Ռեպորտաժում, անդրադառնալով Լեհաստանի Կրիննիցա Զրդույ քաղաքում սեպտեմբերի 3-4-ը կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավերի մերժմանը, լրատվականը հեռուստադիտողի մոտ տպավորություն է ստեղծում, որ վարչապետի խոսնակը և Արտաքին գործերի նախարարությունը միմյանց հակասող հայտարարություններ են արել։
«…Վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, թե հրավեր չի էլ եղել, սակայն արտգործնախարարությունում ասում են, որ հրավեր, այնուամենայնիվ, եղել է»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում (0:33-0:39)։
Եվ իրոք, օգոստոսի 28-ին արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում, նշելով, որ տնտեսական համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել էր նաև ՀՀ վարչապետին և հայտնել էր, որ Հայաստանը չի հաստատել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում հրավերի փաստը հաստատել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ապա վերջինս «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հստակեցրեց, որ խոսքը գնում է Լեհաստանում սեպտեմբերին տեղի ունեցող երկու տարբեր միջոցառումների մասին՝ տնտեսական համաժողովի և Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումների։ Եվ Նիկոլ Փաշինյանը չի ստացել հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր։
Այսպիսով, «Հայլուր» լրատվականի ձևակերպումը, թե «վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, թե հրավեր չի էլ եղել, սակայն արտգործնախարարությունում ասում են, որ հրավեր, այնուամենայնիվ, եղել է», մանիպուլյատիվ է, քանի որ խոսքը գնում է երկու տարբեր միջոցառումների վերաբերյալ։