Ռուսաստանցի հրապարակախոս, իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանը օգոստոսի 12-ին «Սոլովյով լայվի» եթերում իրականությանը չհամապատասխանող, մի քանի սխալ, նույնիսկ կեղծ տեղեկություններ է հաղորդել:
Մասնավորապես, նա հարց է հնչեցրել՝ ո՞ւր է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), ո՞ւր են ՀԱՊԿ անդամ երկրների հայտարարությունները։
«Ես դիվանագետ չեմ, բայց ինձ մոտ հարց է առաջանում մեր դաշնակիցներին ուղղված՝ դուք ինչպե՞ս եք։ Դե, Բելառուսի կողմից տարբեր բարձրագոչ հայտարարություններ լսում ենք, բայց հետաքրքիր է՝ որտե՞ղ են հայտարարությունները Ղազախստանի, Ղրղզստանի կողմից։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բայց ակտիվորեն դժգոհություն էր հայտնում, որ ՀԱՊԿ-ն չի մասնակցել Ղարաբաղյան 2-րդ պատերազմին, որին, ի դեպ, Հայաստանը չի մասնակցել։ Չի մասնակցել, բայց Ռուսաստանը պետք է մասնակցեր։ Դե իսկ հայերը պետք է Երևանի ռեստորաններում դոլմա ուտեին»,- հայտարարել է ռուս քարոզիչը։
Նշենք, որ նման քննարկումներ Ռուստաստանում սկսվել են այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին հարձակման անցան Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում՝ գրավելով ռուսական բնակավայրեր և դիրքավորվելով ՌԴ տարածքում:
Նախ՝ Հայաստանը չէր կարող դժգոհություն հայտնել, որ ՀԱՊԿ-ն մասնակցություն չի ունեցել Ղարաբաղյան 2-րդ պատերազմին, քանի որ ՀԱՊԿ-ն իրավամբ չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020-ին ծավալված ռազմական գործողություններին այն պարզ պատճառով, որ ԼՂ-ն միջազգայնորեն չէր համարվում ՀՀ տարածք։ Հայաստանի դժգոհությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, ինչպես որակում է կրեմլյան քարոզիչ Մարդանը, կապված է եղել 2021-ի մայիսին, այնուհետև 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմանային գծի խախտումների հետ։
Նկատենք՝ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի անդամները այժմ վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Սկզբունքը հետևյալն է՝ մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա։
Մինչդեռ, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը խախտել էին հայ-ադրբեջանական սահմանը և ներխուժել Հայաստանի տարածք՝ որոշ տեղերում առաջ շարժվելով 3 կմ։ ՀՀ վարչապետը ԱԽ նիստում իրավիճակը որակել էր «պայթյունավտանգ»։ Իրավիճակի մասին Հայաստանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն այդ կառույցից որևէ արձագանք չէր եղել։
«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,- ԱԽ նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀԱՊԿ-ից գործուն որևէ աջակցություն չի ցուցաբերվել նաև 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրման ժամանակ։ Այդ ժամանակ ևս պաշտոնական Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, ըստ էության, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշել էին ընդամենը մոնիթորինգային առաքելություններ գործուղել Հայաստան։ Նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էր այցելել սահմանային գոտիներ։ Այդ այցելությունների արդյունքում հայտարարվեց, որ ՀԱՊԿ-ն Հայաստան զորքեր ուղարկելու ծրագիր չունի։
Այս ամենը առիթ էր տվել ՀՀ վարչապետին փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում հայտարարելու․ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»։
Ռուս իշխանական քարոզիչի մյուս հայտարարությունը, թե Հայաստանը չի մասնակցել «Ղարաբաղյան 2-րդ պատերազմին», պարզապես կեղծիք է։ «Ղարաբաղյան 2-րդ պատերազմ» համարվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ձգված 44-օրյա պատերազմը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3800 անձ։
Այսպիսով, ռուս իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանն ակնհայտ սուտ, կեղծ տեղեկություն է հաղորդում «Սոլովյով լայվի» ընթացքում, որի ուղիղ եթերները 5000-ից ավելի դիտում են ունենում, իսկ ալիքներին բաժանորդագրությունը մի քանի հարյուր հազար է կազմում։
Հասմիկ Համբարձումյան