Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 9-ին ներխուժեցին Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ տարածքներ, որոնք գտնվում են (էին) քրդական ջոկատների վերահսկողության տակ։ Մի քանի օրվա մեջ ՄԱԿ-ը հայտարարեց հարյուր հազար մարդկանց փախստական դառնալու մասին։ Միաժամանակ, արդեն տեղեկություններ կան քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:
Հայկական սոցցանցերի արձագանքը
Թուրքիայի գործողությունները լայն արձագանք ստացան սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայկական տիրույթում։ Վերջին օրերի թուրքական գործողություններին վերագրվող տասնյակ լուսանկարներ սկսեցին շրջանառվել հայկական Ֆեյսբուքում՝ ապահովելով հազարավոր դիտումներ ու հավանումներ։ Դրանց կից գրառումներում օգտատերերը համեմատություններ են անում քրդերի դեմ իրականացվող գործողությունների և հայոց ցեղասպանության միջև։
Սակայն տարածվող լուսանկարների գերակշռող մասը հին են և որևէ կապ չունեն հոկտեմբերի 9-ին մեկնարկած թուրքական ներխուժման հետ։
Այսպես, մոտ 43,000 հետևորդ ունեցող VEnews էջը մի շարք նկարներ է հրապարակել, որոնք հազարավոր մարդիկ հավանել (like) և տարածել են (share)։ 1975-ին հարյուր հազարավոր մարոկկացիների կողմից իրականացված «Կանաչ երթի» լուսանկարը ներկայացվում է «Սիրիա 2019 հոկտեմբեր … Նման է չ՞է 1915-ին⁉» գրությամբ։ Սրան Fip.am-ն արդեն առանձին անդրադարձել էր։ Հենց այս նկարն ամենաշատ տարածումը ստացավ այս օրերին։ Նույն լուսանկարը հրապարակվել է նաև asekose.am կայքի ֆեյսբուքյան էջում և տարածվել 1,800 անգամ։
VEnews-ի կողմից հրապարակված հաջորդ նկարում պատկերված է տղա երեխա՝ արցունքները երեսին։ Գրությունը հետևյալն է. «Թուրքիան ռմբակոծում է Սիրիայի հյուսիսը‼ Սիրիացի այս փոքրիկի լուսանկարն արվել է այս օրերին‼ Թուրքը մնում է թուրք‼»։
Նկարն իրականում արվել է 2017-ի մարտին և կրկին կապ չունի այս օրերի թուրքական ներխուժման հետ։ Նկարում պատկերված է «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքից գաղթած երեխա։
Նույն էջի մեկ այլ հրապարակում էլ ներկայացնում է մի քանի երեխաների՝ «Սիրիայի անմեղ երեխաները‼ Թուրքը մնում է թուրք…» գրությամբ։
Այս հրապարակման մեջ զետեղված նկարներից առաջինն արվել է դեռ 2016-ի նոյեմբերին՝ Հալեպում։ Երկրորդ նկարն արվել է 2016-ի ապրիլին՝ Իդլիբում։ Երրորդ նկարի մասին արդեն նշեցինք վերևում։ Իսկ չորրորդում պատկերված է 2012-ի հոկտեմբերին Հորդանանում փախստականների ճամբարում լուսանկարված սիրիացի մի աղջիկ։
Asekose.am-ի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 13-ին զետեղվել է մի լուսանկար, որում պատկերված է զինվոր, որի հրացանը ուղղված է երեխայի ուղղությամբ։ Երեխայի ձեռքին պատառաքաղ է, իսկ նրա ետևում մի տարեց կին, որի դեմքը չի երևում։
Մեզ չհաջողվեց պարզել լուսանկարի սկզբնաղբյուրը կամ, ընդհանրապես, իսկությունը։ Որոշ աղբյուրների կողմից այն ներկայացվում է որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից պատկեր։ Այն առնվազն երեք տարվա հնության է, այսինքն՝ կապ չի կարող ունենալ վերջին օրերի թուրքական ներխուժման հետ։
Մեկ այլ լուսանկար, որը տեղադրվել է առնվազն երեք տարբեր ֆեյսբուքյան էջերի կողմից՝ Ուղեցույց հեռուստաալիք, Armenian news և Առաջին ինֆո, տարածվել է հարյուրավոր մարդկանց կողմից։ Երեքն էլ նույն գրությամբ են հրապարակել նկարը՝ «11.10.2019 Սիրիա… Թուրքիան պատմություն չունի, այն միայն հանցավոր անցյալ ու ներկա ունի…»։
Փոքրիկ տղայի նկարը իրականում Եմենից է և արվել է 2015-ին։
VEnews-ը հոկտեմբերի 13-ին YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, «18+ թուրքական զինվորականները սպանում են սիրիացի կնոջը» գլխագրով, որում երևում է, թե ինչպես է թուրքական դրոշով զրահամեքենան վրաերթի ենթարկում մի ծեր կնոջ։ Տեսանյութը երկու օրում հավաքել է մոտ 37,000 դիտում։ Իրականում տեսանյութը նկարահանվել է 2017 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում։
Ստորև ներկայացնում ենք հոկտեմբերի 9-ին մեկնարկած թուրքական ներխուժման իրական լուսանկարներ՝ Al Jazeera և Yahoo կայքերից։
Հովհաննես Նազարեթյան