Հայաստանում 2024 թվականի հունիսին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու թեմայի շուրջ: Fip.am-ը անդրադարձել էր այս հարցի շուրջ իշխող ուժի կարծիքներին:
Հայաստանի եվրաինտեգրման շուրջ քննարկումները մեդիադաշտում շարունակվում են:
Եվրամիության անդամ երկրների թիվը ներկայումս 27 է: Այդ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա:
ԵՄ անդամ էր նաև Մեծ Բրիտանիան, սակայն 2016 թվականի հունիսին սկսված Բրեքսիթի (Brexit) արդյունքում այդ երկիրը որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: 2020 թվականի հունվարի 31-ից Մեծ Բրիտանիան այլևս ԵՄ անդամ չէ: 2013 թվականից ի վեր Եվրամիությունը նոր անդամ չի ունեցել, իսկ 2013-ին ԵՄ անդամություն ստացած երկիրը Խորվաթիան էր:
Եվրամիության հետագա ընդլայնումը նույնպես հնարավոր է: Այն նախ և առաջ սահմանված է Եվրամիության պայմանագրի 49-րդ հոդվածով.
«Յուրաքանչյուր եվրոպական պետություն, որը հարգում է 2-րդ հոդվածում նշված արժեքները և պարտավորվում է դրանք խթանել, կարող է դիմել Միության անդամ դառնալու համար: Դիմումի մասին պետք է տեղեկացնել Եվրոպական Խորհրդարանին ու ազգային խորհրդարանականներին: Դիմող պետությունը իր դիմումը պետք է ուղղի Եվրոպական Խորհրդին, որը որոշում է կայացնում միաձայն՝ խորհրդակցելով Եվրոպական հանձնաժողովի հետ ու ստանալով Եվրոպական խորհրդարանի մեծամասնաությամբ կայացված համաձայնությունը»:
Իսկ նույն պայմանագրի երկրորդ հոդվածում սահմանվում են մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը: Միաժամանակ նշվում է, որ Եվրոմիության անդամ յուրաքանչյուր երկրում պետք է գերակշռեն բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը:
Բացի վերոնշյալից, 1993 թվականին Եվրոպական խորհուրդը մշակեց որոշակի չափանիշներ, որոնց պետք է բավարարի ԵՄ անդամ դառնալու համար դիմող երկիրը: Այդ չափանիշները այլ կերպ անվանում են Կոպենհագենի չափանիշներ:
Դրանցից առաջինը քաղաքական չափանիշն է: Պետությունը, որը դիմում է ԵՄ անդամ դառնալու համար, պետք է ունենա կայուն ինստիտուտներ, որոնք կերաշխավորեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների, այդ թվում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Երկրորդը տնտեսական չափանիշն է: Երկիրը պետք է ունենա գործող շուկայական տնտեսություն և կարողություն հաղթահարել ԵՄ շուկայի մրցակցային ճնշմանը:
Երրրոդ չափանիշը ենթադրում է, որ երկիրը պետք է ունենա վարչական ու ինստիտուցիոնալ ներուժ և ունակություն արդյունավետորեն իրականացնելու համար acquis-ը, որն ընդհանուր իրավունքների և պարտավորությունների ամբողջությունն է, և պարտադիր է ԵՄ բոլոր անդամ պետությունների համար: Այն ներառում է ԵՄ ամբողջ օրենսդրությունը, սկզբունքները և քաղաքական նպատակները, դրամական համակարգը, ԵՄ ընդունած բոլոր հայտարարությունները և բանաձևերը, միջազգային համաձայնագրերը և այլն:
ԵՄ անդամակցության գործընթացն ընդգրկում է 3 հիմնական փուլեր, որոնք պետք է հաստատեն ԵՄ բոլոր երկրները:
Նախ երկիրը, որը ԵՄ-ին միանալու ցանկություն ունի, պետք է անդամակցության դիմում ներկայացնի Եվրոպական խորհրդին: Այնուհետև Խորհուրդը Եվրոպական Հանձնաժողովին խնդրում է ստուգել թեկնածու երկրի ունակությունը անդամակցության չափանիշները բավարարելու համար: Հանձնաժողովի հանձնարարականների հիման վրա Խորհուրդը որոշում է, թե արդյոք այդ երկրին թեկնածու պետության կարգավիճակ է շնորհելու։ Սրանից հետո Խորհուրդը պետք է որոշի արդյոք սկսո՞ւմ է Եվրամիությանը անդամակցելու համար պաշտոնական բանակցություններ երկրի հետ։ Այս որոշման շուրջ պետք է համաձայնեն ԵՄ բոլոր անդամ երկրները:
Անդամության բանակցությունների ընթացքում թեկնածու երկիրը պատրաստվում է իրականացնել ԵՄ օրենքներն ու չափանիշները: Բանակցությունների ընթացքում Հանձնաժողովը հետևում է այդ բարեփոխումների վերաբերյալ թեկնածուի առաջընթացի ընթացքին և պարբերաբար զեկույցներ ու հաղորդագրություններ է ներկայացնում դրա մասին Եվրոպական խորհրդին ու Եվրախորհրդարանին:
Բանակցությունների ավարտից հետո Հանձնաժողովը կարծիք է հայտնում այն մասին, թե արդյոք թեկնածու երկիրը պատրաստ է դառնալ անդամ պետություն: Եթե Հանձնաժողովը հաստատում է, որ թեկնածու երկիրը պատրաստ է, պատրաստվում է ԵՄ-ին միանալու պայմանագիր: Այդ փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է ԵՄ անդամակցության պայմանները: Ի վերջո պայմանագիրը կնքվում է, եթե երկու կողմերը՝ անդամակցության համար դիմող երկիրը և ԵՄ-ն՝ ի դեմս իր անդամ բոլոր երկրների, տալիս են համաձայնություն:
Այս պահին ԵՄ ընտանիքի անդամ դառնալու գործընթացում ներգրավված է 9 երկիր: Դրանք են՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա: Միաժամանակ պոտենցիալ թեկնածու է Կոսովոն, որը 2022 թվականին դիմել է ԵՄ անդամության համար, սակայն դեռևս թեկնածուի կարգավիճակ չունի:
Մոլդովայի փորձը ԵՄ ինտեգրման գործընթացում
Եվրամիությունը Մոլդովայի հետ համագործակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության և դրա արևելյան տարածաշրջանային մասի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։ Մոլդովայի հետ համագործակցությունը Եվրամիությունը սկսել է 2014 թվականից։ 2014 թվականի հունիսին կնքվել է Ասոցացման համաձայնագիր և Խորացված ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր, իսկ ուժի մեջ է մտել 2016 թվականի հուլիսին։ Մոլդովան ԵՄ անդամակցության համար դիմել է 2022 թվականի մարտին։ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը Մոլդովայի՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարին ու թեկնածուի կարգավիճակ տալուն դրական կարծիք հայտնեց՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ միասին։ Հունիսի 22-ին Եվրահանձնաժողովի կարծիքի հիման վրա Մոլդովային տրվեց Եվրոպական հեռանկար՝ ԵՄ անդամ 27 երկրների միաձայն համաձայնությամբ։
Եվրահանձնաժողովը ներկայացրեց 9 քայլեր, որոնք իր կարծքիով, պետք է կատարեր Մոլդովան դեպի Եվրամիություն ճանապարհին: 2023 թվականին ԵՄ ընդլայնման փաթեթի զեկույցներում առաջին անգամ ընդգրկվեց Մոլդովան՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ: Այդ զեկույցում Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրոպական խորհրդին բացել անդամակցության համար բանակցություները, այն պայմանով, որ Մոլդովայի Հանրապետությունը ամբողջությամբ կիրականացնի արդարադատության, հակակոռուպցիոն և ապաօլիգարխիզացիայի բարեփոխումները: 2023 թվականի դեկտեմբերից Եվրոպական խորհուրդը բացեց անդամակցության բանակցությունները Մոլդովայի հետ: Առաջին միջկառավարական համաժողովը, որի ժամանակ մեկնարկեցին անդամակցության պաշտոնական բանակցությունները, տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 24-ին:
Եվրաինտեգրման գործընթացը բովանդակային հարցերով ու տևողությամբ տարբեր է յուրաքանչյուր երկրի համար, որը դիմել է ԵՄ անդամ դառնալու հեռանկարով: Թուրքիան, օրինակ, ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել է 1987 թվականին: Արդեն 25 տարի է Թուրքիան ԵՄ թեկնածու պետություն է, իսկ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները տևում են 19 տարի:
Վրաստանի դեպքում, օրինակ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին։
Ալյոնա Հայրապետյան