Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը, ում նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր տարաբնույթ սկանդալային հայտարարություններով:
Սակայն նոյեմբերի 12-ից սկսած՝ բազմաթիվ հայկական լրատվական կայքեր սկսեցին տարածել տեղեկատվություն, թե իբր Դոնալդ Թրամփը «քիչ առաջ լրագրողներին» ասել է․ «Հայերի հետ բարեկամությունն ինձ համար շատ կարևոր է: Նրանք ինձ աջակցել են ընտրություններում, նրանք իմ բիզնես ընկերներն են և ի վերջո, նրանք խելացի ազգ են: Ես ամեն ինչ անելու եմ Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու համար»:
Քանի որ խնդրահարույց հրապարակումը տարածած կայքերը տեղեկատվության աղբյուրի որևէ հղում չէին տալիս, մենք որոշեցինք որոնել այդ հայտարարությունը համացանցում և գտնել սկզբնաղբյուրը:
Մեծ ջանքեր չպահանջվեց, որպեսզի պարզենք, որ անգլալեզու համացանցում Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի կամ հայերի մասին արված հայտարարության որևէ հետք անգամ չկա:
Տարբեր համադրումներով որոնումները ապարդյուն էին: Միակ վերաբերելի արդյունքը գտանք Youtube-ում, ուր օգտատերերից մեկը հումորիստական (մոնտաժված) տեսանյութ էր հրապարակել, ուր Թրամփի ձայնը փոխված էր հայերենի և վերջինս ժառգոնային հայերենով սատիրիկ խոստումներ էր տալիս Ամերիկայի հայերեին: Սակայն անգամ այդտեղ Թրամփը Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու «խոստում» չէր տալիս:
Հետևապես, կարելի է հիմնավոր պնդել, որ «Հայաստանը ծաղկեցնելու» խոստում տալու մասին հրապարակումները որևէ կապ չունեն իրականության հետ:
Հ.Գ. Հավելենք նաև, որ մենք սովորաբար չենք անդրադառնում նման որակի հրապարակումներին, սակայն վերոնշյալ տեղեկատվությունը սոցցանցերի հայալեզու հատվածում գնալով ավելի մեծ տարածում է ստանում, ուստի անհրաժեշտ ենք համարել համապատասխանաբար արձագանքել։