Հուլիսի 8-ի երեկոյան տարածվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաղորդագրությունը՝ «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ։
Դատարանի որոշումն ԱԺ պատգամավորների և այլ գործիչների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվել։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով թեմային, հայտարարեց. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուներն ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։ Նմանատիպ մեկնաբանություններով հանդես են եկել նույն խմբակցության այլ պատգամավորներ:
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար, ոստիկանության պետի նախկին օգնական Նարեկ Մալյանը, իր հերթին, արձագանքեց թեմային` հայտարարելով, որ «իր տեղեկություններով՝ օլիգարխ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՄԻԵԴ-ի որոշումը՝ պարզելու, թե իրականում ինչ վճիռ է կայացրել կառույցը:
Ի՞նչ դիմում են ներկայացրել ՍԴ անդամները և նախագահը
Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի, նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվում են: Օրեր անց պաշտոնից հեռացված դատավորները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Սահմանադրական փոփոխություններն ԱԺ միջոցով իրականացնելու օրինականությանը վերաբերող «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակում ՍԴ նախկին անդամները պահանջում էին, որ ՄԻԵԴ-ը կիրառի Եվրոպական դատարանի 39-րդ կանոնը՝ միջանկյալ միջոցը:
Որպես հիմնավորում՝ դատավորները նշում են, որ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել հայաստանյան օրենսդրության խախտմամբ: Նրանք պնդում են, որ գործընթացը տեղի է ունեցել դատավորների նկատմամբ հետապնդումների պայմաններում, որոնք սկսվել են 2018 թվականին՝ կառավարության փոփոխությունից հետո, և ակտիվացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ դիմելուց հետո:
ՍԴ դատավորները խնդրել էին, որ որպես միջանկյալ միջոց՝ ՄԻԵԴ-ը պահանջի Հայաստանի կառավարությունից, ի թիվս այլի, սառեցնել սահմանադրական փոփոխությունների իրագործումը, պահպանել իրենց պաշտոնները, նոր դատավորներ չնշանակել և «ապահովել դատավորների ֆիզիկական անվտանգությունը, հոգեբանական ու բարոյական անձեռնմխելիությունը վարչական ռեսուրսները հանրային ընկալումները մանիպուլացնելու համար օգտագործելուց զերծ մնալու միջոցով»:
Ի՞նչ է որոշել ՄԻԵԴ-ը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցը:
ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015 թվականին փոփոխված Սահմանադրության համաձայն՝ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, իսկ ՍԴ նախագահինը՝ 6 տարի: Այնուամենայնիվ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ ՍԴ դատավորները, որոնք նշանակվել էին մինչև սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելը, պաշտոնավարելու են հին կարգով, իսկ ՍԴ նախագահը պետք է պահպաներ մանդատը մինչև կենսաթոշակի անցնելը:
Վերջերս, սակայն, ինչպես նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ, որոշվեց փոխել Սահմանադրությունն այնպես, որ բոլոր դատավորները պաշտոնավարեն 12 տարի ժամկետով՝ անկախ նշանակման օրից: Կիրառվեց նաև նախագահի 6-ամյա չվերականգնվող մանդատի մասին դրույթը: Համաճարակի պատճառով այս փոփոխությունները հաստատվեցին խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտան 2020 թվականի հունիսին, ինչի արդյունքում դադարեցվեց երեք դատավորների և նախագահի պաշտոնավարումը:
ՄԻԵԴ-ը որոշել է մերժել 4 դիմումատուների հայցը, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) շրջանակից․ այն չի ներառում լուրջ և անդառնալի ռիսկ հիմնարար իրավունքի համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: Սակայն դատարանը շեշտել է նաև, որ պատրաստ է քննել հայցը, և անհրաժեշտության դեպքում այս գործը կդիտվի որպես առաջնահերթություն:
Ի՞նչ է ենթադրում 39-րդ կանոնը
Նույն փաստաթղթում նաև նշվում է, թե ինչ է, ընդհանրապես, ենթադրում Եվրադատարանի 39-րդ կանոնը:
Այսպես, միջանկյալ միջոցը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում, երբ դիմումատուները բախվել են անդառնալի վնասի ենթարկվելու իրական ռիսկի (հիմնականում` եթե դիմումատուի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ կա):
Այն կիրառվում է հիմնականում արտաքսումներին և արտահանձնումներին վերաբերող գործերում, երբ պատասխանող կողմից պահանջվում է հետաձգել որոշումը:
Սակայն միջանկյալ միջոցները չեն կանխորոշում հետագայում կայացված որոշումների հիմնավորվածությունները տվյալ գործով, այսինքն՝ եթե անգամ միջոցը կիրառվի, դա դեռ չի նշանակում, որ հետագայում հայցողի համար բարենպաստ վճիռ է կայացվելու կամ հակառակը: Դա ժամանակավոր միջոցառում է:
Այսպիսով, ՍԴ նախկին դատավորների հայցը մերժելու ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է միայն միջանկյալ միջոցը կիրառելուն, այսինքն՝ հատուկ ընթացակարգով գործը քննելուն, իսկ «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով բուն վճիռը դեռ կայացված չէ:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումատուների խնդրանքի մերժումը տրամաբանական ու սպասված է, քանի որ նախկին դատավորների և ՍԴ նախագահի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ չկա:
Լուսինե Ոսկանյան