2019 թվականի հունվարի մեկին՝ նոր տարվա առաջին օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների դրական տարբերության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ 2018 թվականին հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20,713։
Սա պարզելու համար մեր թիմը հարցումով դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), որը վերահսկում է սահմանահատումները։ ԱԱԾ-ն, ըստ այդմ, մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ 2018թ․ հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ը Հայաստան է ժամանել 1,906,722 անձ, իսկ մեկնել՝ 1,893,189 անձ։
Այսինքն, ժամանածների և մեկնածների տարբերությունը կազմել է 15,533 անձ կամ՝ Փաշինյանի նշած թվից 5,180-ով պակաս։
Փաստորեն, Փաշինյանի պնդումը, թե 2018 թվականին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել, ճիշտ է, բայց նրա մեջբերած թիվը չի համապատասխանում ԱԱԾ-ի կողմից մեզ տրամադրված թվերին։
Ավելին՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր՝ փետրվարի 5-ին հրապարակված զեկույցում բոլորովին այլ ցուցանիշներ է ներկայացնում 2018-ին Հայաստանից մեկնածների ու ժամանածների վերաբերյալ։ Ըստ զեկույցի, 2018 թվականին սահմանահատումների թիվը եղել է հետևյալը․ մուտքեր՝ 1,980,727, ելքեր՝ 1,974,233։ Այսինքն, ըստ Վիճակագրական կոմիտեի Հայաստան անցած տարի ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել, սակայն այդ թիվը կազմում է ընդամենը 6,494։
Հարկ է, թերևս, նշել, որ տարբեր գերատեսչությունների վիճակագրական տվյալների անհամապատասխանությունը հիմնականում պայմանավորված է տարբեր մեթոդոլոգիաների կիրառմամբ։
Եվ այնուամենայնիվ, լինի ժամանածների և մեկնածների տարբերությունը 20,713, 15,533 կամ 6,494, փաստ է, որ և՛ ԱԱԾ, և՛ ՎԿ ցուցանիշներով 2018 թվականին Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել Հայաստանից։ Իսկ որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ է նշանակում այս ցուցանիշը, ստորև ներկայացնում ենք նախորդ հինգ տարիների տվյալները, որտեղ երևում է, որ մեկնածների ու ժամանածների հարաբերակցությունը մշտապես եղել է բացասական, ընդ որում՝ տասնյակ հազարներով։
Հովհաննես Նազարեթյան