Հունվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն իր տեղակալների հետ 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ հնչեցրեց ինչպես իրականությանը չհամապատասխանող, այնպես էլ միմյանց հակասող տեղեկություններ:
Տարօրինակ թվաբանություն
Ասուլիսի ընթացքում նախարար Ղազարյանը պնդել է, թե ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը նվազել են՝ համադրելով 2023 և 2024 թվականների առաջին 15 օրվա վիճակագրությունը։
«2023 թվականին ունեցել ենք 168 ճանապարհատրանսպորտային պատահար, համեմատական՝ 2023 և 2024 թվականներին։ Այսօրվա դրությամբ մենք ունենք՝ 2024 թվականին 135 դեպք, այսինքն նվազում ունենք մինուս 41 դեպք»,- ասել է նախարարը։
Ըստ նախարարի հնչեցրած վիճակագրական տվյալների, սակայն, 2024-ի հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ների թիվը չէր կարող նվազել 41 դեպքով, քանի որ ՃՏՊ-ների՝ ընթացիկ տարվա 135 դեպքը նախորդ տարվա 168 դեպքից քիչ է ընդամենը 33 դեպքով։
Նախարարն անդրադառնում է նաև ՃՏՊ-ներում զոհերի և վիրավորների վիճակագրությանը՝ նորից համադրելով 2023 և 2024 թվականների հունվարի առաջին կես ամիսը։ Նա պնդում է, որ եթե նախորդ տարում զոհերի թիվը եղել է 23, իսկ ընթացիկ տարում՝ 5, ապա նվազումը կազմել է 19․ մինչդեռ պարզ մաթեմատիկական գումարում-հանման դեպքում զոհերի թվի նվազումը կկազմի 18։
Նախարարը սխալվում է նաև վիրավորների վիճակագրական տվյալների դեպքում․ ըստ նրա՝ եթե նախորդ տարվա հունվարի առաջին կեսում գրանցված ՃՏՊ-ներում վիրավորների թիվը եղել է 256, իսկ 2024-ին՝ 223, ապա թիվը նվազել է 61-ով, մինչդեռ նվազումը կազմում է 33։
Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ ՃՏՊ-ների վիճակագրության դրական կամ բացասական դինամիկայի վերաբերյալ պնդումների համար կես ամսվա կտրվածքը բավարար ժամանակահատված չէ․ հետևաբար, դրա վրա հիմնվելով ՃՏՊ-ների թվի դրական դինամիկայի մասին պնդումներն անհիմն են ու մանիպուլյատիվ։ Ավելի վաղ նման պնդումներ էր արել նաև Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, որը Հանրային հեռուստատեսության եթերում համեմատել էր առանձին վերցրած 1․5 ամսվա տվյալներ:
Իրականում, համաձայն ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հայտնած տվյալների, 2023 թվականի 11 ամիսներին (12 ամսվա պատկերը դեռևս ամփոփված չէ), 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ՃՏՊ-ների թիվն աճել է 258-ով, դրանց հետևանքով զոհերինը՝ 52-ով, իսկ վիրավորներինը՝ 340-ով։
Արդյո՞ք պարեկները ծանրաբեռնված չեն կողմնակի գործառույթներով
Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև Պարեկային ծառայությանը կողմնակի՝ իրենց պարտավորությունների շրջանակից դուրս գտնվող գործառույթներով ծանրաբեռնելու վերաբերյալ լրագրողի հարցին։
«Պարեկները կատարում են՝ ինչ իրենց նախատեսված է գործառույթային պարտավորություններով, չկա այլ․․․ Ուղեկցումների հետ կապված, մենք ունենք ուղեկցող վաշտ, որը հիմնականում ինքն է կատարում»,- ասել է ՆԳ նախարարը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ավելի վաղ ծավալուն հոդվածով անդրադարձել էր Պարեկային ծառայությանը կանոնադրությամբ չնախատեսված գործառույթների և ծառայության ձևերի մեջ ներգրավվելուն: |
Օրինակ՝ պարեկներին վերագրվող գործառույթներում ուղեկցումը նշված չէ, սակայն, փաստացի, պարեկները կատարում են դա․ ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային գումարտակներում պարեկները պարբերաբար կատարում են բարձրաստիճան պաշտոնյաների (հիմնականում՝ ՀՀ Վարչապետի) ուղեկցման գործառույթներ։
Կազմակերպությունը ֆիքսել է դեպք նաև, երբ Պարեկային ծառայության ավտոմեքենան Պաշտպանության նախարարության մարդատար ավտոմեքենան էր ուղեկցում: ՀԿ-ի հարցմանը, թե ծառայության կանոնադրության այդ ո՞ր կետով սահմանված գործառույթն էր իրականացնում պարեկային ավտոմեքենան, լիազոր մարմնից պատասխանել էին, որ ուղեկցման գործառույթը նույնացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթներին։
Պարեկներին ծառայությանը կանոնադրությամբ չնախատեսված այլ ձևերի մեջ ներգրավելու մասին կարդացեք «Պարեկային ծառայությունը ծանրաբեռնվում է կողմնակի գործառույթներով» հրապարակումը։ |
Այսպիսով, նախարարի հավաստիացումները, թե ծառայությանը չեն վերագրվում կանոնադրությամբ վերապահվածից դուրս գործառույթներ, չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան