Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել գովազդային հոլովակներ, որտեղ հայտնի անձինք «հայտարարում են» ներդրումային նոր պլատֆորմի մասին և հրավիրում նվազագույն ներդրումներով մեծ գումարներ աշխատելու։
Այս տիպի գովազդների մասին բազմիցս գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և զգուշացրել, որ դրանք խաբեություն են, որոնց միակ նպատակը բանկային քարտի տվյալների յուրացումն ու գումարի շորթումն է։
Սակայն վերջերս հայտնվել է մեկ այլ տեսակի զեղծարարություն։ Այս անգամ արդեն կրկին հայտնի մարդիկ «հայտարարում են», որ ստեղծել են իրավաբանների խումբ, որոնք անվճար իրավաբանական օգնություն են մատուցում զեղծարարության զոհերին, ունեն մի քանի տարվա փորձ, և խոստանում աներևակայելի արդյունքներ։
Քանի որ այս գովազդները ևս խիստ կասկածելի էին, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և որքանով են դրանք իրական։
Էջերը, որոնք ուսումնասիրել ենք, ստեղծվել կամ անվանափոխվել են 2023-ի մայիսին, ունեն տասնյակ ադմիններ, որոնց մեծ մասը տեղակայված են Ուկրաինայում, մյուսները՝ ԱՄՆ-ում։ Որոշ էջերի դեպքում ադմինները լինում են նաև Վիետնամից։
Էջերն ուսումնասիրելուց կարելի է տպավորություն ստանալ, թե ոչ մի հրապարակում չի եղել և չկա, բացի գլխավոր լուսանկարի ու հետնանկարի փոփոխությունից։ Սակայն ուսումնասիրելով գովազդային բաժինները՝ տեսնում ենք, որ այս մի քանի ամիսների ընթացքում էջերը տեղադրել են մի քանի հազար գովազդներ։ Բոլոր գովազդները նույն բովանդակությունն ունեն․ մեր իրավաբանները կօգնեն ձեզ վերադարձնել խաբեությամբ հափշտակված գումարները։
Գովազդների թիրախային լսարանները տարբեր են՝ Հայաստան, Ադրբեջան, Շվեդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Ռումինիա և այլն։
Հայտնի չէ, թե որքան գումար է ծախսվել այս ամենի համար, սակայն ակնհայտ է, որ տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվում օգտատերերին համոզելու, որ դիմեն իրենց «օգնությանը»։
Մենք ևս դիմեցինք
Դիմելու համար անհրաժեշտ էր ընդամենը լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Հաջորդ օրը կեսօրին տարբեր հեռախոսահամարներից միանգամից սկսեցին զանգահարել։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ տեղ աշխատանքային օրը նոր էր սկսվել, և նախորդ օրվա երեկոյան լրացված հայտերն էին «սպասարկում»։ Եվ քանի որ բոլոր զանգերը +44 կամ +31 միջազգային հեռախոսային կոդերով էին, ակնհայտ էր դառնում, որ «իրավաբանների թիմը» տեղակայված էր Մեծ Բրիտանիայում կամ Նիդերլանդներում (+44 և +31 հեռախոսային կոդ, 3 ժամային գոտու տարբերություն)։
Առաջին զանգահարողը ներկայացավ որպես Վյաչեսլավ և մի քանի հերթապահ հարցերից հետո (ինչքան գումար եմ կորցրել, ինչպես եմ կորցրել, ում եմ դիմել և այլն) ասաց, որ քիչ անց ինձ հետ կկապվի իրավաբանը՝ կորսված գումարի վերադարձն ավելի մանրամասն քննարկելու համար։ Այնուհետև մեզ զանգահարեց մեկ այլ անձ, ներկայացավ որպես իրավաբան Անդրեյ և նույն հարցերը տալուց հետո առաջարկեց խոսակցությունը շարունակել Whatsapp-ով։
Հաջորդ րոպեին արդեն Whatsapp հավելվածով մեզ գրեց Անդրեյը, ու մինչ Անդրեյին կպատասխանեինք, մեկ այլ հեռախոսահամարից կրկին գրեց ինչ-որ մեկը և կրկին ներկայացավ որպես Անդրեյ։ Հարցին, թե ինչո՞ւ է երկու տարբեր համարներից գրում՝ պատասխանեց, որ առաջին հեռախոսի մարտկոցը նստել է, ստիպված է մյուս համարով գրել։
Անդրեյից պահանջեցինք ներկայացնել կազմակերպության և իր վերաբերյալ մի քանի տվյալներ, որպեսզի համոզվենք, որ մեզ «կրկին չեն խաբի»։
Ի պատասխան, Անդրեյն ուղարկեց ռուսական պետռեգիստրում գրանցված «МОЙ ИСТОЧНИК ПРАВА» ՍՊԸ-ի վերաբերյալ քաղվածքը, ռուսական ֆոնդային բորսայի մասնակիցների ազգային ասոցիացիայի՝ НАУФОР-ի կողմից տրված որակավորման ատեստատը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կողմից տրված դիպլոմը, անձնագրի լուսանկարը, ինչպես նաև մի քանի կայքէջեր։
Հատկանշական է, որ այս ընթացքում Անդրեյը մեզ զգուշացրեց, որ այլ մասնագետի հետ չկապվենք և որ միայն ինքը պետք է մեզ «օգնի»։ Սակայն այս մասին՝ մի փոքր ուշ։
Փաստաթղթերը կեղծ են
Ինչպես և սպասելի էր, Անդրեյի ուղարկած փաստաթղթերը կեղծ էին։
Նախ՝ սկսենք «МОЙ ИСТОЧНИК ПРАВА» ՍՊԸ-ի քաղվածքից։ Սա կարողացանք ունենալ նաև մենք։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը իմանալ ընկերության պետական գրանցման համարը՝ ОГРН-ն (Հայաստանում դրա համարժեքը հարկ վճարողի հերթական համարն է՝ ՀՎՀՀ-ն)։ Ռուսական պետռեգիստրում ՀՎՀՀ-ի որոնմամբ քաղվածքը ներբեռնելիս համակարգը ավտոմատ ֆիքսում է այն ամսաթիվը, երբ կատարվել է հարցումը և ներբեռնումը։ Այստեղից պարզ է դառնում, որ մեզ ուղարկված քաղվածքը ներբեռնվել է 2023 թվականի մարտի 20-ին։ Այսինքն, այս քաղվածքի առկայությունը որևէ կերպ չի ապացուցում մեր զրուցակցի իրական լինելը կամ այս կազմակերպության հետ կապ ունենալը։
НАУФОР-ի կողմից տրված որակավորման ատեստատը ևս կեղծ էր։ Նախ՝ զանգեցինք Ռուսական ֆոնդային բորսայի մասնակիցների ազգային ասոցիացիա, որտեղից հայտնեցին, որ իրենք նման անունով որակավորված մասնակից չունեն։
Բացի դրանից, մեզ ուղարկված ատեստատում Անդրեյի ծննդյան ամսաթիվը նշված է 03․07․1997թ․, մինչդեռ անձնագրում նույն Անդրեյը ծնվել է դրանից 10 տարի առաջ՝ 20․10․1987թ․։
Իսկ Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից տրված դիպլոմի վրա գրված անունն ակնհայտ ֆոտոմոնտաժի արդյունք էր, ընդ որում՝ դիպլոմի և ատեստատի վրա Անդրեյի անունը հարմարեցնելիս օգտագործել էին նույն տառատեսակն ու տառաչափը, կեղծելիս հաշվի չէին առել, որ իրական դիպլոմի վրա անունը գրվում է ավելի մեծ ու հաստ տառատեսակով ու տառաչափով։ Ակնհայտ նկատելի էր նաև հանձնաժողովի որոշման ամսաթվի և մյուս տեքստերի միջև տարբերությունը։
Ինչպես և սպասելի էր, անձնագիրը ևս կեղծ էր։ Մեզ ուղարկված լուսանկարում անձնագրի անվան ու ազգանունի տառատեսակները տարբերվում էին իրական ռուսական անձնագրում օգտագործվող տառատեսակից, ինչպես նաև բացակայում էր անձնագրի MRZ կոդը (Machine-Readable Zone՝ լուսանկարի ներքևի հատվածի սիմվոլների շարքը, որը նախատեսված է անձնագիր ընթերցող սարքերի համար)։ Կից կարող եք տեսնել համացանցից ներբեռնված ռուսական անձնագրի և Անդրեյի անձնագրի համեմատությունը։
Ինչ վերաբերվում է Անդրեյի կողմից մեզ ուղարկված ինտերնետային կայքէջերին, ապա դրանք ևս բավական խնդրահարույց էին։
Ուղարկած կայքէջերից մեկը մեզ տանում էր վերևում հիշատակված «МОЙ ИСТОЧНИК ПРАВА» ՍՊԸ-ի պաշտոնական էջ։ Այստեղ աշխատակցի հետ զրույցում պարզեցինք, որ վերջիններս նման աշխատակից չունեն, աշխատակիցների ցանկը ներկայացված է կայքում, իսկ մեզ ներկայացած անձը խաբեբա է։
Կից ընկերության կայքէջում աշխատակցի հետ զրույցի սքրինշոթը։
Անդրեյի ուղարկած մյուս կայք՝ smartlawyercompany.com այցելելիս առաջին իսկ բացվող պատուհանում առաջարկվում է անմիջապես լրացնել կոնտակտային տվյալները՝ կապ հաստատելու համար։ Իսկ էջի ամենաներքևում «մեր մասնագետների թիմը» խորագրով ներկայացված են մի քանի անձինք՝ լուսանկարներով և անուններով։
Իրականում, սակայն, այս անձինք բոլորովին այլ մարդիկ են։
Օրինակ՝ էջում Դավիթ Կոյֆման անունով անձն իրականում թուրք փաստաբան Հական Յունջյուօղլուն է, իսկ մյուսները՝ փաստաբանի թիմի անդամները, որոնք գործունեություն են ծավալում հենց Թուրքիայում։ Վերջինս ունի նաև ռուսալեզու կայք և յութուբյան ալիք, որտեղ մասնավոր իրավաբանական ծառայություններ է մատուցում Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիներին։
Այսպիսով փաստենք, որ Անդրեյ անունով ներկայացած իբրև թե իրավաբանն իրականում հորինված կերպար էր, խաբեբա։
Հաջորդ «իրավաբանը»
Ինչպես վերևում նշեցինք, Անդրեյը մեզ զգուշացրեց, որ այլ անձանց հետ չկապվենք և որ միայն ինքն է մեզ սպասարկելու, սակայն Անդրեյի զանգից անմիջապես հետո մեզ զանգահարեց մեկ այլ անձ։ Այս անգամ զանգողը ներկայացավ Մարիա Կալինինա անունով և հայտնեց, որ քիչ առաջ մեզ հետ զրուցող Վյաչեսլավն իր օգնականն է և զգուշացրել էր իր զանգի մասին։ Մարիան ներկայացավ որպես Prime Law իրավաբանական ընկերության իրավաբան և կրկին տվեց նույն հարցերը, ինչ Վյաչեսլավն ու Անդրեյը։ Սակայն ի տարբերություն Անդրեյի՝ Մարիան նախընտրեց զրույցը շարունակել Տելեգրամ հավելվածով։
Մարիայից ևս պահանջեցինք ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իրավաբանական ընկերության կայքը, ինչին ի պատասխան վերջինս հայտարարեց, թե անձնական տվյալներ փոխանցելն իրենց կազմակերպության ներքին կանոնադրության խախտում է և չի պատրաստվում դրանք տրամադրել։
Պարզվեց նաև, որ ըստ վերջինիս՝ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունը պարտավոր չէ ունենալ կայք։ «Դուք մատուցում եք իրավաբանական ծառայություններ և ըստ տրամաբանության՝ պետք է որ ունենաք կայք» հարցին վերջինս պատասխանեց՝ «Ըստ ո՞ւմ տրամաբանության»։
Հատկանշական է, որ Մարիան մեզ ուղարկեց իբրև թե պայմանագիր, որը պետք է ստորագրեինք և հետ ուղարկեինք, որպեսզի սկսվեր մեր «կորսված գումարի վերադարձի գործընթացը»։ Սակայն պայմանագրում նշված էր ինչ-որ անձի անուն, որն ըստ Մարիայի՝ իրենց գործադիր տնօրենն էր։ Այստեղ ևս չկար որևէ կոնկրետ անձի վերաբերյալ տվյալ՝ միայն անուն, ազգանուն և պաշտոն։
Ի դեպ, այդ ընթացքում Տելեգրամում Մարիան ավելացրեց նաև անձնական լուսանկար։ Մեր հարցին, թե լուսանկարն իրե՞նն է, վերջինս տվեց դրական պատասխան։
Մինչդեռ լուսանկարն անհայտ կնոջ լուսանկար էր, որն ընդամենը վերցված էր համացանցից։
Հատկանշական է, որ երբ Մարիային հայտնեցինք, որ կասկածում ենք, թե վերջինս խաբեբա է և որպես հիմնավորում ուղարկեցինք նրան «իր իսկ լուսանկարի» ամբողջական տարբերակը, մեր նամակագրությունը միանգամից ջնջվեց։ Իսկ երբ դրանից հետո ուղարկեցինք նամակագրության սքրինշոթը և հարցրեցինք, թե ինչի՞ համար է ջնջել այն, դադարեց մեզ պատասխանելուց, իսկ այնուհետև ջնջվեց նաև Տելեգրամի օգտահաշիվը։
Եվ վերջապես՝ deepfake
Այժմ ամենակարևորի մասին։ Համացանցում խաբեության միջոցով գումար կորզողների մեծ մասը օգտագործում է դիփֆեյք։
Ի՞նչ է դա։
Դիփֆեյքի միջոցով հնարավոր է անձի դեմքի միմիկաների, շրթունքների շարժումների և այլնի միջոցով ստեղծել տեսանյութ, որում նա իբր խոսում է ինչ-որ բանի մասին, մինչդեռ իրականում տեսանյութը բոլորովին այլ բանի մասին էր։
Այդպիսի տեսանյութեր նույն խմբերը ստեղծել և տարածել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական հայտարարություններից վերցված տեսանյութերի վրա դիփֆեյք կիրառելով։
Նման մի դիփֆեյք էլ ստեղծվել է ղազախ գործարար Մարգուլան Սեյսեմբաևի տեսանյութերից մեկի կիրառմամբ, որտեղ գործարարը, իբր, հայտարարում է իրավաբանների թիմի ստեղծման և հայաստանցիների կորած գումարների վերադարձի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամփոփում
Այսպիսով փաստենք, որ ինչպես ներդրումների, այնպես էլ դրանից խաբված քաղաքացիներին իբրև թե օգնելու համար ստեղծված իրավաբանների թիմերի վերաբերյալ գովազդները ոչ միայն կեղծ են, այլ նաև վտանգավոր են անձնական գումարները կորցնելու տեսանկյունից։
Պետք չէ հավատալ ո՛չ անհավանական բարձր եկամուտ ապահովող ներդրումների մասին գովազդներին, ո՛չ էլ դրանից հետո հայտնվող ինչ-որ անհայտ իրավաբանների, որոնք կխոստանան գումարի վերադարձ։
Այդ ամենն արվում է գումար հափշտակելու համար, ու մեր այս փորձով տեսանք, որ խաբեբաները բավական պատրաստված են և փոքր-ինչ անուշադիր լինելու պարագայում կարող ենք ընկնել թակարդը, հավատալ գոյություն չունեցող մարդկանց խոսքին և կորցնել մեր գումարները։
Սևադա Ղազարյան