինչ ուսումնական նյութեր պետք է դասավանդվեն և կրթության որ մակարդակներում։ Այլ կերպ ասած՝ չկա պարտադրվող նյութի տեսակ, և կարևորվում է պարզապես, որ հասարակությունը կրթությամբ ստանա պատշաճ տեղեկություն այն մասին, որ ընտանիքում, հասարակությունում, քաղաքականության մեջ կնոջ ու տղամարդու դերերը միմյանց ստորադասված չեն, այլ դրանք հավասար են:
Այսինքն՝ Կոնվենցիան չի կանխորոշում ուսումնական նյութերի բովանդակությունը և ոչ էլ այն, թե որ մակարդակում ինչ պետք է ուսուցանվի, այլ պարզապես պահանջում է, որ վերը թվարկված հարցերը հաշվի առնվեն և, ըստ նպատակահարմարության, կրթական նյութերում ներառվեն։ Ավելին, նույն կետում նաև նշվում է, որ որոշ երկրներ ներառում են նման նյութերը ուսումնական ծրագրերում, իսկ որոշներն էլ այդ հարցը թողնում են դպրոցի հայեցողությանը։
Ուստի, այստեղ նույնպես որևէ «վախենալու նորույթ» չկա։ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը գենդերային խտրականություն է համարում կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Այսինքն՝ մեր գործող օրենսդրությունն այդ ամենը տարիներ առաջ սահմանել է, և սեռական կողմնորոշման որևէ քարոզի մասին խոսք լինել չի կարող։
Խոսելով կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, ինչպես նաև կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերի մասին՝ պետք է նախ և առաջ գիտակցել, որ առողջ հասարակության ձևավորման համար առաջնահերթություն է ունենալ այնպիսի կրթական համակարգ, որը հիմնված կլինի իրավահավասարության վրա և ուղղված կլինի փոխադարձ հարգանքի և վեճերն առանց բռնության լուծելու գիտակցության ձևավորման վրա։
Նույնասեռ անձանց կողմից երեխաների որդեգրման մասին
Ա. Զոհրաբյանը համակարծիք է այն պնդմանը, որ Կոնվենցիայի վավերացմամբ նույնասեռ անձանց կողմից երեխաների որդեգրումը «լինելու է տեխնիկական հարց» (խմբ. դիտե՛ք 5։40-5։50 հատվածը), և որ Կոնվենցիան նպատակ ունի «անսահմանափակ լիազորություններ տալ ԼԳԲՏ համայնքին» (խմբ. դիտե՛ք 08:30-08։50 հատվածը)։ Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ընդգծել, որ Կոնվենցիան չի սահմանում «ընտանիք» հասկացությունը, չի կարգավորում ընտանեկան կյանքն ու չի տալիս ընտանիքի կառուցվածի վերաբերյալ որևէ մոտեցում։ Ավելին, Կոնվենցիան նաև որևէ կերպ չի անդրադառնում ԼԳԲՏ անձանց համար իրավունքներ և/կամ լիազորություններ սահմանելու հարցին և որևէ կերպ չի քննարկում նույնասեռ անձանց կողմից երեխաների որդեգրման հարցը։ Այն պարզապես ներկայացնում է, որ ինչպես հաշմանդամություն ունեցող կանայք, ազգային փոքրամասնություններին պատկանող կանայք, ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով ապրող կանայք, այնպես էլ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կարող են ենթարկվել խտրականության Կոնվենցիայով նախատեսված աջակցության ծառայությունները ստանալիս և պաշտպանական մեխանիզմներից օգտվելիս։
Ուշագրավ է, որ Արա Զոհրաբյանի արտահայտած տեսակետները հիմնականում համընկնում են նաև «Ո՛չ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» կայքում արտահայտած տեսակետներին, որոնք մանիպուլյատիվ կերպով հանրության շրջանում տարածելու միտում է նկատվում։ Համանման շահարկումներ են առկա նաև Կոնվենցիայի վերաբերյալ ՀՀԿ-ական նախկին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքում։
Ստելլա Չանդիրյան