Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին կառավարության շենքում հանդիպել էր Ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։
Հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էռնեկյանը հայտնել է, թե ի սկզբանե սատարում էր Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»,— ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սոցցանցերում և լրատվամիջոցներում քննարկում ծավալվեց, որ Էռնեկյանի խոսքը սխալ է թարգմանվել։
Նշենք, որ հաղորդագրությանը կից ներկայացվել էր նաև հանդիպման տեսանյութը, որում ներկայացվում է Էռնեկյանի խոսքը։ Վերջինս խոսում է իսպաներեն, և թարգմանիչը թարգմանում է խոսքը։
Սակայն թարգմանիչը սխալ է ներկայացնում Էռնեկյանի խոսքը՝ աղավաղելով այն։
Իր խոսքում Էռնեկյանը հայտնում է, որ անհամբերությամբ էր սպասում վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը, որպեսզի շնորհավորեր վերջինիս՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Էռնեկյանը նշում է. «Սա նշանակալի իրադարձություն է պատմական համատեքստում, և ես սատարում եմ ընդունված որոշումը: Եվ ինչպես Դուք նշեցիք՝ մենք Հայաստանում տարբեր ոլորտների կարևոր ներդրող ենք և հակված ենք շարունակել ինտենսիվ ներդրումներ իրականացնել Հայաստանում»։
Ինչպես տեսնում ենք, Էռնեկյանը չի ասել, որ ի սկզբանե աջակցում էր Փաշինյանի հաղթանակը։
Փաստորեն, կառավարությունը սղագրել էր թարգմանիչի թարգմանությունը և զետեղել հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ սա թարգմանչի կողմից Էռնեկյանի խոսքի ոչ ամբողջական և թերի թարգմանելու միակ դրվագը չէր։
Վարչապետի աշխատակազմից «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրին, որ թարգմանչական ծառայությունների իրականացումն ապահովել էր Արտաքին գործերի նախարարությունը։
Այսպիսով, փաստենք, որ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ թարգմանչուհին աղավաղել է Էդուարդո էռնեկյանի խոսքը, իսկ վարչապետի պաշտոնական կայքն այն նույնությամբ տեղադրել է՝ առանց ուղղելու, իսկ հանդիպումից 2 օր անց աղավաղված թարգմանությունը դեռևս պահպանվում է կայքում։
Սևադա Ղազարյան