Մարտի 15-ից 17-ը Բաքվում ընթացող 6-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով հասցրել է ղարաբաղյան հակամարտության մասին ապատեղեկատվություններ տարածել։
Այցի շրջանակներում Յըլդըրըմը հարցազրույցներ է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Մասնավորապես, «ԱԶ» հեռուստաընկերության հետ մարտի 14-ի հարցազրույցում նա հայտարարել է, որ «ՄԱԿ-ը և մյուս բոլոր կազմակերպությունները (միջազգային) ընդունում են, որ Հայաստանը սխալ է»։ Ավելին, APA լրատվական գործակալությանը Յըլդըրըմը հայտարարել է, որ բոլոր ազգերը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությունը և ԵԱՀԿ-ն, ճանաչում են Ադրբեջանի արդար դիրքորոշումը այս հարցում։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արցախյան հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների միակ միջնորդն է։ Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական դիրքորոշման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա՝ խաղաղ ճանապարհով։
ՄԱԿ-ն իր հերթին ամենաբարձր մակարդակով բազմիցս նշել է, որ կազմակերպությունն աջակցում է ԵԱՀԿ Միսնկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նմանատիպ դիրքորոշում ունի նաև Եվրամիությունը։ Փաստորեն, տարածաշրջանում գործունեություն ծավալող ամենախոշոր միջազգային կազմակերպություններն ունեն հստակ չեզոք դիրքորոշում արցախյան հակամարտության հարցում։
Հետևաբար, Թուրքիայի վարչապետի վերոնշյալ հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև հերթական անգամ ի ցույց են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի կողմնակալ դիրքորոշումը արցախյան հակամարտության կարգավորման հարցում։