Ազգային ժողովում հունիսի 15-ին՝ 2022 թ․ պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ նախորդ տարում Ռուսաստանից ՏՏ ընկերությունների ներհոսքը երկիր ու դրա հետևանքով արձանագրված տնտեսական ցուցանիշները կառավարության քաղաքականության արդյունքն են։
«Տեսեք, շատ խոսվում ա նրա մասին, որ ասում են IT ոլորտը եկավ, դե որովհետև պատերազմ էր, Ռուսաստանը․․․ Այո՛, ինչի՞ եկավ Հայաստան։ Հարց չի ծագո՞ւմ, էլ երկիր չկա՞։ Բա զուգահեռ էլ քննադատում են եկամտահարկը համահարթ դարձնելու որոշումը։ Բա որ 35 տոկոսից ու 28 տոկոսից եկամտահարկը ու 23 տոկոսից համահարթ չդառնար, չդառնար 21, հետո 20 տոկոս, բա էդ IT ոլորտի աշխատողը գալու էր Հայաստանում էր աշխատելո՞ւ։ Գալու էր Հայաստանում աշխատեր, 35 տոկոս եկամտային հարկ վճարե՞ր, թե 28 տոկոս եկամտային հարկ վճարեր։ Բա էդ որոշումների շնորհիվ են եկել էդ մարդիկ»,— հայտարարեց Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքա՞ն մարդ է 2022-ին արտագաղթել Ռուսաստանից և ո՞ր երկրներում են նրանք հիմնականում հաստատվել, ինչպես նաև, թե որքանով է ռուսաստանյան ՏՏ ընկերությունների ներհոսքը պայմանավորված այլ երկրների հետ համեմատ հարիկային նպաստավոր պայմաններով։
Ռուսաստանի պաշտոնական վիճակագրությունն այս մասով որևէ տվյալ չի ներկայացնում։ Սակայն այս թեմայով կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ Ուկրաինայում սանձազերծված պատերազմից ի վեր Ռուսաստանը լքողների թիվը տատանվում է 500 հազարից մինչև 1․5 միլիոնը։
Այս թեմայով բավական ծավալուն վերլուծություն է իրականացրել տնտեսական ուղղվածություն ունեցող The Bell հարթակը, ըստ որի՝ նախորդ տարի Ռուսաստանը լքել է ավելի քան 512 հազար քաղաքացի։
Ըստ նույն աղբյուրի՝ Ռուսաստանից Հայաստան եկածների թիվը մոտ 40 հազար է, ինչը գրեթե ճշգրտորեն համընկնում է Հայաստանի վիճկոմի տվյալների հետ։ Հետևաբար, կարող ենք The Bell-ի ուսումնասիրությունը համարել բավական արժանահավատ և այն ընդունել որպես մեր հաշվարկների ելակետ։
Ըստ այդմ՝ ավելի քան կես միլիոն ՌԴ քաղաքացիների համար ամենից նախընտրելի երկիրը Վրաստանն է եղել՝ 112 հազար մարդ։
Վրաստանից հետո հաջորդ նախընտրելի երկրներն են եղել Ղազախստանը (100 հազար), Թուրքիան (78 հազար), Սերբիան (50 հազար քաղաքացի)։ Հայաստանն այս ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 40 հազար ներգաղթյալներով։
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Ռուսաստանի քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է մոտ 38 հազար։ Ինչը, ինչպես նշեցինք, բավական մոտ է The Bell-ի վերլուծությանը։
Գրեթե նույնքան էլ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից տեղափոխվել է Իսրայել։
Ստացվում է, որ Հայաստանը, թեև ռուսաստանցիների նախընտրած արտագաղթի հիմնական ուղղությունների ցանկում է, սակայն մի քանի այլ երկրներ ավելի նախընտրելի են այս տեսանկյունից, այդ թվում՝ Վրաստանը, որի հետ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։
Այժմ փորձենք համեմատել այս երկրներում կիրառվող եկամտահարկերի տոկոսադրույքները և պարզել, թե որքանո՞վ է Հայաստանում գործող 20 տոկոս եկամտային հարկի դրույքաչափը (նախորդ տարի՝ 21 տոկոս) գրավիչ եղել ռուսների համար։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ երկրում եկամտահարկի դրույքաչափը կազմում է 20 տոկոս, ճիշտ այնքան, որքան հիմա Հայաստանում է։
Ղազախստանում ռեզիդենտները վճարում են 10 տոկոս եկամտային հարկ, ոչ ռեզիդենտները՝ 20 տոկոս։
Սերբիայում ևս, ինչպես Ղազախստանում, ռեզիդենտները պետությանը վճարում են 10 տոկոս, իսկ ոչ ռեզիդենտները՝ 20 տոկոս եկամտահարկ։
Թուրքիայում գործում է պրոգրեսիվ եկամտային հարկման սկզբունքը։ Այսինքն, եկամտի աճին զուգահեռ՝ աճում է նաև վճարվող եկամտահարկը։ Այն կազմում է 15%-ից մինչև 40%։
Համեմատության համար նշենք, որ տարեկան մինչև մոտ 1800 դոլար աշխատավարձ ստացողի եկամտահարկը Թուրքիայում կազմում է 15%, իսկ 49,000 դոլարից բարձր աշխատավարձ ստացողի եկամտահարկը՝ 40 տոկոս։
Իսրայելում ևս գործում է եկամտահարկի պրոգրեսիվ ենթատեսակը։ Այն սկսվում է 10 տոկոսից և կախված եկամտի չափից՝ կարող է հասնել մինչև 50%-ի։
Հայաստանում, ինչպես նշեցինք, 2020 թվականից պրոգրեսիվ եկամտահարկից անցում էր կատարվել համահարթ հարկմանը, ըստ որի՝ 2020 թվականին սահմանվել էր 23% եկամտային հարկի դրույքաչափ, որը յուրաքանչյուր տարի նվազելու էր մեկ տոկոսային կետով։ 2023 թվականից սկսած՝ Հայաստանում եկամտային հարկը կազմում է 20%։
Համեմատելով այս երկրները, տեսնում ենք, որ Հայաստանում գործող եկամտահարկի չափը ամենևին էլ ամենացածրը չէ, և չի կարելի վստահաբար պնդել, որ ռուսները Հայաստան են եկել, քանի որ այստեղ գործում է եկամտահարկի ցածր տոկոսադրույք։ Ավելին՝ թվարկված երկրների մի մասում գործող եկամտահարկի դրույքաչափերն ավելի բարձր են, ինչը, սակայն, ռուսաստանցի գաղթականներին հետ չի պահել այդ երկրներ տեղափոխվելու որոշումից։
IT ոլորտի աշխատողների մասին
Նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը հայտարարել էր, որ պատերազմից ի վեր Ռուսաստանը լքել է ՏՏ ոլորտի մոտ 100 հազար մասնագետ։
Նույն The Bell պարբերականը, հղում անելով Complexity Science Hub Vienna հետազոտական կենտրոնի ուսումնասիրություններին, գրում է, որ Ռուսաստանը լքած IT մասնագետների մոտ 10 տոկոսը տեղափոխվել է ԱՄՆ, 7.6 տոկոսը՝ Գերմանիա, 6.2 տոկոսը` Վրաստան, 5.3 տոկոսը` Նիդեռլանդներ, 4.7 տոկոսը՝ Հայաստան։
Քանի որ վարչապետն իր ելույթում մասնավորեցրել է ՏՏ ոլորտի աշխատողների՝ Հայաստան տեղափոխվելու հանգամանքը, ապա պետք է փաստել, որ թեև Հայաստան տեղափոխված մասնագետների և ընկերությունների թիվը բավական մեծ է, սակայն ռուսաստանյան IT-ի համար այլ՝ առավել նախընտրելի երկրներ կան, որտեղ եկամտահարկը Հայաստանի դրույքաչափից բարձր է։
Oրինակ, ԱՄՆ-ում եկամտահարկը կազմում է միջինը 37 տոկոս, Գերմանիայում՝ 14-45 տոկոս, Նիդերլանդներում այն կազմում է 36-52 տոկոս*։
Այսպիսով փաստենք, որ վարչապետի պնդումը, թե ռուսաստանցի գաղթականները կամ IT ոլորտի մասնագետները նախընտրել են Հայաստանը, քանի որ այստեղ եկամտահարկը ցածր է, մանիպուլյատիվ է, քանի որ դիտարկված մի քանի երկրների օրինակով տեսնում ենք, որ ավելի շատ ռուսաստանցիներ ավելի կոշտ հարկային օրենսդրություն առաջարկող երկրներ ևս տեղափոխվում են, իսկ ՏՏ ոլորտի մասնագետների համար ևս Հայաստանը թեև բավական տարածված, բայց ոչ ամենաընդունելի ուղղությունն է։
* Շեշտենք, որ այս նյութով չենք հավակնում բազմակողմանի համեմատություն անցկացնել Հայաստանի և այլ երկրների առանձնահատկությունների միջև, այլ համեմատում ենք երկրներում գործող եկամտահարկի դրույքաչափերը․ ավելի լայն հետազոտություն անելու պարագայում կարելի էր հաշվի առնել մասնավորապես այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում, Գերմանիայում ու Նիդերլանդներում շուկան, մասնավորապես, ՏՏ ոլորտը ավելի մեծ է և ավելի տարողունակ, քան Հայաստանինը, հետևաբար գաղթող ռուսաստանյան ընկերություններն օբյեկտիվորեն ավելի շատ հնարավորություն ունեին «տեղավորվելու» այդ շուկաներում։ Բայց մյուս կողմից, Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են ընդհանուր մաքսային և տնտեսական տարածքում, երկու երկրների միջև վիզային ռեժիմը ազատ է, ռուսների համար չկան լեզվական խնդիրներ և այլն։ Ավելին՝ ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են գալ ներքին անձնագրերով։
Սևադա Ղազարյան