Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ողջ ընթացքում և դրանից առաջ՝ մի քանի ամիս շարունակ Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան ուղղությամբ ռազմական բեռներ էին տեղափոխվում։ Այս օրերին Իսրայելից Ադրբեջան զենքերի տեղափոխության փաստը քննարկումների և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել վերջին ամիսներին Իսրայելից Ադրբեջան ռազմական տեխնիկա փոխադրող ընկերության թռիչքները։
Silk Way West-ի թռիչքները
Ըստ Flightradar24.com կայքի՝ սեպտեմբերի 29-ին՝ Հայաստանի ժամանակով մոտ 12։20 րոպեին, Ադրբեջանի նախագահին պատկանող Silk Way West ընկերության՝ ռազմական բեռներ փոխադրող Ilyushin IL-76TD-90VD (4K-AZ101 հաշվառման համարով) ինքնաթիռը Իսրայելի Էյլաթ օդանավակայանից ուղևորվել է Թուրքիա։ Նույն օրը՝ երեկոյան ժամը 9-ի մոտակայքում, նույն ինքնաթիռը մեկնել է Բաքու։ Թռիչքի հետագիծը աղբյուրում ավարտվում է Թուրքիայի տարածքում, սակայն Բաքու հասնելը ապացուցում է նույն ինքնաթիռի Բաքու-Անկարա թռիչքը սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ի մոտակայքում։ Սեպտեմբերի 30-ին նույն ինքնաթիռն Անկարայից վերադարձել է Բաքու։
Ադրբեջանական Silk Way-ը մասնավոր բեռնատար ավիաընկերություն է։ Այն Ալիև ընտանիքի ավիացիոն բիզնեսի՝ Silk Way Group-ի մաս կազմող կազմակերպություն է։ Այս կազմակերպության՝ Ալիևների ընտանիքի հետ կապի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության հետ կնքված պայմանագրերի մասին մեծածավալ հետաքննություն էր հրապարակել OCCRP-ն։
Նույն՝ 4K-AZ101 հաշվառման համարով «Իլյուշինը» սեպտեմբերի 24-ին թռիչք է իրականացրել Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել, ապա՝ հակառակ ուղղությամբ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, ևս նույն ուղղությամբ թռիչքներ էր իրականացրել 4K-AZ40 հաշվառման համարով ինքնաթիռը։
Սեպտեմբերի երեքին 4K-AZ41 հաշվառման համարով «Իլյուշինը» Իսրայելից Բաքու ուղիղ չվերթ է իրականացրել։
Տավուշյան մարտերից հետո՝ հուլիսի 16-ին, կրկին Էյլաթ-Բաքու ուղիղ չվերթով Իսրայելը, ամենայն հավանականությամբ, զենք է մատակարարել Բաքու։ Նման թռիչքներ եղել են նաև հուլիսի 28-ին և օգոստոսի 1-ին։ Օգոստոսի 5-ից սկսած թռիչքները եղել են Թուրքիայի տարածքով։ Թռիչքներ եղել են նաև օգոստոսի 9-ին և սեպտեմբերի 2-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ամերիկյան axios.com կայքին տված հարցազրույցում փորձել է հերքել Իսրայելից զենք ստանալու մասին տեղեկությունները՝ նշելով, որ ադրբեջանական «Իլյուշինները» զենք չեն փոխադրում, այլ հնարավոր է առևտրային նպատակներով են թռչում։ Ըստ նրա, ռուսական արտադրության, ծանր տեխնիկա փոխադրող ինքնաթիռներով, հնարավոր է, «միրգ և բանջարեղեն» են տեղափոխում։
Ինչպես նշվեց, այս ինքնաթիռներն Ադրբեջան ուղևորվում են Իսրայելի հարավում գտնվող «Էյլաթ» օդանավակայանից, որի շրջակայքում ռազմական նշանակության մի քանի կառույցներ կան, ոչ հեռվում նաև Էյլաթի ռազմաբազան է։
Իսրայելի ներդրումը թուրք-ադրբեջանական արսենալում
Վերջին տարիներին Իսրայելը Ադրբեջան զենք մատակարարող հիմնական երկրներից է դարձել։ Դեռ 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք Իսրայելից 5 միլիարդ դոլարի զենք և զինամթերք են գնել։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ 2013-17 թթ. Ադրբեջանն իր զենքի 30 տոկոսը ձեռք է բերել Իսրայելից։ Այդ տոկոսը 2015-19 թվականներին կրկնապատկվել և հասել է 60 տոկոսի։ Ադրբեջանի օդուժում են, օրինակ, իսրայելական արտադրության «Հերմես», «Օրբիտեր», IAI Heron և այլ տեսակների ԱԹՍ-ներ։
Անի Ավետիսյան