Հայկական լրատվամիջոցները հուլիսի 28-ին, հղում անելով ադրբեջանական կայքերին, գրել էին, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Բաքվում հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ համատեղ թյուրքական բանակ ստեղծել։
Ադրբեջանական Minval.az կայքին հղում տալով՝ Tert.am-ը գրել էր՝ «Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մտադրության մասին», իսկ Factor.am-ը մանրամասնել՝ բանակցություններ են ընթանում համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։
«Սպուտնիկ Ադրբեջանին» հղում անելով՝ News.am կայքը ևս գրել էր համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին։
«Սպուտնիկ Ադրբեջան» կայքը, սակայն, ավելի ուշ թարմացրեց հոդվածը՝ նշելով, որ Մուստաֆա Շենթոփը նման հայտարարություն չի արել։ «Սպուտնիկ Ադրբեջանը», հերքելով այդ տեղեկությունը, նշել էր, որ սխալմունքի սկզբնաղբյուրը Oxu.Az գործակալությունն էր, որը սխալ էր թարգմանել խոսնակի խոսքը։
Ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը
«Սպուտնիկ Ադրբեջանը» բառացի ներկայացրել է մամուլի ասուլիսի ժամանակ Մուստաֆա Շենթոփի խոսքերը։ Վերջինս, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կստեղծվի միավորված թյուրքական բանակ, ասել է, որ մինչ այժմ համաձայնագրերի շրջանակներում երկու երկրների համատեղ զորավարժություններ են անցկացվում:
«Համատեղ միջոցառումներ են նախատեսվում նաև ռազմական համագործակցության ոլորտում: Այս համաձայնագրերի շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեր հիմնական կարգախոսն է՝ «մեկ ազգ, երկու պետություն»: Դրա շուրջ շատ բանակցություններ և համաձայնություններ են կայացել»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը՝ որևէ կերպ չակնարկելով թյուրքական բանակի ստեղծման մտադրության մասին։
Ավելի ուշ ադրբեջանական Minval.az-ը ևս թարմացրել է հոդվածը՝ նշելով, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի կողմից համատեղ բանակ ստեղծելու մասին խոսք չի եղել, այլ նշվել է, որ միայն համատեղ զորավարժություններն են անցկացվում:
Ի տարբերություն ադրբեջանական կայքերի՝ հայկական լրատվամիջոցները դեռևս չեն հերքել իրենց տարածած տեղեկությունը:
Նելլի Լազարյան