Հոկտեմբերի 26-ին Փենսիլվանիայում լրագրողների հետ ճեպազրույցում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նույնը օրը հայտարարված հրադադարը պահպանվում է:
Մասնավորապես, լրագրողի հարցին, թե արդյո՞ք հրադադարը պահպանվում է, ԱՄՆ նախագահն ասել է. «Այն պահպանվում է: Հրադադարը պահպանվում է: Լա՞վ»:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8։00-ից հումանիտար հրադադար հաստատելու մասին։
Սա սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր հրադադարի երրորդ փորձն էր։
Սակայն ԱՄՆ նախագահի պնդումը՝ հրադադարի պահպանման մասին, տարակուսելի է։
Հոկտեմբերի 26-ին հրադադարի նշված ժամից կարճ ժամանակ անց թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը արդեն առավոտյան 8։59-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»,- 9:21-ին հայտնեց Ստեփանյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 15։49-ին գրառում արեց՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 26-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ «Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»:
Հրադադարի խախտումների մասին հայտնեցին նաև «Ազատություն» ռադիոկայանի և CivilNet-ի լրագրողները, որոնք այդ պահին գտնվում էին Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում:
Համայնքապետ Կարեն Գասպարյանը լրագրողներին հայտնել էր, որ թեև այդ օրը իրենց գյուղի տարածքում ռումբ չի ընկել, բայց հրետակոծվում են գյուղի շրջակայքը և հարևան համայնքները։
Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղեկությունները, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է, չի համապատասխանում իրականությանը:
Լուսինե Ոսկանյան