Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։
Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս կամ այն լուրը, չեն ստուգում դրա իսկությունը՝ անգիտակցաբար դառնալով կեղծիքի տարածող։ SUT.am-ը առաջարկում է լրագրողներին իրենց տեղեկությունների ստուգման համար օգտվել ամենից արդյունավետ և արագ հետևյալ հավելվածներից։
Fotoforensics ծրագրի միջոցով կարելի է շատ արագ ստուգել հրապարակված նկարի իսկությունը, կիրառվել են արդյո՞ք ֆիլտրեր, ենթարկվե՞լ է լուսանկարը Photoshop-ի, կամ այլ փոփոխության: Նույնը կարելի է անել նաև Izitru-ի միջոցով։
Who stole my pictures (ո՞վ է գողացել իմ լուսանկարը) հավելվածը թույլ է տալիս լուսանկարի որոնում իրականացնել ոչ միայն google այլ նաև yandex որոնողական համակարգերում։ Այսպես կարելի է համոզվել, որ լուսանկարը կեղծված չէ և հրապարակվում է առաջին անգամ։
Եթե լուսանկարը արված է դրսում խորհուրդ է տրվում այս հավելվածը օգտագործել եղանակի տեսության հետ համատեղ, պարզելու համար, թե արդյոք նշված վայրում, նշված օրը եղել է այսպիսի եղանակ։
WhoisMind հավելվածը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ կայքի մասին․ որտե՞ղ է այն գրանցված, ում անունով է, խմբագրության էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, գտնվելու վայրը և այլն։
Email-checker-ի միջոցով կարելի է պարզել, թե արդյոք գոյություն ունի տվյալ էլեկտրոնային հասցեն։
Pipl.com-ը թույլ է տալիս ստուգել սոցիալական ցանցի օգտատիրոջ իսկությունը։ Այն, վերլուծելով ցանցային ակտիվությունը, հաստատում կամ հերքում է տվյալ օգտատիրոջ կեղծ (Fake) լինելը։
Բանալի բառերով (key words) կարելի է ստուգել, թե էլ որտեղ է հրապարակվել նման բովանդակությամբ նյութ։ Դրա համար լավագույն միջոցը Reddit-ն է, այն թույլ է տալիս որոնում կատարել ոչ միայն համացանցում այլև սոցիալական ցանցերում։
Տեսանյութի իսկությունը ստուգելու լավ գործիք է InVID հավելվածը։ Այստես կարող ենք ներբեռնել ինչպես Youtube-ից այնպես էլ Facebook-ից վերցրած տեսանյութերը։ Հավելվածը մանրամասն տեղեկություններ է տալիս տեսանյութի մասին, ինչպես նաև կադրեր է առաջարկում google-ում որոնում իրկանացնելու համար։
BlackWidow հավելվածը թույլ է տալիս որոնում իրականացնել անմիջապես կայքի ներսում, իսկ Snopes-ը փաստերի ստուգման հիանալի հարթակ է, որտեղ կարելի է ստուգել օգտատերերի հրապարակումների իսկությունը։
Այսպիսով, ժամանակ առ ժամանակ օգտվելով նշված գործիքներից, հնարավոր կլինի հեշտությամբ ստուգել որոշ տեղեկություններ և խուսափել կեղծիքի տարածման գործընթացին ակամա մասնակից լինելուց։
Ռաֆայել Աֆրիկյան