Օրեր առաջ կառավարությունը որոշեց ընդունել համաներման նախագիծը, որը, ընդհանուր առմամբ, տարածվեց տարբեր հանցագործությունների համար դատապարտված 6500 անձանց վրա։ Մամուլում, սակայն, հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ համաներումը չի տարածվել 2017 թվականին 10 հազար դրամի գողության համար դատապարտված, բազմազավակ Հասմիկ Սարգսյանի վրա։
Ըստ Datalex դատական տեղեկավական համակարգի, Հասմիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհու՝ Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից հափշտակությամբ գողացել էր 10 հազար դրամ, այնուհետև հեռացել` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Լրատվամիջոցների հետ զրույցում Հասմիկ Սարգսյանը ասել էր, որ քննիչն իր վրա ճնշում էր գործադրել և նա 4000 դրամի փոխարեն ցուցմունքում գրել էր 10 հազար դրամ։
Հասմիկ Սարգսյանի դատական գործը լայն արձագանք էր ստացել հանրության կողմից։ Թե՛ մամուլը, թե՛ հասարակությունը ոչ միանշանակ էին վերաբերվում գործին: Պատճառը, թերևս, խիստ դատավճիռն էր, ըստ որի, Հասմիկ Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Որպես պատիժ՝ Հասմիկ Սարգսյանին նշանակվել էր ազատազրկում` 6 տարի 6 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման։
Հասարակության տարբեր ներկայացուցիչներ այս որոշումը անարդար էին համարել՝ պատճառաբանելով, որ բազմազավակ, սոցիալական ծանր պայմաններում ապրող միայնակ մայրը, որն ունի առողջական խնդիրներ, որի երեխաներից մեկը ծառայում է, իսկ մյուսները հիվանդ են, չի կարող դատապարտվել 6 տարվա ազատազրկման 10 հազար դրամի գողության համար։
Հասմիկ Սարգսյանը բողոքարկել էր դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարանում՝ համարելով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս խախտել է իր արդար դատաքննության իրավունքը, իսկ մի շարք փաստական հանգամանքներ կարող էին ակնհայտորել փոխել գործի ընթացքը: Ըստ այդմ, Հասմիկ Սարգսյանը Վերաքննիչին խնդրել էր կայացված դատավճիռն ամբողջությամբ բեկանել և փոխել` պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածով նախատեսված փորձաշրջան:
Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, ամբաստանյալի բողոքը բավարարել էր մասնակիորեն և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման։
Հարկ ենք համարում անդրադառնալ այս գործով այն մանրամասներին, որոնք գուցե պատշաճ ուշադրության չեն արժանացել։
Խոսելով միայն իրավական հարթությունից՝ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ բազմազավակ մոր հանդեպ կիրառվեց նման պատիժ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հասմիկ Սարգսյանի դատական գործով դատավճիռը կարդալիս պարզ է դառնում, որ 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման պատճառը ոչ միայն 10 հազար դրամի գողությունն էր, այլ գործի քննության այլ հանգամանքներ ևս։
Մասնավորապես, դատարանն առաջնորդվել էր Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով, համաձայն որի՝ եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, Հասմիկ Սարգսյանը 2015 և 2016 թվականներին ազատազրկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը) և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
Մասնավորապես, 2015 թվականի օգոստոս ամսին Հասմիկ Սարգսյանը Սյունիքի մարզի Գորայք գյուղի բնակիչ Անահիտ Կարապետյանի տնից հափշտակել էր 65.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև զգալի չափերով պանիր և պահածոներ:
Այս դատական գործով Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Սարգսյանին ազատազրկել էր 4 տարի երեք ամսով, և ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով ։
Իսկ 2016 թվականին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա քրոջ աղջկա՝ Գայանե Գաբրիելյանի բնակարանից հափշտակել էր զգալի չափերով` 110.000 ՀՀ դրամ գումար։ Դատարանի դատավճռով պատիժ էր նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով, և պայմանականորեն չկիրառելով պատիժը սահմանվել էր փորձաշրջան` 5 տարի ժամկետով։
Իսկ ահա 2017 թվականին 10 հազար դրամի գողության համար Հասմիկ Սարգսյանին պատիժ սահմանելիս դատարանը հաշվի էր առել այս և այլ հանգամանքներ ևս, մասնավորապես՝ հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը և այն, որ «նա նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը և դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում»:
Ահա այս ամենից ելնելով, ինչպես վերը նշեցինք, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ կայացնելիս կիրառել է Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը և 6 տարի ժամկետով ազատազրկմանը գումարել նախորդ երկու հանցագործությունների դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած ազատազրկում պատիժներից երեքական ամիսներ՝ այդպիսով վերջնական պատիժ սահմանելով 6 տարի 6 ամիսը։
Վերաքննիչ քրեական դատարանը ևս, հաշվի առնելով ռեցիդիվը, չի բեկանել դատավճիռը և ուժի մեջ է թողել պատիժը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Սարգսյանը կամովին հատուցել է վնասն ամբողջությամբ, հղի է, վատառողջ է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են իր խնամքին, իսկ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով ։
Ներկայում գործը կրկին բողոքարկվում է:
Կարինե Կիրակոսյան