Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը նոյեմբերի 17-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, առանց ասիստենտների պաշտոնի համար անցկացված մրցույթներին մասնակցելու, Երևանի պետական համալսարանում դասաժամեր է ստացել։
«...Պարզվում է՝ գիտթեկնածու Հարությունյանը 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ. օգոստոսի 31-ը, չմասնակցելով ասիստենտների պաշտոնի համար անցկացված մրցույթներին (քանի որ չի համապատասխանել մրցույթի պահանջներին, այդ իսկ պատճառով չի էլ մասնակցել մրցույթներին՝ կանխավ գիտենալով, որ դուրս է մնալու), ամեն տարի Արաբագիտության ամբիոնում ստացել է, չզարմանաք՝ 1,25 դրույք դասաժամեր, որի մասին շատ դեպքերում երազում են բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորներ… »,- գրել է Համբարյանը՝ գրառմանը կցելով նաև փաստաթուղթ։
Այս գրառումը վերատպել էին yerkir.am և mamul.am լրատվականները։
Արայիկ Հարությունյանը՝ Արամ Սիմոնյանի «լյուբիմչի՞կ»
Դասախոսի հրապարակած փաստաթուղթը վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ Երևանի պետական համալսարանում աշխատանքային գործունեությանը։ Փաստաթղթից տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, ԵՊՀ արաբագիտության ամբիոնում 2007-ից մինչ 30.09.2019-ը ունեցել է տարբեր դրույքաչափերով դասաժամեր։
Գրառման մեջ Գագիկ Համբարյանը նշում է, որ թեև հեղափոխությունից հետո բարձրագույն կրթության ոլորտում «առաջին զոհը» ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն էր, որին Արայիկ Հարությունյանը «բացահայտ մեղադրում էր կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ», սակայն իրականում Հարությունյանը նախկին ռեկտորին չի կարող մեղադրել «անարդար վերաբերմունքի մեջ»։
«Այս ամենից հետո Արայիկ Հարությունյանը, որը, ըստ օդում կախված լուրերի, չի էլ փայլել իր մտավոր կարողություններով, բայց մեծ քանակությամբ դասեր է ստացել Արամ Սիմոնյանի հրամանով, իրավունք ունի՞ ԵՊՀ-ի նախկին ռեկտորին վատաբանել կամ խոսել նախորդ ռեժիմի օրոք հալածվելու մասին…։ ԿԳՄՍ նախարարը եղել է ՀՀԿ-ի և Արամ Սիմոնյանի «լյուբիմչիկը», քանի որ անհրաժեշտության դեպքում նրան մեկ քայլով՝ մրցույթ անցկացնելով դուրս կթողնեին ԵՊՀ-ից… »,- գրել է Համբարյանը։
Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը չի մասնակցել մրցույթին
Այսպես, Գագիկ Համբարյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյանը չի մասնակցել ասիստենտների պաշտոնի համար անցկացված մրցույթներին, քանի որ չի համապատասխանել դրանց պահանջներին։
Ուշագրավ է, որ Համբարյանի կողմից կցված նույն փաստաթղթում գրված է, որ արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի մրցույթներ 2011-2012 ուստարվանից սկսած մինչ օրս չի հայտարարվել:
«2011-2012 թթ. ուսումնական տարվանից սկսած, ուսանողական համակազմի թվաքանակի փոփոխմամբ պայմանավորված, ԵՊՀ-ում ժամանակավորապես կասեցվել են ասիստենտի և դասախոսի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությունները։ Ըստ այդմ, մինչ օրս ԵՊՀ-ում արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի տեղակալման մրցութային ընտրություն չի հայտարարվել»,- գրված է փաստաթղթում։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ Արայիկ Հարությունյանը չի մասնակցել ասիստենտի պաշտոնի մրցույթին, քանի որ մրցույթներ պարզապես չեն անցկացվել։
Այնուամենայնիվ, համոզվելու համար, որ մրցույթներն իսկապես տեղի չեն ունեցել, «Փաստերի ստուգման հարթակը» դիմեց Երևանի պետական համալսարան։
Ի պատասխան՝ ԵՊՀ-ից հայտնեցին հետևյալը. «2012-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում ասիստենտի թափուր պաշտոնի տեղակալման մրցութային ընտրություն չի անցկացվել, քանի որ տասներկուամյա կրթական համակարգի անցնելու արդյունքում հանրակրթական դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով, ինչպես նաև հանրապետությունում ծնելիության նվազմամբ պայմանավորված շարունակվում է դիմորդների թվաքանակի նվազումը, ինչի պատճառով տեղի են ունեցել (և շարունակվում են) դասաժամերի մեծածավալ կրճատումներ։ Վերոհիշյալ հիմնավորմամբ, արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի տեղակալման մրցութային ընտրություն չի անցկացվել, հետևաբար, Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են՝ հիմք ընդունելով նախորդող ուսումնական տարում նրա մանկավարժական գործունեության արդյունքները»:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի տրամադրված 1.25 դրույքաչափին, ապա ըստ ԵՊՀ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2011-2017 թվականների ընթացքում Արայիկ Հարությունյանի պաշտոնային դրույքաչափը սահմանվել է՝ հիմք ընդունելով ամբիոնային ուսումնական ծանրաբեռնվածությունը։
Այսպիսով, Գագիկ Համբարյանի այն պնդումը, որ Արայիկ Հարությունյանը չի մասնակցել ասիստենտի համար պահանջվող մրցույթին, քանի որ չի համապատասխանել մրցույթի պահանջներին, չի համապատասխանում իրականությանը։ 2012-ից ասիստենտի մրցույթներ պարզապես տեղի չեն ունեցել։
Կարինե Կիրակոսյան