«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականի հունվարի 21-ի 12:30-ի թողարկման մեջ լրագրողը, անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց ԲՀԿ չորս պատգամավորի, այդ թվում՝ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ, նշել է, որ Միրզոյանը «սպառնացել է» Գևորգ Պետրոսյանին խոսքի իրավունքից զրկել նաև Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվելու համար։
Լրագրող Կարինե Մանգասարյանը, մասնավորապես, ասել է. «Հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը արդեն մեկ անգամ ցանկություն էր ունեցել Գևորգ Պետրոսյանին խոսքի իրավունքից զրկել: Խոսքը վերաբերում էր, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Գևորգ Պետրոսյանը խորհրդարանի ամբիոնից, երբ խոսել էր այդ մասին, Միրզոյանը չակերտավոր սպառնացել էր, թե նրան խոսքի իրավունքից կզրկի»:
«5-րդ ալիքի» լրագրողը, սակայն, խեղաթյուրում է փաստերը։
Լրագրող Կարինե Մանգասարյանի այն հայտարարությունը, թե ԱԺ նախագահը Գևորգ Պետրոսյանին խոսքի իրավունքից «սպառնացել էր» զրկել Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման ժամանակ, չի համապատասխանում իրականությանը: Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ այս միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին և որևէ կապ չուներ Ստամբուլյան կոնվենցիայի կամ դրա վավերացման հետ։ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացնում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին իր նախագծերը, որոնցով առաջարկում էր արգելել նույնասեռականների ամուսնությունը և նրանց կողմից երեխաների որդեգրումը: Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով օրինագիծը, ասել էր. «Եկեք պաշտպանենք ավանդական արժեքները, ով որ դեմ է քվեարկելու այս նախագծին, կուզենա՞ր, որ իր ընտանիքում էդպիսի երևույթ տեսներ»,— ԱԺ ամբիոնից ասել էր Գևորգ Պետրոսյանը, ինչը բարկացրել էր Արարատ Միրզոյանին:
«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում… էդ ի՞նչ անձնավորված բաներ ա: Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասել էր Միրզոյանը` խնդրելով իրեն փոխանցել ձայնի իրավունքից զրկելու մասին հոդվածը:
Ավելին, նախորդ տարի «Ստամբուլյան կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Ազգային ժողովի օրակարգում ընդհանրապես չի եղել, և նման հարց չի քննարկվել:
Այսպիսով, «5-րդ ալիքի» լրագրողի պնդումը, թե Արարատ Միրզոյանը «սպառնացել է» Գևորգ Պետրոսյանին ձայնի իրավունքից զրկել «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման քննարկման ժամանակ, չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը հունվարի 21-ին, խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին նախագծից, նշել է, որ նախագիծը պայքարում է ոչ թե հանցագործության դեմ, այլ «անորոշ երևույթների»: «Գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեք»,- ասել է Պետրոսյանը։ Դրան ի պատասխան՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթ է ունեցել և կոչ արել, որ ԲՀԿ-ն ներողություն խնդրի Պետրոսյանի պահվածքի համար: Այս ամենից հետո վիճաբանություն, ապա՝ քաշքշուկ է սկսվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
Միջադեպից հետո Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ է կիրառել ԲՀԿ չորս պատգամավորների նկատմամբ՝ հեռացնելով նրանց նիստերի դահլիճից:
Անի Ավետիսյան