Հունվարի 10-ին Factor TV-ի հետ հարցազրույցի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, ի պատասխան Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների պարտավորությունների մասին հաղորդավարի դիտարկմանը, պնդել է, թե վերջինների վերահսկողության ներքո որևէ «մեկի մատը փուշ չի մտել»։
«Լսե՞լ եք, որ այս միջանցքում, այդ տարածքում որևէ մեկի մատը փուշ մտնի։ Եթե տերմինների հետևից ենք ընկնելու, Ռուսաստանն ունի պատասխան մեզ տալու։ Ամենացավալին այստեղ է, որ երբ որ ես մեկի հետ ուզում եմ գործ բռնեմ ու գիտեմ, որ ինքն իրա համար լեգիտիմ հիմք ա ձևավորելու, որ ասի մի հատ ցույց տուր ո՞ւմ մեքենան ա շուռ եկել, մարդ ա՞ մեռել․․․»,— ասել է Պողոսյանը։
Պողոսյանը ևս մեկ անգամ կրկնում է նույն միտքը հարցազրույցի վերջում՝ պնդելով, որ Ռուսաստանն ապահովել է նշված տարածքի անվտանգությունը։
«Ինքն (ՌԴ-խմբ․) ասում ա՝ ես էսօր ապահովել եմ էնքան, լեգիտիմ իմաստով, որ ոչ մեկի մատը փուշ չի մտել»,- ասել է Պողոսյանը։
Ի պատասխան հաղորդավարի՝ Մարտակերտում խաղաղապահի ներկայությամբ տրակտորի վարորդի սպանության, Խծաբերդում և Հին Թաղերում հայ զինծառայողների գերեվարության մասին հակադարձումներին, Պողոսյանն ասում է․ «Ուրեմս էսքան ա կարողացել»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո անցած Լաչինի միջանցքում արձանագրված միջադեպերն ու պարզեց, որ Պողոսյանի պնդումները սխալ են։
Հարցազրուցավարը հիշեցնում է մի քանի դեպքեր, որոնց ժամանակ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարողացել ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունը կամ կանխել ադրբեջանական հարձակումները։
2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում ադրբեջանական կրակոցից մահացել էր գյուղատնտեսական աշխատանք կատարող Արցախի բնակիչ Արամ Տեփանցը, այդ պահին նրա կողքին տրակտորի մեջ էր նաև ռուս խաղաղապահ՝ բնակչի անվտանգությունն ապահովելու համար։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում «որևէ մեկի մատը փուշ չմտնելուն», ապա նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու օր անց՝ նոյեմբերի 11-ին, «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը գերեվարվեցին ադրբեջանցիների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհին, Արցախ ուղևորվելիս։ Այս մասին հայտնի դարձավ ավելի ուշ, երբ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից մեկում Սուջյանի հարազատները ճանաչեցին նրան։
Բացի Լաչինի միջանցքում ՀՀ 2 քաղաքացու գերեվարման դեպքից, ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում, ադրբեջանական զինված ուժերը 2021 թվականի նոյեմբերի 8-ին կրակել էին ջրատար խողովակների նորոգման աշխատանք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ նրանցից մեկը մահացել էր, 3-ը՝ ստացել հրազենային վիրավորում։ Այս մասին հայտարարել էին և՛ Արցախի ԱԱԾ-ն, և՛ Ռուսաստանի ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցում է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Այսպիսով, Թևան Պողոսյանի այն պնդումը, թե Լաչինի միջանցքում կամ ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող այլ հատվածներում «որևէ մեկի մատը փուշ չի մտել», սխալ է:
Նարեկ Մարտիրոսյան