Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր համացանցում և լրատվամիջոցներում տարածվեցին բազմաթիվ կեղծ լուրեր և դավադրապաշտական տեսություններ այդ հիվանդության վերաբերյալ: Դրանց մեծ մասը հայտնվեց նաև հայկական մեդիայում և մինչև այսօր շարունակում է տարածվել:
«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է COVID-19-ի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ ամենատարածված միֆերը:
Միֆ N1․ Կորոնավիրուսը մարդածին հիվանդություն է
Չկա որևէ ապացույց, որ կորոնավիրուսը ստեղծել են մարդիկ: Կորոնավիրուսներն առաջանում են կենդանիների օրգանիզմում և պատճառ են դառնում հիվանդության, սակայն երբեմն դրանք կարող են փոխանցվել կենդանուց մարդուն: Նոր կորոնավիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչև 2020 թ. համավարակը չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակ հայտարարվելուց հետո բազմաթիվ դավադրապաշտական տեսություններ շրջանառվեցին հիվանդության ծագման մասին, այդ թվում՝ որ հիվանդությունը ստեղծվել է գիտնականների կողմից լաբորատորիաներում: Այդ պնդումները, սակայն, բազմիցս հերքվել են փաստեր ստուգողների կողմից:
Միֆ N2․ Կորոնավիրուսից մահանում են միայն ծերերը
Կորոնավիրուսը կարող է ծանր հետևանքներ ունենալ բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար: Հատկանշական է, որ հիվանդությունն ավելի ծանր են տանում այն անձինք, որոնք ունեն առողջական այլ խնդիրներ:
Բացի այդ, 2021 թ. հուլիսից հայտնաբերված կորոնավիրուսի դելտա շտամը առանձնանում է տարածման ավելի արագ տեմպերով: Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունը ցույց է տվել, որ 2.5 անգամ ավելի հավանական է, որ երեխաները և մինչև 50 տարեկան մեծահասակները վարակվեն հենց դելտա շտամով: Բազմաթիվ են դեպքերը, երբ երիտասարդների մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում:
Միֆ N3․ Հակաբիոտիկները բուժում և կանխարգելում են կորոնավիրուսը
Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա: Դրանք ստեղծվել են բակտերիաների դեմ պայքարելու համար:
Այնուհանդերձ, հիվանդության ծանր ընթացքի կամ հոսպիտալացվելու դեպքում բժիշկները կարող են նշանակել հակաբիոտիկներ, որովհետև միաժամանակյա բակտերիալ վարակումը ևս հնարավոր է:
Միֆ N4․ Ալկոհոլը նվազեցնում է հիվանդանալու ռիսկը
Ալկոհոլը չի օգնում կորոնավիրուսի դեմ պայքարում: Ճիշտ հակառակը՝ այն կարող է ավելի խոցելի դարձնել մարդուն, այդ թվում՝ կորոնավիրուսի առաջ: Մասնավորապես, ալկոհոլը վնասում է օրգանիզմի իմունային համակարգը և մեծացնում առողջական անբարենպաստ հետևանքների վտանգը: Հետևաբար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը հատկապես COVID-19-ի համաճարակի ժամանակ։
Միֆ N5․ Սխտորը պաշտպանում է կորոնավիրուսով վարակվելուց
Որևէ գիտական հետազոտություն չկա, որ սխտոր ուտելը պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսից: Այն համարվում է օգտակար սննդամթերք, սակայն COVID-19-ի դեմ նրա ազդեցությունը հիմնավորված չէ:
Լուսինե Ոսկանյան