Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ անվանումով կարի արտադրամաս: Արտադրամասում կարվում էր ոստիկանության համար անհրաժեշտ հանդերձանք, ինչպես նաև հագուստ մասնավոր ընկերությունների պատվերով:
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն միտումնավոր են սնանկացրել
Պետական մասնակցությամբ ՓԲԸ-ն ֆինանսական խնդիրներ սկսեց ուենալ, երբ 2011 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ոստիկանապետ նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը: Նույն ժամանակահատվածում ոստիկանությունն ազատում է «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Ավետիսյանին և նրան փոխարինում է Սամվել Բեկչյանով: Արդեն 2012 թվականից ոստիկանությունն սկսում է իր համազգեստները չպատվիրել իրեն պատկանող ՓԲԸ-ից, և շատ չանցած «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն հայտնվում է սնանկության գործընթացում:
2012 թվականին ոստիկանության նախաձեռնությամբ կառավարությունը որոշում է Կոմիտասի 15 հասցեում գտնվող կարի արտադրամասի շենքը և Մաշտոցի պողոտայում գտնվող Անձնագրային և վիզաների վարչության նախկին շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունն էլ գործարքով պարտավորվել էր Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կառուցել Անձնագրային և վիզաների վարչության շենքը, իսկ Նուբարաշենում և Գյումրիում ոստիկանության բաժինները հիմնանորոգել:
Այսինքն, Կոմիտասի և Մաշտոցի պողոտաներում ստանալով թանկարժեք անշարժ գույք՝ շուրջ 1.3 միլիարդ դրամ կամ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն պարտավորվել է կառուցել ոստիկանության համար մեկ վարչական շենք և նորոգել 2 բաժին:
Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության գլխավոր զենքը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն միտումնավոր սնանկության տանելու առթիվ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվում: ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել էինք, թե որ փուլում է քրգործը: ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ-բաժնի պետի տեղակալ Է. Հովսեփյանը մեզ գրավոր հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացվել ընկերության նախկին տնօրեն Սամվել Սերգեյի Բեկչյանին մեղադրյալ ներգրավելու մասին (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի և 193-րդ հոդվածի հատկանիշներով):
ՊԵԿ-ում կատարված նախաքննության տվյալներով պետությանը պատճառվել է 13 միլիոն 443 հազար դրամի վնաս: Սակայն պարզվում է, որ հարուցված քրեական գործը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը անհայտ լինելու կամ քննությունից թաքնվելու պատճառով:
Նշենք, որ որպես մեղադրյալ ներգրավված Սամվել Բեկչյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու գործառույթը հենց ոստիկանությանն է պատկանում, որը մի քանի տարի է չի կարողանում գտնել Սամվել Բեկչյանին:
Կոռուպցիոն սխեմայի կծիկը տանում է դեպի ոստիկանություն
Մինչ օրս պաշտոնական որևէ բացատրություն կամ պարզաբանում չկա, թե ինչպես հայտնվեց «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն և պարտավորվեց ոստիկանության համար «շահավետ» գործարք կատարել: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից մեզ հաջողվեց պարզել, որ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին Ռուբեն Կարախանյանի կողմից ով կապ ունի «Սաֆարի-առմս» ՍՊԸ-ի, «ՄՈԲԻԼԱՅՆ» ՍՊԸ-ի (ներկայացնում է Swarovski և Egoiste խանութ-սրահները Հայաստանում) և «Գաստրո» ՍՊԸ-ի հետ: Հիմնադրման ժամանակ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն ունեցել է ընդամենը 10 հազար դրամ կանոնադրական կապիտալ, իսկ 2012 թվականին այն միանգամից հասցվել է 82 միլիոն 505 հազար դրամի: 2012 թվականին ընկերության միակ մասնակից Ռուբեն Կարախանյանը դադարեցրել է իր 100 տոկոս մասնակցությունը ՍՊԸ-ում և նրան փոխարինել է եղբայրը՝ Կարեն Կարախանյանը, ով հետագայում ևս դադարեցրել է իր մասնակցությունը ընկերությունում: «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն Երևան քաղաքում մի քանի բազմաբնակարան շենք է կառուցել և վաճառել։
Հետք էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ՝ Ռուբեն Կարախանյանի թիկունքում Ռազմական ոստիկանության պետի այն ժամանակվա տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանն էր: Ի դեպ, Հայկ Ստեփանյանը ռազմական ոստիկանության պետի տեղակալ է եղել նույն ժամանակահատվածում, երբ Ռազմական ոստիկանության պետը Վլադիմիր Գասպարյանն էր:
Ամբողջացնելով վերը շարադրվածը, ուրվագծվում է, թե ինչպիսի հնարավոր կոռուպցիոն սխեմա է գործել «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի սնանկացմամբ: Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ոստիկանապետ, որից հետո ՓԲԸ-ի տնօրենը փոխվել է: Նոր տնօրենը մեկ տարում ընկերությունը տարել է սնանկության և անհետացել է: Նույն տարում սնանկացված շենքը վաճառել են Վլադիմիր Գասպարյանի Ռազմական ոստիկանությունում եղած տարիներին տեղակալ աշխատած Հայկ Ստեփանյանի հետ կապվող «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ին, որն արդեն ավարտում է բազմաբնակարան նոր շենքի շինարարությունը: Պետությանը պատճառվել է ավելի քան 13 միլիոն դրամի վնաս միայն սնանկության գործով, չեն վճարվել ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների մի քանի տարվա աշխատավարձերը: Լրացուցիչ քննարկման կարիք ունի, թե արդյոք տեղի ունեցած գործարքի գինը համարժեք է եղել Մաշտոցի և Կոմիտասի պողոտաներում վաճառված շենքերի գների հետ:
Տիրայր Մուրադյան